Խաղաղություն մեր զոհերի ու տարածքների հաշվին

Խաղաղություն մեր զոհերի ու տարածքների հաշվին

Մի քանի անգամ թե՛ «Հրապարակի» էջերում եւ թե՛ Ֆեյսբուքում արձանագրել եմ, որ Փաշինյան Նիկոլի վարչապետությանը, գրագետ եւ հայրենասեր հայությունից բացի, կողմ է համարյա ողջ մարդկությունը: Եթե դավադրապաշտ լինեի, ապա, որպես հիմնական կռվան, այս հանգամանքն օգտագործելով՝ կսարքեի դրոշակ ընդդեմ հրեաների, մասոնների, 300-ի կոմիտեի եւ այլն: Սակայն քանի որ դավադրություննների տեսության կողմնակիցը չեմ, պետք է ընդունեմ, որ խնդիրը երեքուկես տարվա Փաշինյան Նիկոլի վարչապետության մեջ է: Նրա մեջ, որ «ժողովրդավարական» իշխանությամբ Հայաստանը հավասարվեց, օրինակ, Իրաքի եւ Հյուսիսային Կորեայի նման մերժված պետություններին: Ակնհայտ է, որ բոլորը պահանջում են, որ մենք համակերպվենք Արցախի կորստի հետ: Համակերպվենք ՀՀ բուն տարածքները մաս առ մաս թշնամուն հանձնելու հանգամանքի հետ, քանի որ դրա շնորհիվ «ձեռք կբերենք» տարածաշրջանային խաղաղություն: Մեր զոհերի եւ մեր տարածքների կորստի հաշվին կհաստատենք խաղաղություն: 

Նախկիններին մերժող Նիկոլի շնորհիվ մենք անընդհատ բարդույթավորվում ենք, երբ հետպատերազմական իրավիճակում ինքը պետք է հանդիպի Իլհամի կամ Պուտինի հետ: Նախկինների օրոք, բնականաբար, նման ապրումներ չենք ունեցել: Բայց հանուն նիկոլական «ժողովրդավարության» եւ հանուն նիկոլական խաղաղ դարաշրջանի մեկնարկի՝ մենք ստիպված ենք կրել այդ տառապանքը: Իհարկե, դրան կարող էինք վերջ տալ, եթե կարողանայինք հեռացնել նրան իշխանությունից: Սակայն քանի որ դա մեզ մոտ չի ստացվում, ուրեմն պետք է գոհ լինենք, որ Սոչիի վերջին հանդիպման հայտարարության մեջ բացակայում է «միջանցք» բառը: Եվ, ընդհանրապես, պետք է գոհ լինենք, եթե որեւէ ադրբեջանամետ կամ վտանգավոր արտահայտություն չի հայտնվում միջազգային այս կամ այն փաստաթղթում: Նախկինների օրոք Հայաստանի ներկայացուցիչները կռիվ էին տալիս նման փաստաթղթերում ոչ հայանպաստ յուրաքանչյուր արտահայտության դեմ, ու մեծ մասամբ դա պսակվում էր հաջողությամբ: 

Այլ է իրավիճակը «ժողովրդավարական» Հայաստանում: Չունենալով նման աշխատանք կատարողներ, չունենալով նույնիսկ կամք եւ անգամ ցանկություն՝ նման աշխատանք կատարելու՝ Նիկոլը հույսը դնում է օտարների վրա: «Միջանցք» բառի բացակայության առումով, օրինակ, նրա հույսը ՌԴ նախագահն էր: Կամ էլ, իր կարծիքով, արեւմտյան երկրների համար մոգական՝ «ժողովրդավարություն» եզրույթը: Առանց գիտակցելու, որ այդ եզրույթը երբեւէ չի ունեցել որեւէ արժեք արտաքին քաղաքականության բնագավառում: Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում բողոքելով ադրբեջանական ներխուժումներից՝ սպառնալիքի ներքո հայտնված երեւույթների թվում նա նշեց նաեւ հենց հայաստանյան «ժողովրդավարությունը»:

Սակայն հայաստանյան «ժողովրդավարությունը» ոչնչով չի կարող օգնել Նիկոլին, երբ վերջինս բանավոր պայմանավորվածությունների մեջ է մտնում Իլհամի հետ: Այն անձի, ով ծնվել եւ հասունացել է Խորհրդային Ադրբեջանի վերնախավի ինտրիգային շրջանակում եւ ավարտել Մոսկվայի լավագույն բուհերից մեկը (МГИМО): Իլհամին խորամանկությամբ հաղթել փորձող միամիտ ենոքավանցին, բնականաբար, պետք է պարտվեր: Պարտվեր ինքը եւ իր միջոցով նաեւ Հայաստան երկիրը: Պարտվեր պատերազմում եւ հատկապես հետպատերազմական իրավիճակում: Իսկ հետո էլ խոժոռ հայացքով նայեր իր երբեմնի «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը: