Պարզ թվաբանություն
Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը տնտեսագիտություն չգիտի, չգիտի քաղաքագիտություն կամ պատմագիտություն եւ ընդհանրապես հեռու է ցանկացած գիտությունից ու խորշում է գիտելիքից, գիտելիք կրողներից, նրա համար ավելի հեշտ ու դյուրին է շփվել տգետների հետ՝ որպես առավել հնազանդ ու կառավարելի զանգվածի: Բայց մի բանում նրան չես կասկածի` թվաբանության իմացության մեջ: Նա իր գործունեությամբ ցույց է տալիս, որ միայն պարզ մաթեմատիկայի իմացությամբ էլ կարելի է կառավարել երկիրը, ընդ որում` տնտեսելով:
Ի՞նչ էին անում նախկին իշխանությունները վերարտադրվելու, իրենց իշխանությունը պահելու համար: Սկզբում բռնի ուժով կեղծում էին ընտրությունները` քվեատուփ էին գողանում, քվեատուփերի մեջ լցոնումներ անում, քվեարկության հաշվարկի ժամանակ անջատում էին հոսանքը եւ մութ սենյակում փոխում էին քվեաթերթիկները, փոխում արձանագրությունները: Բայց դա բերում էր դժգոհության, հասարակությունն ընդվզում էր, մարդիկ ասում էին` ինչպե՞ս եղավ, որ մենք ընտրեցինք մի մարդու, մի կուսակցության, իսկ ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվեց ուրիշը: Ընթացքում իշխանությունը որոշեց գնալ այլ ճանապարհով` ավելի ցիվիլ դարձնել ընտրակեղծարարությունը, դրան մասնակից դարձնել ամբողջ հասարակությանը: Եվ իշխանությունը սկսեց տոտալ փող բաժանել մարդկանց, ընդ որում՝ բաժանում էին ոչ միայն իշխանական կուսակցությունները եւ թեկնածուները, այլեւ կիսաիշխանականները, կիսաընդդիմադիրները, նույնիսկ թունդ ընդդիմադիրները: Փող բաժանողներից յուրաքանչյուրն ասում էր` բոլորից փող վերցրեք, բայց գնացեք մեզ ընտրեք: Մարդիկ այդպես էլ անում էին. փող էին վերցնում` ումից կարողանում էին, շատ դեպքերում նույնիսկ չմասնակցելով քվեարկությանը, որ ոչ մեկին չնեղացնեն: Լինում էին դեպքեր, երբ նույն մարդը փող էր վերցնում 3-4 թեկնածուից եւ կուսակցությունից: Սա լուծեց ընդվզման հարցը. ամբողջ հասարակությունը թաթախված էր ընտրակեղծարարության, ձայն առնել-ծախելու մեջ, եւ ոչ ոք չէր բողոքում, թե ինչու իր ձայնը տեղ չհասավ, ինչու իրենք ընտրեցին մեկին, բայց հաղթեց ուրիշը, որովհետեւ իր ձայնը ծախած մարդը չի բողոքում, չի ընդվզում: Դրանով էր պայմանավորված, որ 2010 թվականից հետո տեղի ունեցած ընտրությունները չէին ուղեկցվում մասսայական բողոքի ակցիաներով եւ ընդվզմամբ, հանրային գիտակցության մեջ արմատացել էր այն միտքը, որ իշխանությունն առել է հասարակությանը եւ նրա քվեն, ո՞վ ում դեմ բողոքի կամ՝ ինչի՞ համար:
Փաշինյանը գնաց այլ ճանապարհով. նա որոշեց գնալ միջոցների տնտեսման ճանապարհով, ստանալով նույն արդյունքը․ պահել իշխանությունը՝ չունենալով հանրային աջակցություն եւ վստահություն: Ոչ թե այն պատճառով, որ դեմ էր ընտրողներին կաշառելուն կամ ձայներ գնելուն, այլ որովհետեւ չի ուզում փող ծախսել եւ իր կարծիքով գտել է ընտրությունների ելքը որոշելու ավելի հեշտ ու ֆինանսապես քիչ ծախսատար մեթոդ: Ընտրողներին տոտալ գնելու համար տասնյակ եւ հարյուր միլիոնավոր դոլարներ է պետք, իսկ 1-2 թեկնածու գնելու համար կարելի է անհամեմատ քիչ գումար ծախսել: Օրինակ, Ալավերդիում որքա՞ն գումար ծախսեց իշխանությունն «Ապրելու երկիր» կուսակցության անդամին գնելու եւ փաստացի ՔՊ-ական դարձնելու համար: Հաստատ՝ ավելի քիչ, քան եթե ՔՊ-ն որոշեր փողով գնել բոլոր ալավերդցի ընտրողների քվեն: Որքա՞ն ՔՊ-ն փող ծախսեց, որ գնի «Հանրային ձայն» կուսակցության 2 անդամին, որ նրանք դառնան ՔՊ փաստացի անդամ եւ ապահովեն քվորում Երեւանի ավագանու նիստերի ժամանակ: Գուցե մի քանի տասնյակ, հարյուր կամ հազար դոլար, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում համընդհանուր ընտրակաշառք բաժանելու եւ ՔՊ-ի համար ցանկալի արդյունք ապահովելու համար պետք կլիներ մի քանի հարյուր միլիոն ծախսել: Ինչու ծախսել մի քանի հարյուր միլիոն դոլար, եթե կարելի է դրա 0,1 տոկոսով հասնել նույն արդյունքին: Մանավանդ որ որեւէ ռիսկ սրա մեջ չկա:
Փաշինյանի հաշվարկը պարզ էլ չէ, այլ՝ պրիմիտիվ. ինքը վարչական ու քրեական ռեսուրսով կարող է ապահովել 30 տոկոս, որեւէ մեկը դրանից շատ չունի: Պակասող ձայները կարելի է առնել. «Հանրապետություն» կուսակցությանն առան կոալիցիայի անդամ դարձնելով եւ մի քանի պաշտոն տալով, «Հանրային ձայնի» անդամներին առան...
Մի՞թե Փաշինյանն այնքան հանճարեղ է, որ ինքը գտավ այս լուծումը, նախկին իշխանությունների մտքով չէ՞ր անցել, որ կարելի է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներից մեկին կամ մի քանիսին առնել, թե՞ այն ժամանակ ընդդիմադիրներն էին ավելի ամուր եւ սկզբունքային, որ չէին տրվում իշխանության կողմից իրենց գայթակղելու եւ առնելու փորձերին, իսկ ներկա ընդդիմադիրները փողով պատրաստ են ամեն ինչի: Ամենեւին ոչ: Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ավելի մեծ խայտառակություն է, քան հասարակությանը փող բաժանելը եւ հանրային կարծիք գնելը: Երբ դու գնում ես հանրային կարծիքը` վատ է, խայտառակություն է, բայց, ի վերջո, դա հասարակության հարցն է` թող չվաճառվի, բայց երբ դու կեղծում ես հանրային կարծիքը, երբ հանրությունը ձայն է տալիս մի ուժի, իսկ դու գնում ես այդ ուժի ներկայացուցիչներին, գործարք կնքելով հանրության թիկունքում, դա խայտառակություն չէ, այլ հանցագործություն է: Որովհետեւ երբ հասարակությունն ինքն է վաճառվում, ինքն էլ պատասխանատու է իր ընտրության համար, նա ոչ մեկից չի բողոքում, որ իր քվեն կեղծվեց, որ իր կարծիքը հաշվի չառան, ի վերջո հույս կա, որ ինչ-որ պահի հասարակությունը, զգալով, որ գնացել է սխալ ճանապարհով, կդադարի մասնակից լինել նման գործարքին, բայց երբ դու գնում ես քաղաքական ուժին, ում ձայն է տվել հասարակությունը, դու վերացնում ես ընտրական ինստիտուտն ընդհանրապես: Մարդիկ հաջորդ ընտրությունների ժամանակ ասելու են` ի՞նչ իմաստ ունի ընտրել «Ապրելու երկրին», Մամիկոն Ասլանյանին կամ մեկ այլ ուժի, եթե Փաշինյանը, ի վերջո, փողով առնելու է նրանց, ինչո՞ւ մասնակցել մի գործընթացի, որի վրա ազդեցություն չունեն: Նախկին իշխանությունները նման բան չէին անում, նաեւ զգուշանալով միջազգային արձագանքից, քանի որ նման հանցագործությունը կարժանանար միջազգային շատ կոշտ քննադատության: Այդ կառույցները կասեին, որ սա քաղաքական կոռուպցիայի դասական եւ լկտի դրսեւորում է, երբ իշխանությունը մասսայաբար գնում է իր ընդդիմախոսներին՝ չունենալով մեծամասնություն եւ դա ձեւավորելով իրեն մերժած ուժերի հաշվին: Բայց Փաշինյանը նման մտահոգություն եւս չունի. նա Արեւմուտքի սիրելին է, գտնվում է արեւմտյան ուժերի, ինստիտուտների պաշտպանության տակ, եւ նրան ամեն ինչ թույլատրելի է, այդ թվում եւ՝ քաղաքական կոռուպցիա:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ