«Հրապարակ». Տարիներ շարունակ թրաֆիքինգով զբաղվող տղամարդուն ազատել են կալանքից

«Հրապարակ». Տարիներ շարունակ թրաֆիքինգով զբաղվող տղամարդուն ազատել են կալանքից

Տարեվերջին Քննչական կոմիտեն հաղորդեց մի արտառոց հանցագործության մասին, որը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ 

Տղամարդն իր անասնաֆերմայում երկար ժամանակ աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 3 կնոջ եւ մեկ երեխայի, որոնք Արարատի մարզի բնակիչներ են։ Նրանք ապրելու տեղ չեն ունեցել եւ ստիպված ընդունել են տղամարդու առաջարկը՝ Գառնու իր անասնաֆերմայում կթվորուհի աշխատելու։ Ամսական 1 գլուխ կով կթելու դիմաց նրանց խոստացվել է 5 հազար դրամ։ Կանանցից մեկն իր մանկահասակ երեխայի հետ անասնաֆերմայում աշխատել է 2018 թվականից։ Մյուս կինն իր երեխաների հետ 2023թ. հունվարից է եղել այդտեղ։ Կենցաղային տարրական պայմաններ, ըստ ՔԿ հաղորդման, չեն եղել։

Մեզ հաջողվեց պարզել, որ տղամարդը 38-ամյա Ժիրայր Սարիբեկյանն է, ով նախաքննության փուլում կալանքի տակ է եւ մեղադրվում է երկու ծանր հոդվածով․ 188՝ Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, եւ 189՝ Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը։ Այժմ գործը մտել է դատարան, եւ խափանման միջոցը փոխվել է։ Մարդը, որը ծեծել ու շահագործել է կանանց ու երեխաներին, հիմա տնային կալանքի տակ է։ Նաեւ գրավ է կիրառվել։ 

4 տարի շահագործման ենթարկված կինն Օլյա Հարությունյանն է, մայրն ու դուստրը Մարինե եւ Գայանե Սիմոնյաններն են, որոնց Ժիրոն՝ այդպես են նրան անվանում Գառնիում, 6 ամիս է պահել կախման մեջ, ծեծել ու մարմնական վնասվածքներ հասցրել։ Ըստ մեղադրանքի, Ժիրոն նաեւ 9-ամյա Դավիթ Ս․-ին է բռնության ենթարկել։ 
Սննդամթերքը, ըստ մեղադրանքի, կանայք «նիսյայով» վերցրել են Ժիրայր Սարիբեկյանին պատկանող խանութից, իսկ երբ դժգոհել են պայմաններից, Ժիրայրը նրանց դաժան ծեծի է ենթարկել, «անասնագոմի մաքրման համար նախատեսված երկաթյա գործիքով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին», հայհոյել ու սպառնացել է։

Կանանցից մեկը 4 տարում 30 հազար դրամ է ընդամենը ստացել՝ Ժիրոյի խանութում իր անվան դիմաց 2 մլն դրամի ծախս նշելով։ Մայրն ու աղջիկն էլ 15 հազար դրամ են ստացել 6 ամիս աշխատելու համար եւ խանութում ունեցել են մոտ 480 հազար դրամի պարտք։ 9 եւ 14-ամյա երեխաներին էլ ուղարկել է խոշոր եղջերավոր անասունների հոտն առավոտից երեկո պահելու` բոլոր եղանակներին, նաեւ՝ ցրտին ու անձրեւին։ Կանանց այդ վիճակից փրկել են ոստիկանները, որոնց տանտիրոջից թաքցրած բջջայինով զանգել է կանանցից մեկը։ Հետաքրքիր է, որ կանանց ու երեխաների անմարդկային շահագործումը, որը տեւել է տարիներ, Գառնի համայնքի բնակիչները չեն նկատել։ Ոչ ոք չի հետաքրքրվել նրանց ճակատագրով, ոչ ոք չի օգնել Ժիրայրի ստրկուհիներին։

«Մենք չենք պատկերացրել, որ կարող էր մեր գյուղում նման բան լինել։ Այդ տղամարդու հետ շփում չի եղել։ Նա անասնաֆերմա ուներ։ Գառնիում էր, բայց բնակելի տներից հեռու էր։ Ես չեմ էլ իմացել, որ այդտեղ աշխատողներ կան։ Նրանց չեմ ճանաչում, Ձեզ պես կարդացել եմ մամուլից»,- ասում է Գառնու համայնքապետ Տիգրան Պողոսյանը։ Ընդհանրապես, թրաֆիքինգի դեպքերը հաճախ են տեղի ունենում համընդհանուր անտարբերության պայմաններում։ Շատերը չեն ուզում խառնվել, ոմանք չեն պատկերացնում, որ դա հանցագործություն է։ 

Ժիրոն պաշտպան չունի։ Մենք փորձեցինք խոսել նրա հարազատների հետ, որոնք հրաժարվեցին հարցերին պատասխանել։ Ժիրայր Սարիբեկյանի քույրը՝ Վարդուհի Սարիբեկյանը, ընդամենը ասաց․ «Տիկին ջան, Դուք իմ եղբոր մասին եք խոսում, հաջող Ձեզ։ Ամեն բամբասանք չի, որ իրականություն է», եւ հրաժարվեց հարցերին պատասխանել։ 
Հայաստանը թրաֆիքինգի առումով չի համարվում բարեհաջող երկիր։ Տարածված են կանանց սեռական ու աշխատանքային թրաֆիքինգը, հարկադիր մուրացկանությունը, երեխաների շահագործումը` շինարարական, գյուղատնտեսական աշխատանքներում, զինված ուժերում զինծառայողներին, նորակոչիկներին են ենթարկում աշխատանքային շահագործման։ «Թրաֆիքինգ իրականացնողները կարող են թիրախավորել պարսիկ եւ հնդիկ միգրանտներին, որոնք պատրաստակամորեն աշխատանք են փնտրում ստվերային ոլորտում, որտեղ կարող է շահագործվել նրանց աշխատանքը»,- ասված է Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2022 թվականի զեկույցում։Ըստ այդ փաստաթղթի, Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարել թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, եւ իրավիճակը տարեցտարի վատանում է, բացահայտումները քիչ են, թեեւ պետությունը եւ ՀԿ-ները ահռելի գումարներ են ստանում թրաֆիքինգի դեմ պայքարի համար։ Այնուամենայնիվ, փաստորեն, երբեմն նաեւ բացահայտումներ լինում են։