Թող մի որևէ ռուս Երևանում նման հաջողությունների հասներ

Թող մի որևէ ռուս Երևանում նման հաջողությունների հասներ

Ռուսաստանի տարբեր շրջաններում ու քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, շարունակվում են ի աջակցություն արդար ընտրությունների բողոքի հանրահավաքները, որոնք ուղեկցվում են հարյուրավոր մարդկանց ձերբակալություններով եւ ոստիկանական   բիրտ ուժի գործադրմամբ։ Միայն Մոսկվայի հանրահավաքին, տարբեր գնահատականներով, մասնակցել է մինչեւ 100 հազար մարդ:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների առիթն այն էր, որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթներ առաջ հրաժարվել է գրանցել մի խումբ ընդդիմադիրների թեկնածությունը սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, բայց քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ սա ընդամենը «նախերգանք» է Վլադիմիր Պուտինի 5-րդ նախագահության դեմ բողոքների։ 1999 թվականի դեկտեմբերի 31-ին, Ելցինի հրաժարականից հետո, Պուտինը ստանձնեց նախագահի պաշտոնակատարի լիազորությունները, մեկ անգամ իշխանությունը կիսեց Դմիտրի Մեդվեդեւի հետ՝ վարչապետութամբ, 2018-ին՝ չորրորդ անգամ՝ արդեն 6 տարի ժամանակով, եւ այսօր նա գերազանցել է  իշխանության ղեկին լինելու բրեժնեւյան ժամկետները ու զիջում է միայն Իոսիֆ Ստալինին:

Մենք ռուսաստանյան իրադարձությունների մասին զրուցել ենք ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ։ Նախ հարցրինք, թե իր հայացքով՝ ՌԴ-ում բողոքի այս ալիքը հեղափոխության վերածվելու ինչ պոտենցիալ ունի։ Ըստ նրա՝ այս իրավիճակը գերսուր ուշադրություն է առաջացնում միայն սուր զգացողությունների սիրահարների մոտ, եւ մոսկովյան հանրահավաքին առավելագույնը 15 հազար մարդ է մասնակցել։ «Մոսկվան ու ՌԴ-ն շատ հանգիստ են վերաբերվում նրան, ինչ կատարվում է։ Իհարկե, կա քաղաքագետների որոշակի շրջանակ, որոնք փորձում են խաղարկել  իրավիճակի ինչ-ինչ սրացման սցենարներ, բայց իրենց ելույթների մասշտաբները, կարգախոսները որեւէ տպավորություն չեն թողնում։ Եվ կա տպավորություն, որ խոսքը մոսկովյան իշխանությունների մակարդակում կադրային փոփոխությունների ակնկալիքների մասին է։ Սա, իհարկե, մշակված տեխնոլոգիաներ են, որոնք կային ե՛ւ Երեւանում, ե՛ւ այլուր»,- ասաց նա։

Տարասովին հարցրինք՝ ինչ-որ զուգահեռներ տեսնո՞ւմ է Հայաստանի հեղափոխության եւ այս ցույցերի միջեւ։ Ասաց՝ ոչ․ «Երեւանում այլ մակարդակ էր, հարյուր հազար մարդ։ Երեւանում՝ լուրջ, գերլուրջ։ Ձեզ մոտ ամբողջ Երեւանը ոտքի հանեցին։ Իհարկե, տեխնոլոգիաները միգուցե նման են, բայց մեզ մոտ, կներեք, սիրողական մակարդակի ինչ-որ խմբակի մասին է խոսքը։ Ես նրանց անգամ մարգինալ կանվանեի, եթե նրանք չլինեին այդքան գլամուր հասարակություն․ ո՛չ կարգախոսներ, ո՛չ լուրջ ծրագիր»։ Պարոն Տարասովը նշում է նաեւ, որ Մոսկվայում Գերմանիայի եւ ԱՄՆ դեսպանատները բողոքի ակցիաների անցկացման ճանապարհային քարտեզներ են հրապարակել։ Քաղաքագետի ամփոփմամբ՝ այս ամենի արդյունքում այս կենտրոններն էլ հասկացան, որ ռուսաստանյան համակարգային ընդդիմությունը որեւէ ազդեցություն չունի։ Ս․ Տարասովին հարցրինք նաեւ․ ի՞նչ կարծիքի է՝ ինչո՞ւ հայաշատ Սոչիում հանկարծ սկսեցին աշխատանքից ազատել օդանավակայանի հայ աշխատակիցներին։

«Սոչիում շատ հայ է ապրում, Մոսկվայում էլ։ Ամբողջ աշխարհում աշխատատեղեր են բացվում ու փակվում։ Երբ ազգությամբ ռուսին աշխատանքից հեռացնում են, լռում են, երբ հային են ազատում, անմիջապես աղմուկ է բարձրանում»։ Բայց հայերը ՌԴ-ում ազգային փոքրամասնություն են, միգուցե դրա համա՞ր է աղմուկ բարձրանում։ «Դե, թողեք ձեր ազգային փոքրամասնությունները մեզ մոտ փայլուն կարիերա են անում, բիզնեսի եւ ունեցվածքի տեր դառնում։ Թող մի որեւէ ռուս Երեւանում նման հաջողությունների հասներ»։

Հիշեցնենք, որ աշխատանքից ազատված հայ աշխատակցուհու ու նրա ռուս ղեկավարի գաղտնի ձայնագրության վերջում մի սկանդալային հայտարարություն էր հնչել։ Մասնավորապես, երբ ռուս կնոջն ուղղված՝ «ինչո՞ւ ես խցկվում, Պուտինին նամակ գրում, որ հայերին աշխատանքից ազատում են ազգային պատկանելության հողի վրա» մեղադրանքներից հետո, զրույցի ավարտին նա «ինքնախոստովանական ցուցմունք» է տալիս՝ ասելով, որ ամեն ինչ չէ, որ օդակայանի ղեկավարությունն է որոշում, այլ կան «ինչ-ինչ ծառայություններ»։ Այս հարցին ի պատասխան՝ պարոն Տարասովը հայտարարեց․ «Երբ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարում է, որ հայկական հետախուզությունն աշխարհում ամենահզորներից մեկը պետք է լինի, եւ մատնացույց է անում ձեր սփյուռքը, մենք հիշում ենք հրեական պատմությունը, երբ «Մոսադն» ակտիվ աշխատանք էր տանում՝ տանելով ակնհայտ հավաքագրման աշխատանքներ, եւ մեզ մոտ բնական հարց է առաջանում՝ եթե ՌԴ-ում 3 միլիոն հայ է ապրում, ուրեմն ի՞նչ, հայկական հետախուզությունը պատրաստվում է ՌԴ-ում նման աշխատանքնե՞ր տանել, ՌԴ-ում, որտեղ գրեթե 3 միլիոն հայ է ապրում, եւ որոնց կեսը ՌԴ քաղաքացիներ են։ Մենք սրան նորմալ ենք վերաբերվում»։ Տարասովի կարծիքով՝ սա եւս մի հարված էր հայ համայնքներին։