Աշոտ Հովսեփյան․ Հողի փորձություն, աթոռի կռիվ...

Աշոտ Հովսեփյան․ Հողի փորձություն, աթոռի կռիվ...

Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ 
ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:
Վազգեն Սարգսյան

Բուշլատներով կռած մեր հաղթանակը ձեր կոստյումներով պարտության չվերածեք։
Հաղթանակած տղերքի պատգամը բանակցողներին

 Բարի լույս, Վազգեն։ Բարի լույս, Սպարապետ։ Թոբա թե` լույսը բարի է։ Անցյալ գիշեր Արցախում էլի զոհեր ունեցանք` չորս ազնիվ տղերք, չորս տան ճրագ... Ոսոխը կրակում է, հրետակոծում։ Գրեթե ամեն օր։ Գլուխդ  բարձրցրու, է՜, տես, թե քո թողած Արցախից ինչ ա մնացել, քո գիտցած Հայաստանն էլ էն չի հիմա, և ուր որ է` Մեղրին կպայթի, ոնց որ ասում էիր, Երևանի կենտրոնում... Չէ՛, ես կասեի` Հայաստանի գլխին... Հա՜, բայց Սևանը չի վարարի ու Հայաստանն էլ ջրատակ չի անի։ Ու Հայաստանն էլ ջրի ճարակ չի լինի։ Որովհետև թուրքազերին Սևանն էլ է ուզում իրենով անել ու ջուրը տանել` իր դաշտերը ջրե՞լ, թե` չգիտեմ է՛լ ի՞նչ զահրումար անել, ի՞նչ զիբիլ զխտկվել։ Ու զրկել մեզ մեր Սևանից էլ։ Իսկ երկրիս իշխանության ղեկը ստի-կեղծիքի ու խաբեության միջոցով զավթած, ու նույն ստի-կեղծիքի ու խաբեության, հետն էլ անօրինակ իրավական կամայականությունների ու ոստիկանական բռնությունների միջոցով էդ ղեկը դեռ պինդ պահող` դուրս­պրծուկ դասալիքների դասալիք պարա­գլուխ թոզմիշլար մեկն օրնիբուն իր սուտուփուտն է սաղացնում երկրի վրա, ու ցավն էլ էն է, որ «ուսապարկ» հորջորջված իր սազանդարները նրան համերաշխ ձայնակցում են։ Ու մեր երկիրը հիմա ջրալի ճառուբարբաջանքի տակ է կքել-ծանրացել` 2020-ի քառասունչորսօրյայի խայտառակ պարտության բեռի հետ մեկտեղ։ Ու դա էն բանից հետո, երբ սրանից երեսուն ամիս առաջ էդ թոզմիշլար պա­րագլխի ձեռամբ գաղտագողի ՙկնքվեց՚ նմանը չունեցող հույժ ամոթալի, դավաճանական, ստո­րացուցիչ հրադադար, 1994-ի հաղթական պատերազմն անավարտ թողած էն թերատ թղթից վատթար մի բան` որպես դրա ուղղակի շարունակու­թյուն ու տխրահռչակ ավարտ, որ ըստ էության ոչ այլ ինչ էր, եթե ոչ երկսայրի դաշույնի` անթույլատ­րելի, անարգ հարված քնած ազգի թիկունքին։ Ու գրչի` երևի թե երեսուն վայրկյան տևողությամբ մի թեթև հար­վածով էդ ազգուրաց ու հայրե­նադավ պա­րագլխի վայ-կառավարման ուղիղ երեսուներորդ ամսվա ավարտին` նախորդ երեսուն տարիների ընթաց­քում այս կամ այն կերպ, լավ կամ վատ պահպանվող` երեսուն տարի առաջվա մեր բոլոր ձեռքբերումները երեսուն տարի անց իսպառ ի չիք դարձան հետագա երեսուն օրերի ընթացքում։ Ասում են, թե թուրքերը թվերի խորհրդապաշտությամբ են տառապում։ Եսի՞մ։ Չգիտեմ։ Ես չգիտեմ, թե որքան է դա ստույգ։ Թերևս թուրքերի պատվերը կատարող թոզմիշլարն ավելի ստույգ կիմանա։ Բոլոր պարագաներում չափազանց շատ են համընկումները. հենց միայն Մոնթե Ավոյի ծննդյան օրը նրա և իր զինակիցների կողմից ազատա­գրված հնամյա Քարվաճառի հանձնումը ոսոխին` առանց իսկ մեկ կրակոցի։ Էլ չասեմ պատերազմի սկիզ­բը` 2020-ի սեպտեմբերի 27-ը, որ նույնությամբ կրկնում էր ուղիղ հարյուրամյա վաղեմության հայ-թուրքական պատերազմի սկիզբը` 1920-ի սեպտեմբերի 27-ը (հին տոմարով` սեպտեմբերի 14), և էլի շատ այլ համընկումներ։ Իսկ վերջինը` Ակնայի ազատագրման օրն իր պարտված անձը հաղթնակողիդ անձի հետ համեմատելու` թոզմիշլարի տվայտալի ջղաձգումները հենց իսկ քո հիմնադրած Երկրապահի երեսուն ամյակի հանդիսության ժամանակ։ 

Ու եղավ այն (ո՞նց եղավ, ա՜խր), որ ազգովին Հողի զգացողությունը կորցրինք, Հողի ուժն անտեսեցինք, Հողի հոգուց կտրվեցինք։ Եվ արդ մեր հոգիներում ուրացել ենք Հայրենիքը, մեր մտքերից հանել պետություն ունենալու տեսլականը, դարձել ենք (գուցե թե մինչ այս էլ ենք եղե՞լ) պետական մտածողությունից իսպառ ու կատարելապես զուրկ ժողովուրդ: Կարծես նույնիսկ ինքնապահպանման բնազդն արդեն չի գործում։ Այլևս։ Ու ի հետևանք` Հայրենիքը փոքրացել, փոխարենը` Եռաբլուրն է մեծացել։ Ու թե այսուհետ էլ այսպես գնա, ի խորոց սրտի` էլի կմեծանա։ Սահուն սողալով` հիմա էլ հերթն արդեն հասել է ինչ-որ «փոխանակումների». Արարատը` Արագածով, առյուծը` շակալներով... Ու «զիլն» էն է, որ ջահել-ջուհուլ թրքաճորտ ու թրքահարճ նորելուկների էդ կակաֆոնիկ խառնաղմուկին տոն տվողներից են նաև կոմսոմոլյան կարկառուն գոյանքներ։ Հատկապես նրանք, որոնք քո ողջության օրոք, հանկարծ ու պատահական, քեզ մի հինգ-տասը մետրից տեսնելիս, եթե հանկարծ հայտնաբերում էին, թե իրենց փուտ ու ախմախ գլուխներում ինչ-որ պղտոր մտքեր ե՞ն պտտվում, պատ էին որոնում, որ էդ փուտ ու ախմախ գլուխները պատովը տային, քար էին փնտրում, որ էդ քարն իրենց փուտ ու ախմախ գլուխներին տային, ինչ է` թե դու հանկարծ ու չընթերցես իրենց սակավ ու տկար մտքի էն աղտեղությունները, որ հիմա, գլուխդ (գուցե` բռունցքդ) կորցրած, արդեն հրապարակավ, բացեիբաց են բարբաջում բարձր ու ցածր ամբիոններից. մեկը` թե Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր, էն մյուսը` թե Արցախը ե՞րբ ա մերը եղել, ո՞ր, էն մեկելն էլ... Թյո՜ւ, էս ի՞նչ եմ անում, տե՛ս, որ ես էլ իմ հերթին եմ ախմախ-ախմախ կրկնում էդ աղտեղությունները։ Քեզ էն ժամանակ համազգային բոբո էին սարքել, մինչդեռ քո շվաքի ներքո իրենք իրենց ոչուփուչ, նվաստ գոյությունն էին քարշ տալիս` քո անունով իրենց հալավն աստառելով (հարստություն դրստել, բարեկեցիկ կյանքի, ապահով վիճակի հասնել) ու սպասելով մի հարմար առիթի, ինչն էլ ի վերջո ներկայացավ։ Ու դա հենց էսօր է, որ նորօրյա դուրսպրծուկ գիշատիչների ոհմակի սին «ուսապարկ»-ներն արդեն հասել են խաչքար հանելու գործին... տարիներ առաջ ու տարիներ շարունակ Ջուղայի և այլ խաչքարերի սպանդն իրականացնող, եկեղեցիներ ու գերեզմաններ ավերող ոսոխի պահանջով։ Ու դա էլ դեռ բավ չէ, փորձում են մի ճարպոտ խաչ քաշել քո պաշտելի լեռան` Բիբլիական Արարատ վրա։ Ու աչքերիս առջև ակամա հառնում է տարիներ առաջվա մի դիպված, երբ քո մի պատվերի կատարման շուրջ ես ու ձևավորողները` ճարտարապետ Գրիշն ու նկարիչ Խորոն թունդ վիճում էինք, թե պատվիրված պաստառի համայնապատկերը պիտի ներառի՞ Արարատ լեռը, թե` չէ։ Գրիշը լիովին ու խորապես համոզված էր, որ Արարատն անպայման պիտի պատկերվի, Խորոն մերժում էր, իր ասելով` «ազգային ազատագրական մանդրաժի» էդ գաղափարը, ես էլ իմ հերթին էի պնդում, որ ոչ մի պարագայում քո պատվերն առանց Արարատի պատկերի չի կարող լինել։

Հանկարծ, մեր թունդ վեճին անսպասելիորեն միջամտեց քո պատվերն արվեստանոց բերողը` քո շվաքի ներքո քո անունով իր հալավն աստառողներից անաղուհաց մի գոյանք, որ մեկեն պոռթկաց. «Արա՜, ախպեր, ի՞նչ էլի կպաք էդ մասիսներին, մասիսներից ի՞նչ եք ուզում։ Դիփըդ Մասիսով եք տառափում, հա՞։ Էսօր ով տեղից հելնում ա, մի հատ կիստ ա վեկալում ձեռն ու խոլստի վրա մի հատ Մասիս ա նկարում, թե` խուդոժնիկ եմ։ Թե պետք ա, ախպեր, մի շաբթըվա մեջ մի-մի հատ թազա մասիսներ դնեմ` սարքեմ, եգիպտական բուրգերի պես, տամ ձեզի։ Թե չէ` իրա հմար սար ա, էլի՛»։ Իհարկե նա էն ժամանակ իրեն արժանի պատասխան ստացավ, անգամ «ազգային ազատագրական մանդրաժի» գաղափարը մերժող նկարիչ Խորոն հակադրվեց նրան։ Բայց էն ժամանակ ոչ մեկիս մտքով չէր անցնի, թե տարիներ անց մանկուրտային էդ ստոր մտայնությունը դրա հոգեզավակներն անթաքույց հրապարակ պիտի նետեն, ու դա պիտի անի երկրիս իշխանության ղեկը զավթած թոզմիշլարը... Ա՜խր սրանք նույնպես, իրենց հոգեհայրերի հանգույն, ի՞նչ իմանան, ա՜խր որտե՞ղից գիտենան, որ մարդիկ` հայեր թե՞ օտարներ, Հայաստան այցելելիս, դեռ իսկ օդանավակայանում են տեսնում գերյալ Արարատը` հայկական հնամենի բնապատկերի անկրկնելի վեհությունը։ Եվ ըստ հավատալիքի, եթե Սրբազան Արարատ լեռն այցելուին դիմավորում է ամպերի մեջ, ուրեմն չի ընդունում, չի ողջունում, իսկ եթե պարզորոշ ցույց է տալիս իր ողջ լուսե պատկերը, ուրեմն` ընդունում է։ Բայց, ինչպես երևակվեց, Արարատն էս գոյանքներին միշտ էլ ամպերի մեջ է երևում, հանց իրենց հոգեհայրերին ու թուրք-ազերիական տերերին... հակառակ կողմից։

Ի դեպ, հիշում ե՞ս, թե դու էն ժամանակ ի՞նչ զարմանքով և անափ հիացքով էիր դիտում, զմայլվում Արարարտի գագաթի և հակառակ կողմի կադրերը, որ նկարահանել էի ու ներառել «Խոր Վիրապ» ֆիլմիս տեսաշարում։ Էդ գործն անասելի մեծ դժվարությամբ էի գլուխ բերել. Կինոմիությունից մի տեղեկանք էի տարել` «զորավոր» թուղթ, ամենազոր ԿԳԲ` ֆիլմի սցենարի հետ, և Երևան-Ղափան չվերթի ինքնաթիռից նկարահանումներ անելու թույտվություն ստացել։ Դե իհարկե, ամենևին մեծ գաղտնիք չէ, որ վեհապանծ Արարարտի հակառակ կողմն այնչափ շքեղաշուք, այնքան փառահեղ չէ, հանց մեր կողմից` Արարատյան դաշտի համայնապատկերի վրա։ Բայց դե` Արարարտը եղել է, կա ու միշտ էլ կմնա Արարատ` խորապես թքած ունենալով ոմն թոզմիշլարի ու զնմանների խիստ ժամանակավրեպ, թյուր կարծիքի վրա։ Դրա հետ մեկտեղ, երևի թե թուրքերը հատկապես էդ հարցում էլ են մեզ նախանձում, որ նույն Արարարտի տարբեր կողմերի պատկերների մեջ հիրավի կան որոշակի տարբերություններ, և այն կողմում չկա է՜ն վեհությունը, որ կա մեր կողմում։

Դե, միանգամայն հայտնի բան է, իհարկե, որ բնության մեջ բացարձակ համաչափություն, այլև` միանշանակ ու միօրինակ նմանություններ չեն լինում։ Ու երևի թե դրա համար էլ թուրքերը բնավ չեն թաքցնում, որ ուզում են, շա՜տ են ուզում գերյալ Արարատի մեր կողմը ևս իրենցով անել։ Եթե իհարկե` մենք թույլ տանք, որպիսի ուղղությամբ փորձում են մեզ մղել, ուղղորդել` Նժդեհի ասած` թուրքանման հայերը...

Երեկվանից արդեն ամեն առավոտս քեզ հետ է սկսվում։ Բարի լույսով։ Անցյալ օրը Գագոն բերեց քեզ` ինձ զրուցակից։ Հիշում ե՞ս, սրանից համարյա քառասուն տարի առաջ քո մանկության ընկեր Գագոն, որ իմ էլ ուսանողական ընկերն էր, մեզ ծանոթացրեց Վեդիում... Հա՛, հիմա Վեդին «կառավարում» է թոզմիշլարի կողմից մակնշված տգետ վունդեռ-ուռոդը` ինքնասիրահարված տխմար ու պոռոտախոս կոկորդիլոսագետ մէ սրսուռ գեղցի, որ երևի դուրս է թռել հենց կոկորդիլոսի «քարաճիկից»` միառժամանակ այնտեղ կզկտած կեցությունից հետո, որից էլ թևավորված` իր գեղիցը ձիու անկանգ վարգով Լուվր է հասել, ու դրան թվացել է, որ իր դժգույն ու դժբախտ ֆոնին անգամ Ջոկոնդան է Լուվրում «խամրել»։ Եվ ինչո՞ւ միայն Ջոկոնդան։ Ծագումով սյունեցի լրագրող Հասմիկն իրավամբ փաստում է, որ սրա և զնմանների էդ գորշ ֆոնին «...ոչ միայն Ջոկոնդան, այլև Արցախն ու Հայաստանն են խամրել։ Հայաստանի ու Արցախի ճակատագիրն են «մանրացրել, քաղցր շաքարի նման լուծել» մի բաժակ թեյի մեջ ու խմում են։ Ու սրանց ֆոնին հայը այլևս սեփական կյանք չունի, հայը անցյալ ու ապագա չունի, հայը գիր ու մշակույթ չունի, հայը պատմություն չունի։ Սրանց ֆոնին հայն էլ է խամրել, իսկ Արցախն ու Հայաստանն էլ դժբախտ ու դժգույն են դարձել։ Սրանց ֆոնին մենք գրեթե Արցախ չունենք, Հայաստանն արդեն սպառում եք։ Սրանց ֆոնին նույնիսկ արդեն կարելի է կասկածել` հայ ազգ եղե՞լ է»։ Ու պոռթկում է Հասմիկն արդար ցասումով. «Ո՞վ եք դուք, ծաղկից ծաղիկ շրջող, մի օրով ապրող թիթեռներ, ո՞վ եք դուք, որ ձեզ վստահվել է մեր հինավուրց երկիրը»

Հասմիկ, հարգելիս, ի պատասխան միանգամայն տեղին քո հարցումին, ըստ իս, Չարենցի բնորոշումն է սպառիչ, թե դրանք սև մարդուկներ են անկար ու չնչին, ինչպես անհաս Արարատին նետած քար, որ անզոր ու նույն անկարությամբ էլ առհավետ կկորչեն...

Չէ՜, լավ է` չհիշեմ կոկորդիլոսածին էդ կոկոջամբոյին, Վազգեն, այլ մեր ծանոթության պատմությունը վերհիշեմ։ Եվ ուրեմն... Հը՜մ, ի՞նչ եկավ միտքս։ Ողորմի քեզ, Վանո՜, Աստված ողորմի քո էլ մեղսավոր հոգին։ Դե, մի՜ նեղացիր, ես մեղավոր չեմ։ Քեզ պես մեկն է ասել, ուրեմն, անտիկ հույների յոթ իմաստուններից մ.թ.ա. 6-րդ դարում ապրած փիլիսոփա, բանաստեղծ ու քաղաքական գործիչ Քիլոն Սպարտացին. «Մահացածների մասին կա՜մ լավը պիտի ասել, կա՜մ ոչինչ... բացի ճշմարտությունից»: Քո պարագայում քո բաժին մեղսավոր մի ճշմարտությունն էլ էն է, որ մի անգամ ասացիր, որ եթե ամբոխով գերագույն գլխավորի վրա են քշում, և ուրեմն` մի ութ հարյուր հոգու էլ պետք ա փռել: Կամ էլ` մոտավորապես` նման մի բան: Ասելն` ասացիր, բայց չարեցիր էդ բանը: Էդ սև գործը: Չէ՜, չարեցի՜ր: Եվ ուրեմն` փաստ է, չէ՞, որ վերջին հաշվով մեղսավոր ենք ամենքս էլ... Բայց «Եվ ուրեմն»-ը մեղսավորության հետ կապ չունի։ Քո սիրելի բառակապակցությունն էր «Եվ ուրեմն»-ը։ Վազգենը` վկա։ Չէ՞, Վազգեն։ Ներողամիտ եղիր, Սպարապետ։ Մտապատկերումս քո ընկեր Վանոն առկայծեց ահա` խոհերումս այլ վերհուշ արթնացնելով։ Անշուշտ հիշում ես, բնավ չես մոռացել, թե ինչ ուրույն հնչերանգով էր Վանոն արտաբերում «Եվ ուրե՜մն...», ու հետո մեխում. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քան­զի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքը այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ» (Արձակագիր և քաղաքական ու պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մի միտքն է)։  Ու երիցս ճշմարիտ է և արդիական Վանոյի մեկ այլ պնդում ևս, որպես դարերով հարատևող` մեր աննահանջ կռապաշտության մշտառկա առհավատչյա, թե` «...հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով: Հայը հավա­քական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ: Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով` հռչակում թշնամի, նեղվում ենք այդ թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա» (Վանո Սիրադեղյանի մեկ այլ միտքն է)։  Ու էս պարագայում էլ, կարծում եմ կհամաձայնես, Սպարապետ, զավեշտալին էն է, որ էս ճշմարիտ տողերի հեղինակը պատմական էս շրջափուլում հենց ինքն էլ եղավ ամենագործուն մասնակիցն ու մեկը բարձրագույն հրամանատարներից` էն գործընթացների, էն խոտելի դրսևորումների (ընդ որում` նաև մեր հաղթանակներից ու նվաճումներից հետո), որ կարող են հանգեցնել մեր Հայրենիքի որոշ մասը ևս պատմական դարձնելու «վեհ առաքելության» իրականություն դառնալուն։ Եվ, օ՛հ, ծա՛ղր. ինքը` Վանոն, հետո` մինչ ի մահ, Հայրենիքում այլևս չբնակվեց (հանգամանքների բերումով), ու «վերադարձավ» Հայրենիք... սոսկ այստեղ թաղվելու։ Մինչդեռ ինչ դիպուկ է ասել. «Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակ է Հայաստանը.... Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ` տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա» (Վանո Սիրադեղյանի «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» պատմվածքից) Մեկ էլ ների՜ր, Վանո՜։ Քիլոն Սպարտացին` վկա։

Հը՜մ, դառնամ էն առաջին վերհուշիս։ Եվ ուրեմն, Վազգեն, երբ մենք Վեդիում հանդիպեցինք, հենց էդ ժամանակ ես Խոր Վիրապի մասին ֆիլմն էի նկարում, որ պիտի լիներ Միութենական կինոինստիտուտի ընդունելության այցեքարտս։ Հիրավի՛, անասելի մեծ դժվարությամբ էր գործը գլուխ գալիս։ Դե գիտես, Խոր Վիրապը սահմանային գոտի էր, թույլտվություն էր պետք։ Դե ես էլ, ամեն անգամ` նախքան նկարահանման մեկնելը, նախ Կինոմիությունից մի «զորավոր» թուղթ էի տանում ամենազոր ԿԳԲ, Արկադի Ռայկինի ասածի պես` տեղեկանք ստանալու համար տեղեկանք, որ էստեղից էլ մի այլ թուղթ տային, թե տանեի Արտաշատի սահմանապահ ջոկատ, էնտեղից էլ` սահմանապահ ուղեկալ, որ երկու զինվոր կցեին հետս` հսկելու Խոր Վիրապում նկարահանումներս, որ ինչ է թե՞ սահմանային տարածքները չհայտնվեին կադրում։ Ու քանի որ նկարահանումներն առավոտ կանուխ պիտի արվեին, ամեն անգամ էլ այդպես մեկ օր շուտ գալիս էի Վեդի, հյուրընկալվում ընկերոջս։ Ու այդպես էլ էդ անգամ եղավ, երբ մեր ընկեր Գագոն մեզ ծանոթացրեց` ասելով, թե մենք շատ ենք նման մեկմեկու և, միաժամանակ, շատ ենք տարբեր միմյանցից. ուսանել ենք տարբեր ԲՈՒՀ-երում, բայց երկուսս էլ մի կողմ ենք թողել մեր ստացած էդ կրթությունը և բոլորովին ուրիշ բաներով ենք զբաղվում, թուղթուգրչի հետ ընկերություն անում։ Ու այդպես ծանոթացանք ու շուտով էլ բաժանվեցինք, մինչև նոր հանդիպումն` արդեն «Հացի փորձություն» անդրանիկ ժողովածուիդ կապակցությամբ` դրա լույս աշխարհ գալուն պես։ Հետո հազվադեպ հանդիպումներ եղան, մինչև որ Արցախյան շարժման բուռն ու անհանգիստ տարիներին մեր հանդիպումները հաճախացան` վերսկսվելով Երասխավանից, որտեղ դրվեց շատերի մարտական ուղու սկիզբը, շատերի առաջին մարտը տեղի ունեցավ, և ինչպես ըն­դունված էր ասել էն ժամանակ` շատերն այնտեղ մարտական մկրտություն ստացան: Ոմանց համար, ցավոք սրտի, դա եղավ առաջին ու վերջին մարտը, իսկ ողջ մնացածների «բախտը բերեց»... միառժամանակ` մինչ հաջորդ մարտը։

Ապա մեր հանդիպումները շարունակվելով` հասան 1996-ի սեպտեմբեր, երբ էն հարյուր տոկոսի մասին դու մի բան ասացիր, որ երևի պիտի չասեիր, ինչի առթիվ դժգոհությունս ուղղակի հայտնեցի քեզ։ Դու լռեցիր էդ պահին, բայց հետո մեր ընկեր Գագոյին քո հերթին հայտնել էիր քո դժգոհությունը, թե լավ չէ, որ ես ձեր կողմնակիցը չեմ, թեպետև... Իսկ ամեն ինչ ավարտվեց էն չարաբաստիկ, չարաղետ հոկտեմբերի 27-ով... Ու երբ հետագայում ձեռք բերեցի «Խաղ» հետմահու ժողովածուդ, որ ընկերներդ` Էդվարդ Միլիտոնյանն ու լուսահոգի Հրաչյա Թամրազյանն էին սիրահոժար ու ջանադիր կազմել, այնտեղից էլ, ի թիվս այլ գործերիդ, շատ գրավեց նաև «Մեր հայրը» պատմվածքդ, ու դա ընթերցելիս աչքիս առջև զանազան պատկերներ էի տեսնում, որ մինչև հոգուս խորքը (իմ էլ մեղսավոր հոգու խորքը) ցնցեցին ինձ. «Ինչո՞ւ եք էդքան խեղճ, էդքան անօգնական…. Հորեղբայրս, հայրս, ինչո՞ւ ես էդքան մեղք... Ձեր լեռներում ու այգիներում, ձեր աշխատանքի գլխին` իշխան ու թագավոր, էս անպտուղ հերթերում ինչո՞ւ եք էդքան խեղճանում... Դուք եք, ախր, երկրի աղը, կույր ինքնամատուցմամբ ինչո՞ւ եք ձեզ դնում ստերջ անասունների կճղակների տակ...» (Վազգեն Սարգսյանի «Մեր հայրը» պատմվածքից)։Քո գիրն է։ Մարգարեական խոսքեր` էսօրվա մեր իրականությանը հարիր, որ իմ սիրտն էլ մղկտացրեց։ Մի շնչում սցենարը գրեցի ու տարա էն աղբորդ մոտ, որ կուսակցապետ էր արդեն. իմ կարճ խելքով, իբր, ֆիլմի նկարահանման աջակցություն ստանալու։ Մինչդեռ էդ ժամանակ նրա համար, ինչպես ասում են` «Նե դօ էտօգօ, նե դօ կինօ», քանզի նա, որ քո անունով էր ասպարեզ իջել ու սրահ մտել, մարդամեջ խառնվել, էն գլխից աստիճանաբար անունդ էր սևացնում, որ էսօր է՜լ սևացնելու տեղ կարծես չի թողել. մինչև անգամ 44-օրյա մղձավանջի չարաղետ պարտությունից անմիջապես հետո արդեն սովետների ժամանակների քո «բազում սոսկալի արկածներից» էր պատմություններ անում` հրապարակավ ու հրճվալից, թե ո՞նց էիր քո «նախորդ անսանձ կյանքում» չարամտորեն քարալեխում դեպի «եղբայրական» Նախիջևան ընթացող գնացքներն ու խեղճ հերնումերդ էլ օրումեջ քեզ «միլիցյայությունից» ո՞նց էին «դարձի բերում»... տուն։

Հապա՜, Վազգեն, քո երկրային փառավոր, փառահեղ կյանքից հետո, որ ողջը Ոգու փորձություն էր (ի բացառյալ էն հարյուր տոկոսի մասին ասածիդ, որ պիտի չասեիր), քո երկնային կյանքում նոր-նոր սկսվել են մղձավանջներդ։ Ու քո մղձավանջներն էլ, իմ ընկեր Բենոնիի մղձավանջների պես, որ պատերազմից իրեն հիշատակ մնացած իր բազում վերքերից ամենավատթարները եղան ու ցմրուր իրեն խժռցին իր կենաց ընթացքում, քեզ խժռում են հիմա` երկնային արքայության մեջ։ Ամբողջովին։ Սակայն և քո ամենատխեղծ մղձավանջում անգամ` դու ոչ մի կերպ էս օրը չէիր պատկերացնի, չէ՜. Շուշիի անկում և Արցախի կորուստ, որ ոմանց համար միևնույն է, նույն թվում քո շատ ու շատ մերձավորների։ Որովհետև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ, ինչպես և պատերազմից առաջ ու հետո, ոմանք ապրեցին անհոգ ու թեթև կյանքով, իսկ շատերը` տաժանալից ու ծանր տարան իրենց բաժին ընկած բեռը։ Ու ոմանց ոտքերը, ոմանց էլ մեքենաների անիվները տրո­րեցին կյանքի ճանա­պարհները։ Ոմանք իրենց խաչը ծանրումեծ, սակայն անտրտունջ տարան իրենց հոգնատանջ ուսերի վրա, իսկ ոմանք էլ խաչը կրեցին իրենց կրծքին` իբրև մի պարզ կախազարդ։ Չէ՞ որ ամեն մեկն ինքն է որոշում` ի՞նչ ուղի ընտրել. լինել խաչակի՞ր, թե` անհույս մոլորյալ, խաչի ճամփո՞րդ, թե` մի պարզ թափառական։ Ու, բնականաբար, թեթև ապրողները չէին կարող և այդպես էլ երբեք չգնահատեցին ծանր ապրողների հարգը, չհասկացան նրանց դարդուցավը։ Հանց կուշտը, հափրածը, որ միշտ մանր է փրթում քաղցածին, անոթի մեկին։ Հիրավի՜, Արցախյան հաղթական սրբազան պատերազմին ամեն մեկը, ով չլքեց երկիրը, ով մնաց, իր տեղում իր չափով իր մասնակցությունն ունեցավ, անգամ` եթե ինքը մարտադաշտ էլ չմեկնեց, բայց թիկուն­քում իր խոհերի ու մտորումների հետ թևանցուկ` իր ապրումների հետ իր կռիվը տվեց` ամեն օր, ամեն ժամ լուռ սպասե­լով ռազմաճակատային նորությունների` անթաքույց ու լիաթոք բերկրանք ապրելով հաղթությունների, հայրենի հերթական տարածքի ազատագրման պարագայում, ու դրա հետ մեկտեղ, շատ հաճախ էլ իր մեջ պար­փակված` խորապես սգաց քաջ տղերքի անդառնալի կորուստները։ Դե, ոմանք էլ ընդհանրապես անհա­ղորդ եղան ու այդպես անհաղորդ էլ մնացին մինչև վերջ։ Իսկ դու, որ արդեն Սպարապետ պատվանունն էիր վաստակել, օրինակ, խոստովա­նեցիր մի առիթով, թե Արցախյան առաջին պատերազմին տվեցիր ամեն ինչ` ձեռք բերելով հպարտություն։ Թերևս ես կգերադասեի ասել` արժանապատվություն։ Ու դա ըստ իս ավելի ճիշտ կլինի։ Քանի որ, ինչպես հայտնի է, հպարտությունը մեծ մեղք է, մահացու մեղքերից առաջինը, այլև` որ հպարտու­թյունից մինչև պարտություն ընդամենը մի տառ է։ Ու մի քայլ։ Աստվածամերժ հավատուրացի ազգապիղծ ու հայրենադավ քայլ։ Այնինչ, ի հակառակ անհաղորդների բազմության և ի հեճուկս շատ մորթապաշտ­ների` պատերազ­մին ամեն ինչ տվողներ էլի կային. ի պետս անարգ պարտության բացառման ու հանուն փառահեղ հաղթու­թյան կերտման` շատերն իրենց կյանքն իսկ չխնայեցին։ Մյուս կողմից էլ, էս ամենի հետ մեկտեղ, անագորույն պատերազմի ավարտին պատերազ­մական թոհուբոհից ամեն մեկը մի ձևով դուրս ելավ, որն` աններելիորեն ավարառու, որն էլ` աներևակայելիորեն չքավոր։ Ու մանավանդ որ, մութուխավարի դժնի տարիներին, երբ սակավ ու սուղ պայմաններում Արցախում ու Հայաստանի սահմաններում նվիրյալ տղերքն իրենց ու Հայրենյաց կռիվն էին մղում` կռելու մեր Ազատամարտի փառահեղ հաղթությունը, խառնակ ժամանակների ավարառուներն իրենց շարունակական ու անվերջանալի քեֆ-ուրախությունների ժամանակ կռվող տղերքի ու կռվում ընկած մեր ազնիվ ընկերների կենացն էին խմում հոտնկայս ու... անպատկառ` «...կարգին տղերքը, ում ձեռքին է զենքը,// Մահվան հետ գիշեր են լուսացնում:// Իսկ ազգի տականքը` մեր ազգի քերանքը,// Թալանում է ազգը ու պղծում» երգի հնչյունների ներքո, որ քեզնից հետո շատ տարիներ անց էլ դեռ զիլ զրնգում են գրեթե խլացած իմ ունկերում և է՛լ ավելի խլացնում։ Ու ստացվեց, որ հիրավի՛ ճշմարիտ է, երիցս անհերքելի էն պնդումը, թե` «Իրենց տականքները. ահա ազգե­րի իրական թշնամին: Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից։ Չկան անտականք ազգեր, ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի, հայի տականքը կմնա անմրցելի» (Գարեգին Նժդեհի ասույթների համակցություն)։

Է՜հ, ի՞նչ իմանայիր, եղբայր, թե հետո մեր ախմախ գլխներին է՛լ ի՜նչ պատուհասներ էին գալու մեր էդ տականքների ձեռամբ։ Թերևս է՛լ ի՜նչ պատուհասներ էինք բերելու ինքներս մեր գլխին` լուռ հանդուրժելով տականքներին ու դրանց փրփուր ի բերան բաժակաճառերը։ Քանզի կարգին տղերքը, երբ հաղթանակած վերադարձան մարտադաշտից, ազգի տականքին` էդ պիղծ թալան­չիներին պատժելու, թալանչի ձեռքը բռնելու և կտրելու փոխարեն` շատերն իրենց բանուգործին գնացին. ոմանք` վերքերը բուժելու, ոմանք` իրենց կյանքը նորովի կազմակերպելու, իսկ նրանցից ոմանք էլ հենց իրենք ներգրավվեցին էդ գործերում` անարգ թալանից ամեն մեկն իր որկորին ախորժելի բաժին հափռելու, փախցնելու նպատակով։ Գործուն դերակատարություն ունեցան հատկապես դաշտային որոշ հրամանատարներ, որ միշտ էլ եղան աջակից օրվա իշխանավորներին... Ու հասանք էս օրվան։ Իսկ դու... Բայց դու էս ամենը ո՞նց իմանայիր, Վազգեն, երբ Արցախը քո սրտում ընկար քո դիրքում... ազգապիղծ հայրենադավների գնդակից։

Ու թեև «Հարսա­նիք լեռնե­րում» ռազմագործողությունը հաղթական ավարտ ունեցավ, այդուհանդերձ, ինչպես խոստացվել էր, Շուշիում քո հարսանիքը չեղավ։ Ավա՜ղ։ Ու էդ հարսանիքում էլ, իհարկե, ոչ ոք չպարեց։ Բայց դե` քա­ղաքի ազատագրումը ոսոխից սակավ զինական ուժերով, սուղ զենք-զինամթերքով, փոքրա­քանակ զոհե­րով, էն ժամանակ ազերիների ողնա­շարը կոտրեց, իսկ մեր` հայերիս մեջ ամրապնդեց անգամ անհավատալի պայմաններում հաղթելու կամքը: Ու նախորդ 70 տարում հայաթափված քաղաքը նորեն իր գիրկն առավ իր իսկական տերերին, մինչև որ էսօր թուրք-ազերին մեր Շուշին հռչակել է իր` ոչ ավել, ոչ պակաս` մշակութային մայրաքաղաքը... Թյո՜ւ... Իսկ վերջին «հիշարժան» բանը... չարագուշակ, որ տեղի ունեցավ մեր Շուշիում, «դժգույն ու դժբախտ» քաղաքը հանձնել պատրաստվող թոզմիշլարի և խևերի իր ոհմակի չարաղետ այցն ու հրեշավոր վհուկապարն էր 2020-ի մայիսին։
Ու աշխարհի չափն ու կշիռը չիմացող և իրենց իսկ չափն ու կշիռը չճանաչող մանկուրտների ոհմակն իրեն տեղ ու դեր և դեր ու նշանակություն վերապահեց` կեղծուպատիր, երկդիմի աշխարհին ներկայացնելու մեր Սրբազան երկրի տեղն ու դերը և դերն ու նշանակությունն էդ աշխարհում` ողջը հասցնելով աննշան իսկ նշանակությունից զուրկ աստիճանի։ Քանզի անհատականությունից զուրկ էս գոյանքները, որքան էլ որ քո անունն էսօր հարկի-անհարկի հոլովեն իրենց պիղծ լեզուներով ու թոթովեն իրենց ուրացող շուրթերի վրա, միևնույն է` դրանց հասու չէ քեզ նման անխոնջ ու եռանդուն, քեզ պես հիրավի նվիրյալ անհատի «վախերը»։ Ասում էիր, չէ՞, ա՜խր համոզիչ էիր ասում, որ` «Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։ Մեզանից եմ վախե­նում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո` էլի մեկմեկու անվերապահորեն սիրել-հանդուրժել չսովորեցինք: Բռունցքված ձեռքն այսօր բուռ է դառնում և գրանցում ու աշխատատեղ է վաճառում գաղթականին, տնակ` աղետյալին» (Վազգեն Սարգսյանի «Հայի վերջին խելքը» ակնարկից)։ Ու միանշանակ է, որ էդ գոյանքներին ամենևին հասու չէ նաև քո պատգամը. «Աթոռի կռիվ մի՜ արեք, տղե՜րք, հողի կռիվ արե՜ք, որ աթոռը դնելու տեղ ունենաք»...

Չէ՜, հասու չէ և ոչ մի պատգամ, որովհետև էդ գոյանքները Հողի զգացողություն չունեն, որովհետև բորբ արյուն չեն թափել հայրենի Հողի վրա, որովհետև հայրենի Հողի հերկն առատ քրտինքով չեն ողողել, և Հողն էլ իրենցը չեն համարում։ Ու դրա համար էլ Հողը հեշտ են տալիս։ Իսկ զավթած աթոռներն արդեն ելել են ու ծանրումեծ այլևս բազմել են դրանց շալակներին...

Ու էսօր, ավա՜ղ, մեր երկիրը մի այնպիսի անհասկանալի վիճակի մեջ է հայտնվել, մեղմ ասած` իհարկե, որ ժամանակին նաև քո անմիջական և անձնվեր մասնակցությամբ ու եռանդուն ջանադրությամբ հիմնված հաղթական բանակը կազմաքանդվում է ներքին թշնամու ձեռամբ, ու Պաշտպանության նախարարությունն էլ, ի հետևանք ամենայն չարիքի, հընթացս արդեն իսկ վերածվել է սին ու անհեթեթ հերքումների և անմիտ ու նվաստ արդարացումների մի յուրօրինակ գրասենյակի, որ այժմ հենց ինքն է լիակատար, համապարփակ, անվիճելիորեն անվերապահ պաշտպանության լրջագույն կարիք զգում։ Իսկ քո հիմնադրած Երկրապահն էլ էսօր ղեկավարում է նախկին դաշտային հրամանատար կոչվածներից մեկը` ժամանակին քո անունով իր հալավն աստառած, որը ստով-կեղծիքով ու խաբեությամբ առլեցուն, բայց այլևայլ ճոռոմաբանություններով զգեցրած ու հմուտ քողարկված իրենց «թավշյա հեղափոխություն» հորջորջյալ խաբկանքն անպատկառ ու լպիրշ ցինիզմով ավելի կարևոր համարեց Արցախյան ազատամարտից ու մեր Սրբազան հաղթանակից։ Ու դա իրականում խիստ աղետաբեր եղավ Ազատամարտի ու Հաղթանակի համար։ 

Չէ՛, չդիմացանք։ Մենք Հողի փորձությանը չդիմացանք` գերադասելով աթոռի կռիվը...