BBC-ն իրականում բացահայտեց հայաստանյան հանրության անառողջությունը

BBC-ն իրականում բացահայտեց հայաստանյան հանրության անառողջությունը

BBC-ի հրապարակումը բավականաչափ հետաքրքիր շերտեր բացահայտեց Հայաստանում Մարտի 1-ի ողբերգության հանրային ընկալումների համակարգում: Առաջին հերթին աչքի զարնեցին, այսպես կոչված, դավադրությունների տեսության հանդեպ շատ մարդկանց ծայրահեղ հակվածությունն ու դյուրահավատությունը, այն է՝ BBC-ն դավ է նյութում Հայաստանի ու հայերի հանդեպ հենց այն պահին, երբ այստեղ հատկապես կենսական են ազգային միասնության գաղափարն ու այդ տեսլականի կենսակոչումը: Հետեւաբար, ըստ այդ տեսության ջատագովների, բրիտանական լրատվամիջոցը ջանք ու եռանդ չի խնայում պատվիրված կեղծիքների ու թյուրասացությունների միջոցով պառակտել հայ հանրությունն ու սեպ խրել հայության երկու հատվածների միջեւ:

Առավել հետաքրքիր է բրիտանական կորպորացիայի բացահայտած հաջորդ շերտը: Դավադրությունների մասին աղաղակողներն իրենց «տեսությունը» բացահայտելուց ու հիմնավորելուց անմիջապես հետո, կամա թե ակամա, հակասում են իրենք իրենց՝ այս անգամ արդեն աղաղակելով քննությանն առնչվող փաստաթղթերն օտարերկրյա լրատվամիջոցին փոխանցելու անթույլատրելիության մասին. ո՞ր դավաճանն է հանդգնել պետական կարեւորության գաղտնի փաստաթղթերը փոխանցել այլոց: Բայց դրանով իսկ նրանք  ակամա արձանագրում են, որ BBC-ի ռեպորտաժում ներկայացված փաստերը, այնուամենայնիվ, հորինված դավադրության արդյունք չեն, այլ ունեն հստակ «հայաստանյան» ծագում, այն էլ՝ պաշտոնական: Այսինքն, դրանցում ներկայացված են հենց այն «դավադիր» փաստերը, որոնք էլ տեղ են գտել բրիտանական լրատվամիջոցի հրապարակման մեջ:  
Ստացվում է, որ իրական ճշմարտության փնտրտուքի փոխարեն Հայաստանում հանրության ակտիվ մի հատված զբաղված է․ ա) ճշմարտությունը փաստող փաստաթղթերի փոխանցման «դավաճան» հեղինակների փնտրտուքով, բ) այդ հարցում չհաջողելով՝ նրանք շարունակում են զբաղվել իրենց նախասիրած՝ բավականաչափ «անշառ», որեւէ պատասխանատվություն չենթադրող միջազգային հակահայ դավադիրների փնտրտուքով եւ, բնականաբար, նրանց չեն գտնում, ինչը, ի դեպ, արդեն «դավադիրների որսորդների» համար այնքան էլ կարեւոր չէ… նրանց համար կարեւորն աղաղակելն է, անորոշ ինքնահաստատումը, խոսելը, ճչալը, ուշադրության կենտրոնում լինելը…

Եվ այս թոհուբոհի մեջ անուշադրության է մատնվում մի շատ էական հանգամանք: Մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների՝ առնվազն լրագրողական հետաքննությամբ զբաղված բազմաթիվ մարդիկ հրաշալի հասկանում են եւ գիտեն, որ BBC-ի հրապարակման մեջ որեւէ նորություն չկա, եւ այդ մասին մի շարք տեղական լրատվամիջոցներ վերջին տարիներին տասնյակ հոդվածներ ու նյութեր են հրապարակել: Դրանք, սակայն, չգիտես ինչու, դավադրությունների տեսության սիրահարների կողմից անտեսվել են կամ առնվազն համարժեք արձագանքի չեն արժանացել: 

Այս ամենից հետո մի հարկադրված ենթադրություն է ծնվում՝ մեր հանրությունը դեռեւս ցավոտ ճշմարտություններն ըստ արժանվույն ընդունելու եւ դրանց արժանապատվորեն  դիմակայելու բավարար ռեսուրս կամ իմունիտետ չունի, ինչը խոսում է նույն այդ հանրության անառողջության մասին: Ստացվում է, որ կարեւոր չէ՝ ճշմարտություն է հնչում, թե ոչ, կարեւորն այն է, թե ով է ասում այդ ճշմարտությունը, ինչու է ասում եւ ինչում է դա անում հենց X պահին, ոչ թե, ասենք, Y կամ Z՝ թերեւս ավելի «անշառ» պահերին: 

Ի դեպ, բոլորովին բացառված չէ, որ BBC-ն իսկապես իր այդ աղմկահարույց ռեպորտաժը հրապարակ է նետել ինչ-ինչ կոնյունկտուրային-քաղաքական շարժառիթներով. ի վերջո, այդ կորպորացիան մեր «սիրելի քեռու» լրատվամիջոցը չէ, նրանք էլ, հավանաբար, ունեն ինչ-ինչ նպատակադրումներ եւ թիրախներ: Բայց չէ՞ որ դա արդեն քննարկման բոլորովին այլ թեմա է, այլ հարց: Սակայն այդ իրողության ակնարկներն անգամ այստեղ՝ Հայաստանում, չեն զգացվում, դա ո՞ւմ է պետք: 

Մի խոսքով՝ այստեղ մտածելու շատ բան կա: