Առանց խոսնակ վարչապետը, ով հազար խոսնակ ունի 

Առանց խոսնակ վարչապետը, ով հազար խոսնակ ունի 

Այն, որ Փաշինյանը խոսում է, հետո ամբողջ թիմով լծվում են այդ խոսքը բացատրելու, մեղմելու գործին, մեզ համար նորություն չէ:

Այն, որ նա խոսում է բացառապես ներքին լսարանի համար ու չի պատկերացնում արձագանքները արտաքին աշխարհում՝ ևս, բավարար է հիշենք մի քանի դրվագ, թե ինչպես էր կորոնավիրուսը թթի արաղով սպանում կամ ԱԱԾ-ին սատանա բռնելու հրամաններ տալիս: Բայց որ մի քանի ժամվա մեջ կարելի է դիամետրալ հակառակ մտքեր ասել, անգամ Փաշինյանի համար է մեծ նվաճում: Երեկ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հարցին պատասխանելիս նա ասաց. «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան» կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»: 

Մի քանի ժամ անց վարչապետը շտապեց խմբագրել իր իսկ մտքերը և ֆեյսբուքյան գրառում արեց.«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: 
Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:

Իհարկե, մտքերը իրար հերքող են ու լրիվ հակառակ, բայց դե դա էլ նորություն չէր, նորությունը թիմի խուճապն էր: Մի անասելի գործընթաց սկսվեց, խոսնակ չունեցող Փաշինյանի խոսնակի դերը ստանձնեցին բոլորը` ահել, ջահել, մեր, մանուկ: Էլ մարզպետները միաձայն հայտնեցին, թե ոչ մի թուղթ չկա, սահմանում էլ ոչ մի թիզ չենք նահանջել, էլ ՊՆ-ն հայտարարեց, թե պատերազմը պրծավ, էլ ԱԺ պատգամավորները՝ ով գրել գիտի, գրեցին, որ փաստաթուղթ չկա, ով էլ գրել չգիտի՝ Փաշինյանի գրառմամբ կիսվեցին, էլ ԱԺ նախագահը վերհիշեց վաղուց մոռացված ֆորմատը և ֆեյսբուքյան լայվ մտավ պարզաբանումներով, էլ Փաշինյանը ուղիղ եթեր մտավ իր կարդալ չիմացող էլեկտորատին ավելի հանգամանալից բացատրելու համար, էլ «սահմանից» բեմադրություններ կազմակերպվեցին, թե եկեք սպասում ենք, չնայած ՊՆ-ն բազմիցս հայտարարել է, որ հանգիստ է վիճակը, էլ կասկածելի անցյալով հասարակական գործիչները հայտարարեցին, թե 5 րոպե առաջ Փաշինյանի հետ էինք, ոչ մի բան էլ չի ստորագրում, էլ թեթևաբարո վարքով համայնքապետեր գրառումներ արեցին, թե որպես թիկունք դավաճանել ենք առաջնագծում կանգնած տղերքին, էլ միայն աքացիով հայտնի ՔՊ-ականներ սպառնացին բոլորին հավաքել ու առաջնագիծ ուղարկել, էլ պալատական «ընդդիմությունը» հիշեցրեց, որ սահմանը պետք է պահել, էլ ՔՊ-ականների կանայք ու ընտանիքի մյուս անդամները գրեցին, թե փաստաթուղթ չկա, այնքան խուճապահար էին, իրենց ծառայող մի զանգված, որը մեկ մեկ քննադատում էր իրենց ու իբր անաչառ էր էդ հիստերիայի մեջ լյուստրացիայի ենթարկվեց` էնքան մոբիլիզացրել էին բոլոր ուժերը, որ դրանց էլ չխնայեցին, ստիպեցին պաշտպանել Նիկոլին ու հերքել տպավորությունը:

Բայց այս շքերթի կուլմինացիան տվեց Ազգային Անվտանգության ծառայությունը. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։
Սույն հաղորդագրությամբ ՀՀ ազգաբնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ մանիպուլատիվ հայտարարություններին, և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։» 

Երբեմնի ահ ու սարսուռ կառույցը իր վրա վերցրեց Փաշինյանի խոսնակի նվաստացուցիչ դերը և փորձեց հերքել նրա ԱԺ ելույթը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ վերածվել է Փաշինյանի խամաճիկի և պատրաստ է կատարել ցանկացած հրահանգ՝ անգամ այսպիսի արժեզրկող, այդպիսով ազդակներ ուղարկելով արտաքին աշխարհին, որ մենք պետություն չենք, այլ մի փիառ գործակալություն ենք, որի միակ առաքելությունը մի կույտ ՔՊ-ականներին սպասարկելն է: Ակնհայտ է, որ նման հաղորդագրություններ տարածող կառույցից չի վախենա ոչ արտաքին թշնամին, ոչ ներքին հանցագործը, ինձ միայն մի հարց է հետաքրքրում՝ տղերք, դուք սպաներ եք՝ դպրոց ու ճանապարհ անցած, ո՞նց այդ խմբագիրը հասցրեց ձեզ այս վիճակի, որ հիմա խոսնակի դեր եք կատարում։