Շրջափակված գյուղեր չկան․ ինչ են պատասխանել քաղաքացուն կառավարությունից

Շրջափակված գյուղեր չկան․ ինչ են պատասխանել քաղաքացուն կառավարությունից

Քաղաքացի Վանո Կարապետյանը մեզ է տրամադրել իր հարցմանն ի պատասխան կառավարությունից ստացված գրությունը։ Քաղաքացին մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է, թե ի՞նչ իրավական հիմնավորումներով է Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը զիջել Ադրբեջանին․

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Ձեզ հայտնի կարևորագույն հատվածներ հանրությանը անհայտ առանց որևէ իրավական հիմնավորումների զիջվել են Ադրբեջանին, զիջման արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի մեկ տասնյակից ավելի բնակավայրեր հայտնվել են կոմունիկացիոն շրջափակման մեջ։ Խնդրում եմ ինձ տալ այն բոլոր իրավական և փաստական հիմնավորումները, որի արդյունքում Ադրբեջանին է զիջվել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հիշյալ հատվածները։ Միաժամանակ ինձ տրամադրեք այն քարտեզը, որը իրավական հիմք է ծառայել հիշյալ ճանապարհահատվածը զիջելու համար»,- ասված է քաղաքացու հարցման մեջ։

Կառավարությունից, սակայն, որևէ իրավական հիմք չեն տրամադրել, պարզապես հղումներ արել Նիկոլ Փաշինյանի ելույթներին ու ինչ-որ հրապարակումների․

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վանո Կարապետյանին Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված ու վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետի կողմից Սյունիքի մարզպետարան վերահասցեագրված Ձեր հարցմանն ի պատասխան, տեղեկացնում ենք, որ 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության ստորագրած բոլոր եռակողմ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է հանրությանը, լուսաբանվել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկատվական միջոցներով, հրապարակվել է պետական պաշտոնական համացանցային կայքերում և հեռուստատեսությամբ: 44-օրյա պատերազմից հետո ծագած սահմանային խնդիրների, այդ թվում՝ Գորիս-Կապան ավտոմոբիլային ճանապարհի առանձին հատվածներում ծագած խնդիրների մասին, մի շարք անգամ պարզաբանումներ և բացատրություններ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչապետի ասուլիսներում և այլ հրապարակումներում : (Այս մասով պաշտոնական տեղեկատվություն՝ այդ թվում որոշակի քարտեզնելի ու սահմանների կիրառման տրամաբանության հետ կապված, կարող եք ստանալ, օրինակ, Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ https://www. primeminister.am պաշտոնական կայքում հրապարակված նյութերից, ՀՀ պաշտպանության նախարարության' https://mil.am, Արտաքին գործերի նախարարության պաշտոնական https://www.mfa.am կայքերից և այլ պաշտոնական աղբյուրներից): Ձեր հարցման մեջ հայտնված մտահոգության մասով տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզում չկան շրջափակված բնակավայրեր: Մարզի բոլոր գյուղական բնակավայրերը, սահմանամերձ գյուղերը ավտոմոբիլային ճանապարհներով կապված են համապատասխան համայնքային և նախկին շրջանային կենտրոնների հետ: Այլընտրանքանին ավտոմոբիլային ճանապարհների անցանելիությունն օր-օրի բարձրանում է, քանի որ ներկայումս լայն թափով ընթանում են նոր ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, արդեն կառուցված ճանապարհների լայնեցման, հարթեցման ու խճապատման աշխատանքներ' մարզի սահմանամերձ գյուղեր տանող այլընտրանքային բոլոր անհրաժեշտ և կարևոր ուղղություններով»,- պատասխանել են կառավարությունից։