«Հրապարակ». Ինձ մի տարեք կախիչի դաշտ

«Հրապարակ». Ինձ մի տարեք կախիչի դաշտ

Անցած տարի՝ նոյեմբերի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությունը։ «Սա շատ կարեւոր օր է մեզ համար ոչ միայն այն պատճառով, որ նորակառույց եւ լիարժեք հագեցած բժշկական կենտրոն ենք բացում Մարտունիում, այլեւ սրանով, ըստ էության, Հայաստանում առնվազն 50 բժշկական հաստատությունների շինարարության ավարտական, եզրափակիչ փուլի մեկնարկ ենք տալիս»,- հայտարարեց Փաշինյանն այդ օրը։ Բացման արարողությունից, սակայն, անցել է երկու ամսից ավելի, բայց ժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնը դեռեւս չի գործում: Պարզվում է՝ կան այնպիսի թերություններ, որ ԲԿ-ն հնարավոր չէ շահագործել: Իսկ պատկան մարմինները հապաղում են դրանք վերացնել սահմանված ժամկետներում։ Փաշինյանի «կախիչ-դուշ» շոուից հետո մտահոգություններ են առաջացել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ: Մենք տեղեկացանք, որ հիվանդանոցի չգործող մասնաշենքի մասին նա տեղեկացրել է կառավարությանը, որպեսզի իրեն ազատի պատասխանատվությունից եւ հնարավոր պաշտոնանկությունից` չարժանանա Արմավիրի ու Լոռվա մարզպետների ճակատագրին: Զրուցել ենք մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։

- Պարոն Սարգսյան, թեպետ երկու ամիս առաջ Մարտունու հիվանդանոցի բացումը եղավ, բայց այն չի գործում, ո՞րն է պատճառը։

- Բացումը, այո, որպես այդպիսին, եղել է, բայց դրանից հետո ժամկետ էր սահմանված, որ թերություններ կային, դրանք շտկվեին, նաեւ՝ տեղափոխման աշխատանքներ, որ սահմանված ժամկետներում պիտի իրականացվեին։ Իհարկե, որոշ ժամանակ հետ է ընկել սահմանված ժամկետից, բայց դա իրատեսական է։ Այս պահին այդ աշխատանքներն արագ տեմպերով իրականացվում են, որ ամբողջական լինի։ Նախատեսված էր 1-1.5 ամիս, բայց արդեն քանի օր հետ ենք ընկել։

- Իսկ թերությունները բացումից հետո՞ են հայտնաբերվել, թե՞ նախապես տեղյակ եք եղել, եւ հենց այդ թերություններով է բացումը եղել, ու ի՞նչ թերությունների մասին է խոսքը։

- Նախապես տեղյակ ենք եղել։

- Այս դեպքում ինչո՞վ էր պայմանավորված հրատապ բացման արարողություն կազմակերպելը։

- Մենք, այսպես թե այնպես, հիվանդանոցի բացումից հետո պետք է տեղափոխություն եւ մնացած աշխատանքներն անեինք, այսինքն, տարբերություն չկար՝ բացում կանեինք, նոր մնացած աշխատանքները, թե մնացած աշխատանքները` նոր բացումը։

- Ո՞վ է թերացել։

- Շինարարը պատշաճ ժամկետներում չի կարողացել կազմակերպել աշխատանքը։

- Ստացվում է, որ Փաշինյանը Ձեզ էլ պետք է ազատեր ուշացնելու համար, որ պատշաճ վերահսկողություն չեք իրականացրել։

- Եթե Դուք եք այդպես գնահատում, առնվազն արդար չեք։

- Գիտենք, որ ուշանալու, թերությունների մասին տեղյակ եք պահել կառավարության վերադասին՝ վախենալով, որ այդ փաստը բացահայտվելով՝ կարող է Ձեր ազատման պատճառ դառնալ։

- Ինձ թվում է՝ էդպիսի խնդիր չունենք, մեզ մոտ եղած բոլոր․․․ անկախ նրանից, թե ում պատվիրատվությամբ է իրականացվում, Գեղարքունիքի մարզպետարանը պատշաճ հսկողություն է իրականացնում եւ բոլոր խնդիրների մասին, եթե կան այդպիսիք, լիազոր մարմնին եւ պատվիրատուին տեղյակ է պահում։

- Այսինքն՝ հաստատում եք, որ տեղյակ եք պահել, ինչպես Դուք եք ասում՝ պատվիրատուին։

- Այո։

- Արդյոք մարզպետնե՞րն են թիվ մեկ պատասխանատուն իրենց ղեկավարած մարզերում կառուցվող բոլոր շինաշխատանքների, եթե, ասենք, կրթական հաստատությունները ԿԳՄՍՆ-ի, առողջապահականները` առողջապահության նախարարության կառավարման ներքո են, եւ արդարացի՞ եք համարում Ձեր կոլեգաների` երկու մարզպետների ազատումը։

- Ո՞նց եք պատկերացնում` ես վարչապետի որոշումները քննարկո՞ղ եմ։

- Ինչո՞ւ` կարծիք հայտնել չե՞ք կարող, Սահմանադրությամբ նման իրավունք ունեք։

- Իրականում ես ասելիք չունեմ եւ չեմ կարող քննարկել վերադասիս կայացրած որոշումը։

- Լավ, այլ կերպ հարցը տամ` մարզպետնե՞րն են թիվ մեկ պատասխանատուն կախիչների ու «դուշերի» անորակ լինելու հարցում։

- Ես չեմ ուզում այդպիսի մանրամասների մեջ մտնել, բայց նաեւ մենք ենք պատասխանատուն։

- Բա եթե՝ «նաեւ», նշանակում է՝ մարզպետները քավության նոխա՞զ դարձան։

- Ես չեմ կարող մեկնաբանել։

- Վարչապետի այց նախատեսվո՞ւմ է Գեղարքունիք, եւ արդյո՞ք Դուք ապահովագրված եք հնարավոր ազատումից: Ստուգե՞լ եք` Ձեզ մոտ կախիչներն ամո՞ւր են, «դուշերը» որակյա՞լ են, մնացած բաների մասին էլ չխոսենք․․․

- Ես Ձեզ խնդրում եմ՝ ինձ մի տարեք այդ դաշտ․․․ այցելություն, իհարկե, կլինի, եւ մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել, ամեն դեպքում՝ արվում է հնարավորը։

- Ձեր ղեկավարած մարզում մեկ տարի առաջ «զորանոց» այրվեց՝ Ազատ գյուղում, երիտասարդ տղաներ զոհվեցին, այդտեղ որեւէ մեկը պատասխանատու չէ՞ր, որ պետության ղեկավարի կողմից նման տեսարաններ չեղան։

- Ես չեմ կարող այդ մասին որեւէ մեկնաբանություն տալ։

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ կախիչի եւ «դուշի» խնդիրն ավելի լուրջ խնդիր է գործող իշխանության համար, քան զինվորների ողջ-ողջ հրկիզվելը, եւ դրանով էր պայմանավորված պետության ղեկավարի վրդովմունքը։

- Գիտեք՝ ղեկավարի կազմակերպած աշխատանքի կամ կատարածի մասին կարծիք հայտնել՝ դա գոնե իմ կողմից չի լինի, ես չեմ կարող նման բան անել։

- Բայց իշխանությունն ասում է, որ մենք դեմոկրատական երկրում ենք ապրում, հանգիստ կարող եք կարծիք հայտնել։

- Իհարկե, մենք դեմոկրատական երկրում ենք ապրում, բայց Դուք անընդհատ տանում եք կախիչի դաշտ, մի տարեք, որովհետեւ իրականում խնդիրն այլ է: Ի վերջո, Դուք ինձ պարտադրում եք մեկնաբանել մի բան, որ իմ ղեկավարած մարզում չի եղել, եւ ես տեղյակ չեմ։

- Եթե Ձեզ ազատեն աշխատանքից մի բանի պատճառով, որտեղ Դուք առաջնային պատասխանատվություն չունեք, նորմալ կհամարե՞ք։

- Ես չեմ կարծում, որ Դուք ճիշտ եք մեկնաբանում։