Ինչ է լինելու ՍԴ ուղարկված Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի հետ

Ինչ է լինելու ՍԴ ուղարկված Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի հետ

Փետրվարի 7-ին Հանրապետության նախագահը չստորագրեց Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ ընդունած օրենքի նախագիծը և դրա սահմանադրականությունը պարզելու համար դիմեց  ՍԴ։ Հիմա, երբ, փաստորեն, ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեով  դրված է ՍԴ 7 հոգանոց կազմը, (բացի երկու հոգուց՝ Վահե Գրիգորյանից ու Արման Դիլանյանից) հեռացնելու հարցը,  օրենքի նախագիծն առկախված է։

Ակնհայտ է, որ ՍԴ -ն այս կազմով չի հասցնի քննարկել նախագիծը  և որ դա կանի նոր Սահմանդրական դատարանը։ Եթե  օրենքն ընդւոնվի այս տեսքով, ապա  տնտեսագետների հիմնական մասի գնահատմամբ, դա կդառնա  մեր  տնտեսության դագաղին խփված վերջին մեխը։ Ի վերջո, եթե հիշում ենք, Արմեն Սարգսյանի աշխատակազմից այս օրենքը չստորագրելը պայմանավորել էին Նախագահի  հետ հանդիպումներում բանկային համակարգի, իրավաբանական հանրության, գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայկական և օտարերկրյա ներդրողների հայտնած մտահագություններով։

Ըստ այդմ՝ Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը իրավապահներին հնարավորություն է տալիս ստանալ ոչ միայն այս կամ այն մեղադրյալների և կասկածյալների մասին բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալներ, «բայց միայն դատարանի որոշմամբ ու գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությամբ»։  Հիմանական նպատակը, արագացված քրեական դատավարություններն են։Տնտեսագետների հիմնական մասը,  այս թվում, խորհրդարանական ընդդիմությունն այն կարծիքին է, որ նման օրենքները որևէ կերպ չեն կարող որևէ երկրում լավացնել  ներդրումային աուրան։

Իհարկե, գտնվեցին նաև տնտեսագետներ, այդ թվում՝ ՀՀ ԿԲ առաջին նախագահ Բագրատ Ասատրյանը, ովքեր ապշեցուցիչ արդարացումներ բերեցին հօգուտ դրակոնյան այս նախագծի։ Կենտրոնական բանկի առաջին նախագահը կարծիք էր հայտնել, թե բանկային գաղտնիքը, էդ երևույթն արդեն դարձել է մշակույթ, որը մեր հասարակությունը այսպես , թե այնպես  տիրապետում է։

Պաշտոնական տվյալներով՝ ռեալ սեկտորում ներդրումները կազմում են 68 միլիոն դոլար։ Սա տնտեսության մեջ զրոյական թիվ է։ Ի դեպ, դրանից միայն  10 միլիոն դոլարը կազմում է մոսկվաբնակ Սամվել Կարապետյանի Երևանի կենտրոնում կառուցած  Seasons համալիրը։

 Իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ խոշոր ու միջին նախագծերը սառեցված են ամեն ինչ քաղաքական փոփոխություններով պայմանավորող այս իշխանության որդեգրած քաղաքականության արդյունքում։

Պատահական չէ, որ Երևանի քաղաքի կենտրոնում գտնվող 5 -աստղանի հյուրանոցներից մեկը, որը տարեկան 1․6 միլիոն դոլարի շահույթ է ապահովում, այսօր իր վաճառքի  գինը 30 միլիոն դոլարից պակասեցրել, հասցրել է 15-ի ու որևէ մեկը հյուրանոցին մոտ չի գալիս։ Սա որևէ մեկին հետաքրքիր չէ։ Կարելի է պատկերացնել, թե սույն հյուրանոցի համար 2 տարի առաջ ինչպիսի պայքար կընթանար տեղական օլիգարխների միջև։

Տնտեսագետ Սուրեն Պարսյան ասում է, որ այս օրենքը քիչ է, հիմա էլ կառավարությունը բերել է Ֆինանսական դիտարկումների կենտրոնը ԿԲ -ից Ոստիկանություն  տեղափոխելու մասին օրինագիծ, որը կրկին նույն նպատակն է  հետապնդում՝ վերահսկել ֆինանսական հոսքերն ու գործարքները, գնահատել առանձին անձանց կատարած փոխանցումները։

Դե, իսկ Բանկային գաղտնիքի մասին օրենքը, Սուրեն Պարսյանն էլ այս հարցում մեծամասնության կարծիքն է կիսում, այն լուրջ մտահոգություններ է առաջացնելու օտարերկյա ու տեղական ներդողների մոտ՝ Հայաստանի բանկային համակարգի գաղտնիության հետ կապված։ «Չնայած կառավարությունը խոսում է, որ «մենք ուզում ենք կանխիկիի շրջանառությունը տնտեսության մեջ կրճատել , բայց այս և նման այլ նախագծերի միջոցով , իրենք հակառակն են խրախուսում, քանի որ նույն այսպես կոչված՝ սև գործարքների մեջ մտած մարդիկ կաշխատեն ոչ թե փոխանցումներով, այլ կանխիկով, որպեսզի այս կամ այն ձևով չերևան իրենց կատարած գործարքները»,-ասում է Պարսյանը։

Նա նշեց, որ այն երկրներում, որոնց ոստիկանություններին տրված են բանկային և առևտրային գաղտնիքի նկատմամբ կա նման վերահսկողություն և որոնց օրինակը բերվում է, ապա նման երկրներում ոստիկանությունը վայելում է բավականին մեծ վստահություն և ամենակարևորը՝ պրոֆեսիոնալիզմ։ Այսինքն՝ այնտեղ պատահական դեմքեր ու քաղաքական մարդիկ չեն կարող լինել համակարգի առաջին դեմք։ Մինչդեռ, Պարսյանն ասում է, որ մեզ մոտ համակարգը լրիվ ուրիշ է և քանի որ քաղաքական դեմքը կարող է լինել ոստիկանության պետ, կարող է նաև քաղաքական նպատակով օգտագործել հավաքագրված տեղեկատվությունը ընդդեմ քաղաքական մրցակիցների ու ընդդիմախոսների։