Հիասթափված եմ ԱՄՆ-ից․ պետք է պատժել Ալիևին և ստիպել՝ վերաբացել Լաչինի միջանցքը․ Գլենդելի նախկին քաղաքապետ

Հիասթափված եմ ԱՄՆ-ից․ պետք է պատժել Ալիևին և ստիպել՝ վերաբացել Լաչինի միջանցքը․ Գլենդելի նախկին քաղաքապետ

«Ուզում եմ բոլորից մի լավություն խնդրել. եթե մեր բարեկամությունը երբևէ ինչ-որ բան է նշանակել, կամ ես կարողացել եմ ինչ-որ բանով օգնել ձեզ, ապա խնդրում եմ մի պահ մտածեք նաև Արցախի անմեղ ժողովրդի մասին, ովքեր գտնվում են սովի և ոչնչացման եզրին:  Գրե՛ք կամ զանգահարեք ձեր Կոնգրեսի ներկայացուցիչներին: Արտահայտվե՛ք»։ Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ամերիկյան հայաշատ Գլենդելի նախկին հայ քաղաքապետ Արտաշես Արդի-Քասախյանը։
Ադրբեջանի բարբարոսական գործողությունների, Արցախի՝ ամիսներ շարունակ պաշարման դեմ հանդես են գալիս ոչ միայն աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցները, այլև միջազգային գլխավոր խաղացողները, ներառյալ՝ ԱՄՆ-ն։ Բայց խնդիրը տակավին մնում է անլուծելի․ Լաչինի միջանցքը փակ է, արցախցիները՝ անասելի զրկանքների մեջ։ Զրուցել ենք Գլենդելի նախկին քաղաքապետ Արտաշես Արդի-Քասախյանի հետ։

- Կոչով դիմել եք ժողովրդին՝ ուշադրություն հրավիրելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։ Հորդորել եք միանալ ձեզ, կանգնել Արցախի կողքին, բարձրացնելու իրազեկությունը և պահանջել, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունն իր խոսքերի հետևում քայլեր ձեռնարկի՝ օգնելու արցախահայությանը։ Ըստ ձեզ, Վաշինգտոնի ջանքերն այս ուղղությամբ անբավարա՞ր են։

Ա․Ք․ - Համոզված եմ, որ հայերն ամենուրեք պարտավոր են օգտագործել իրենց ռեսուրսներն ու կարողությունները՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելու այս ճգնաժամի վրա: Մենք կեղծ հույս ունեինք, որ խաղաղապահների ներկայությունը կաջակցի կենսական հիմնարար նախաձեռնություններին, ինչպիսիք են սնունդի և դեղորայքի անխոչընդոտ մատակարարումը Արցախին: Բայց ճշմարտությունն այն է, որ մենք այլևս չենք կարող սպասել, քանի որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործել և մտադիր է ապօրինի կերպով գրավել ամբողջ Արցախը՝ հաշվի չառնելով նրա կյանքին սպառնացող վտանգը։ Ես չեմ հավատում, որ ԱՄՆ կառավարությունը գործադրում է բավարար ջանքեր՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու համար և նրանց ստիպելու՝ վերաբացել միջանցքը։ Կարծում եմ, որ միայն խոսքերը չեն ստիպի Ալիևին և Ադրբեջանին ետ կանգնել իրենց ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից։

- Հուլիսի 28-ին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, այդ թվում՝ ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն, այցելեց Կոռնիձոր, որտեղ այս պահին ադրբեջանցիներն արգելափակել են Հայաստանից Արցախին տրամադրված հումանիտար ավտոշարասյունը։ Որքանո՞վ կարող է ազդել սա Բաքվի որոշման վրա, արդյո՞ք միջազգային համայնքը կկարողանա մեծացնել Ադրբեջանի դեմ ճնշումը և, ի վերջո, հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։

Ա․Ք․ - Որպես ամերիկացի հարկատու և համայնքի առաջնորդ, ես շատ հիասթափված եմ այն ամենից, ինչ անում է Միացյալ Նագանգները։ Սա բավարար չէ։ ԱՄՆ-ի կառավարությունը պետք է իր դեսպանին ուղարկի Ադրբեջան՝ այցելելու շրջափակված ճանապարհները, ինչպես նաև Արցախ՝ պարզելու անմեղ քաղաքացիների կարիքները։ Առանց դրա, մեր ամերիկյան պետական պաշտոնյաների բոլոր այցելություններն ու ելույթներն անօգուտ են։

- ԱՄՆ-ն վերահաստատում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին։ Այս մասին էլ հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին։ Ինչու՞ են Բաքվում անտեսում այս ամենը և ի՞նչ պետք է անել նրանց դիմադրությունը կոտրելու համար։

Ա․Ք․ - Շրջափակման դադարեցման վերաբերյալ կոչերն անտեսելու պատճառն այն է, որ դրանք միայն խոսքեր են՝ առանց որևէ պատժի: Եթե ԱՄՆ-ն խիստ պատժամիջոցներ չկիրառի Բաքվի և նրանց նկատմամբ, ովքեր բիզնես են անում նավթային դոլարների վրա հիմնված այս ստահակ բռնապետության հետ, ոչինչ չի փոխվի: Կառավարությունները արձագանքում են միայն իրական իրադարձություններին և ոչ միայն խոսքերին: Բաքուն պետք է հասկանա, որ ԱՄՆ-ն լուրջ է, բայց ցավոք ԱՄՆ-ն անլուրջ է, ինչի մասին վկայում են նրա թույլ հայտարարությունները։

- Ի դեպ, օրերս Արցախի պետնախարարը դժգոհել էր, որ Սփյուռքի հայությունը համարժեք ուշադրության չի արժանացնում Արցախում տիրող հումանիտար աղետը, կոչ անելով ավելի ակտիվ ջանքեր գործադրել խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Մինչդեռ, գաղտնիք չէ՝ հենց հայկական մեծ սփյուռքն է, որ ավանդաբար ու պատմականորեն Հայաստանի ու Արցախի կողքին է։ Դատելով ձեր վերջին կոչից, կարելի՞ է ասել, որ դուք ինչ-որ իմաստով համամիտ եք Ստեփանակերտից հնչած հորդորի հետ։

Ա․Ք․ - Չեմ կարծում, որ միայն Սփյուռքն է, որ կարող է փոխել ստեղծված իրավիճակը, այլ Հայաստանում ժողովուրդն ինքը պետք է բարձրաձայնի: Սփյուռքը ամուր զգացմունքներ և կապեր ունի հայրենիքի հետ, բայց եթե իրական փոփոխություններ են լինելու, այն պետք է սկսվի Հայաստանում գտնվող մարդկանցից, ովքեր պետք է պատասխան պահանջեն իրենց պետական պաշտոնյաներից և տեր կանգնեն իրենց ճնշված հայ եղբայրներին ու քույրերին, ովքեր ապրում են Արցախում՝ իրենց պապենական հողերի վրա։ 
1980-ականների վերջերին Արցախյան շարժումը սկիզբ առավ նախ արցախահայությունից, երկրորդը` Հայաստանի Խորհրդային Հանրապետության հայերից: Սփյուռքից չէ։ Նույնկերպ, 2020 թվականի պատերազմից ի վեր ընկճվածության և անվստահության կիզակետում գտնվող մեր այսօրվա հայաստանցիները և սփյուռքի մեր ընկերներնը, հաշվի առնելով ՀՀ իշխանությունների շարունակական ձախողումները, պետք է հասկանան, որ առանց Արցախի չի լինի Հայաստան և առանց Հայաստանի չի լինի սփյուռք, որը կարող է գոյատևել։

Արա Ալոյան