«Տաք պատերազմ»` «սառը պատերազմի» հետեւանքները վերացնելու համար

«Տաք պատերազմ»` «սառը պատերազմի» հետեւանքները վերացնելու համար

Փետրվարի 24-ին Ռուսաստանը, ռազմական գործողություն սկսելով Ուկրաինայի դեմ, հայտարարեց, որ իր նպատակն Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնականացումն է: Ռուսաստանի իշխանությունը հասկանում էր, որ զորք մտցնելով Ուկրաինա, պատերազմելու է ոչ այնքան Ուկրաինայի, որքան հավաքական Արեւմուտքի դեմ: Ռուսաստանը 30 տարի անց որոշել է ռեւանշ վերցնել «սառը պատերազմի» պարտության դիմաց՝ փորձելով հետ վերադարձնել այդ պարտության արդյունքում կորցրած գերտերության կարգավիճակն ու տարածքային կորուստները:

Խորհրդային Միությունը, որն ըստ էության 1917 թվականին լուծարված ռուսական կայսրության նոր փաթեթավորումն էր, պարտություն կրեց հավաքական Արեւմուտքի դեմ մղվող սառը պատերազմում, որն արտահայտվեց 1991 թվականին ստորագրված Բելովեժյան արձանագրությամբ, ինչը ԽՍՀՄ-ի փաստացի գոյության դադարեցման դե յուրե արձանագրումն էր: Ինչպես ցանկացած պարտության դեպքում, այս դեպքում եւս հաղթող կողմն իրենով արեց ԽՍՀՄ կազմի մեջ մտնող գրեթե բոլոր 14 հանրապետությունները՝ այնտեղ իշխանության բերելով իր կողմից վերահսկելի վարչախմբերի: Արեւմուտքը վերահսկողություն հաստատեց նաեւ Ռուսաստանի նկատմամբ. Ելցինի իշխանությունը հնազանդորեն կատարում էր Արեւմուտքից իջեցված ցանկացած հրահանգ՝ տնտեսական, ռազմական, արտաքին քաղաքական, տեղեկատվական, կրթական եւ մշակութային ոլորտներում իրականացնելով Արեւմուտքի համար ցանկալի քաղաքականություն: 2000 թվականին Ելցինից իշխանություն ստացած Վլադիմիր Պուտինը ոչնչով չէր տարբերվում նախորդից եւ իր իշխանության առաջին տարիներին շարունակում էր ելցինյան Ռուսաստանի վեստերնիզացիայի` արեւմտականացման քաղաքականությունը: Այսօր ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ կռիվ տվող Պուտինը 2000-ականների սկզբին նույնիսկ խոսում էր Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության, Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ անվտանգային ընդհանուր համակարգի ձեւավորման անհրաժեշտության եւ պատրաստակամության մասին:

Նավթի գների աճը եւ դրա արդյունքում Ռուսաստանի եկամուտների ավելացումը նպաստեցին Արեւմուտքից տնտեսական եւ քաղաքական կախվածության թուլացմանը, Ռուսաստանը սկսեց աստիճանաբար դուրս գալ Արեւմուտքից վասալային կախվածությունից: Փորձելով զսպել Ռուսաստանի ինքնիշխանության ձգտումները՝ Արեւմուտքը նախկին խորհրդային հանրապետություններում կազմակերպվող իշխանափոխությունների միջոցով իշխանության էր բերում ավելի ու ավելի շատ հակառուսական տրամադրություններ ունեցող վարչակարգեր, որոնց տրված էր բուֆերի դեր կատարել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Մինչդեռ դա ավելի էր գրգռում Ռուսաստանի նախագահ Պուտինին, ով հայտարարելով, թե ԽՍՀՄ փլուզումն իր համար աղետ էր, որոշեց զբաղվել այդ աղետի հետեւանքը վերացնելով, ինչի արդյունքը կարող է լինել ԽՍՀՄ-ը նոր ձեւաչափով վերականգնելը:

ԽՍՀՄ-ը վերականգնելու համար Ռուսաստանը պետք է հետ գրավի 1991 թվականին կորցրած տարածքները: Փափուկ ուժի միջոցով դա անհնար էր իրականացնել՝ նկատի ունենալով այդ հարթության մեջ Արեւմուտքի հետ ուժերի հարաբերակցության անհավասար մակարդակը: Ռուսական իշխանությունը հաշվեց, որ կարող է հաջողության հասնել միայն բացահայտ ռազմական գործողություններ սկսելու միջոցով, սառը պատերազմում տանուլ տվածը հետ բերելով «տաք պատերազմում», այն հաշվարկով, որ հավաքական Արեւմուտքը ձեռնպահ կմնա Ռուսաստանի հետ անմիջական ռազմական ընդհարման մեջ մտնելուց:

Արեւմտյան երկրները եւս հասկանում են, որ այս պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ չէ, Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Արեւմուտքին՝ Ուկրաինան հետ գրավելու պահանջով, եւ արեւմտյան առաջնորդների հայտարարությունները, որ պատերազմում Ուկրաինան չպետք է պարտվի, ապացույցն է այն բանի, որ Արեւմուտքը պատերազմը համարում է իրենը: Խոսելով Ուկրաինայի հաղթանակի մասին՝ նրանք առաջին հերթին նկատի ունեն իրենց երկրները, նկատի ունեն հավաքական Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:

Արեւմուտքը, որ մարտ-ապրիլ ամիսներին հրաժարվում էր Ուկրաինային օդանավեր եւ ծանր սպառազինություն մատակարարելուց, հիմա արդեն ամբողջությամբ իր վրա է վերցրել ուկրաինական բանակի սպառազինության մատակարարումը՝ անընդհատ բարձրացնելով պատերազմի ինտենսիվությունը, Ուկրաինային մատակարարելով ավելի բարձրտեխնոլոգիական եւ հարձակողական զինատեսակներ: Հաջորդ քայլը լինելու է ուկրաինական բանակին հակաօդային պաշտպանության միջոցներ մատակարարելը եւ, հնարավոր է՝ Ուկրաինայի օդային տարածքն իր կողմից պաշտպանության տակ վերցնելը: Ուկրաինային բարձր հեռահարության զենիթահրթիռային համակարգեր մատակարարելով՝ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները հնարավորություն են ստացել պատերազմը տեղափոխել Ռուսաստանի տարածք` Կուրսկի եւ Բելգորոդի բնակիչներն արդեն իսկ զգում են պատերազմի շունչը, իսկ ավելի հեռահար հրթիռների մատակարարման դեպքում աշխարհագրությունը կարող է ավելի ընդլայնվել՝ մինչեւ մերձմոսկովյան շրջաններ: 

Ռուսաստանը՝ ընդհակառակը, փորձում է անմիջական կոնֆլիկտի մեջ չմտնել արեւմտյան երկրների հետ՝ հասկացնելով, որ իր ուզածն ընդամենը Ուկրաինան է, ինքը չի պատրաստվում դուրս գալ նախկին ԽՍՀՄ տարածքներից` հնարավոր է՝ մինչեւ 1940 թվականը գոյություն ունեցած, առանց մերձբալթյան հանրապետությունների եւ Մոլդովայի, նաեւ 1940 թվականին ռուսական վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արեւմտյան շրջանների:

Պատերազմը, որ կարող է տեւել առնվազն եւս երկու տարի, էապես ազդելու է նաեւ մեր տարածաշրջանի վրա: Ռուսաստանի պարտության դեպքում ռուսական բանակն ինքնաբերաբար լքելու է Հայաստանը, եւ Հայաստանը կարծես քայլեր է կատարում անվտանգության նոր համակարգի ձեւավորման ուղղությամբ, առանց ռուսական բազաների ու սահմանապահների: Ռուսաստանի հաղթանակի դեպքում ԽՍՀՄ 2-ի ձեւավորումը դառնալու է գրեթե անխուսափելի: Եթե Արեւմուտքը չկարողանա պաշտպանել Ուկրաինային՝ իր 40 միլիոնանոց բնակչությամբ, հզոր տնտեսությամբ եւ Արեւմուտքի հետ ունեցած հսկայական ընդհանուր սահմանով, ապա չի պաշտպանի ո՛չ Հարավային Կովկասը, ո՛չ Միջին Ասիան:

Ավետիս Բաբաջանյան