Ամերիկայում էլ Արմենիա քաղաք կա, ուրեմն մեր անկլա՞վն է․․․

Ամերիկայում էլ Արմենիա քաղաք կա, ուրեմն մեր անկլա՞վն է․․․

Ադրբեջանը Հայաստանում ադրբեջանական տեղանուններ է  փնտրում ու դրանով փորձում հիմնավորել, որ դրանք ադրբեջանական գյուղեր, քաղաքներ են եղել։ Երբ Ադրբեջանն է հայկական այս կամ այն գյուղի մասին ասում, որ ադրբեջանական են, կարելի է ներողամտորեն ժպտալ, որ հայ ժողովուրդը այնքան հյուրընկալ է եղել, որ տեղ է տվել ադրբեջանցիներին ու նրանք հիմնավորվել, տան պես են իրենց զգացել։  

Բայց երբ վարչապետի աթոռին նստածն է Որոտանն ու Շուռնուխն անվանում Էյվազլի, Չայզամի, սոսկում ես ու չես զարմանում, թե ադրբեջանցիներն ինչու են մեր հողում, ինչ են ուզում։ Ինչևէ, կողք կողքի ապրող ժողովուրդները ժամանակի ընթացքում կարող են տեղանունները փոխել, իրենց լեզվին համապատասխան արտասանեն, բայց դա չի նշանակում, որ  եթե իրենք Զայզամի են ասել, դա եղել է իրենց տարածքը կամ գյուղը։ Դա չի նշանակում, որ որտեղ ադրբեջանցիներ են ապրել, դա եղել է իրենց հողը։ Հայերն էլ աշխարհով մեկ ցրված են՝ եղեռնից հետո,  ու կողք- կողքի ապրում են այլ ժողովուրդների հետ։ Օրինակ, Արմենիա անունով քաղաք կա Հարավային Ամերիկայի Կոլումբիա հանրապետությունում։ Ինչպես հայտնի է Կոլումբիայում մեծ քանակությամբ սուրճ է մշակվում։ Այստեղի սուրճի մի տեսակը կրում է «Արմենիա» անունը, որը լավ համբավ ունի։ Բացի այդ, սրանից յոթ տարի առաջ Կոլումբիայի շոգենավային ընկերությունը շահագործման հանձնեց մի նավ «Արմենիա» անունով։

Իհարկե, համանուն քաղաքի պատվին։ Արմենիա անունով բնակավայրեր (ոչ այնքան մեծ) կան նաև Կենտրոնական Ամերիկայի՝ Հոնդուրաս և Սալվադոր հանրապետություններում։ Արմենիա անունով քաղաք կա նաև Հյուսիսային Ամերիկայի Վիսկոնսի նահանգում, կառուցված է Վիսկոնսի գետի ափին՝ Բլովըր և Ելես վտակների միջև։ Մեծ գաղթից հետո Արմեներշտատ, Արմենաշ, Արճեշ անունով քաղաքներ  կան  Ռումինիայում։ Արճեշ անունը ժամանակին բերել են Վանա լճի ափին գտնվող Արճեշ քաղաքից գաղթող հայերքը, որոնք ի հիշատակ իրենց հայրենի քաղաքի, Ռումինիայում ստեղծված բնակավայրը կոչել են Արճեշ։

Հետաքրքրական է, որ Ռումինական Արճեշ քաղաքի գերբը նույնպես արծիվ է եղել, ինչպես հին Արճեշինը։ Տարբեր պետություններում հայկական անուններով գյուղերը,  քաղաքները, բերդերը չթվարկեմ, որոնց թիվ ու սահման չկա։ Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) արվարձաններից մեկը կոչվում է Էրմենի քեոյ - այսինքն հայ գյուղ։ Էրմենիստան – կոչվում է Իրանի Թավրիզ քաղաքի հայաբնակ թաղերից մեկը։ Էրմենիքենդ  անունը կրում էր Բաքու քաղաքի թաղամասերից մեկը։ Աղբյուրը վերցված է «Կամսար Ավետիսյանի Հայրենագիտական էդյուդներից»։  Երևի ադրբեջանցիները չեն մոռացել հարյուր հազարավոր հայերի մասին, որոնք ապրել ու շենացրել են Բաքուն ու մորթի սպառնալիքի տակ գաղթել Հայաստան։ Իրենք միայն հիշում են Հայաստանում ապրող ադրբեջանցիների մասին։ Հիմա ի՞նչ,  հայերն ասեն, որ Կոլումբիայի Արմենիան կամ հազարավոր այլ արմենիաներ իրենց անկլա՞վն են եղել։ Իրենք այդտեղ հայկական արմատնե՞ր ունեն։ 

Հայերն իրենց արմատները փնտրելու տեղ Ադրբեջա՞նն է փնտրում։ Գիտե՞ն թե մեր արմատները փնտրելուց ինչքա՜ն ենք խորանալու ընդերքում։