Ի՞նչ է արել Արթուր Ղազինյանն անձամբ Նիկոլ Փաշինյանին

Ի՞նչ է արել Արթուր Ղազինյանն անձամբ Նիկոլ Փաշինյանին

«Քաղպայմանագրի» խորհրդարանական թիմը շատ հպարտ է ու հաղթանակած՝ 14-րդ անգամ հերոսաբար տապալեցին պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» դաշինքի թեկնածուի՝ Արթուր Ղազինյանի ընտրությունը։ Մարդիկ հումորներ են անում սոցցանցերում, գրում են՝ «Համբերանքի չիբուխը» Ղազինյանի մասին է գրվել, կոկա-կոլայի հետ են համեմատում՝ «կրկին փորձիր»։ Մի խոսքով՝ բոցվելու, ղժժալու լավ թեմա է հայտնվել ասպարեզում։

Իսկ «Հայաստան» դաշինքը համառ է եւ հետեւողական՝ չի ուզում իր թեկնածուին փոխել։ Չեն փոխում, որովհետեւ այդ պաշտոնը հանձնված է ընդդիմությանը, եւ ընդդիմությունը պետք է որոշի՝ ով է զբաղեցնելու այն։ Եթե նահանջեն, զիջեն իշխանության ճնշումներին, կնշանակի, որ իշխանական ցանկություններով են առաջնորդվում, հետեւողական չեն իրենց որոշումների մեջ, եւ անդրանիկքոչարյաններն ու քրիստինեպողոսյաններն են որոշում, թե ում առաջադրի «Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում։ Թեեւ պարզ է, որ այդ հանձնաժողովի՝ կոճակ սեղմող անդամները չեն այս դեմարշի հեղինակը՝ օպերացիան ղեկավարում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, որը չի ներում Արթուր Ղազինյանին՝ իրեն քննադատելու եւ թերեւս շիշը պատահաբար իր ուղղությամբ նետելու համար։ Ինչպես չի ներում Առուշ Առուշանյանին՝ իրեն քննադատելու համար, չի ներում Մխիթար Զաքարյանին՝ կնոջ հասցեին ոչ հաճելի խոսքերի համար, Արմեն Չարչյանին՝ Քոչարյանի ճամբարում հայտնվելու համար։ Ուրիշ մարդիկ էլ կան, որոնց Փաշինյանը չի ներում։

Օրինակ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին չի ներում եւ մի քանի հազար դոլար կաշառքի մեղադրանքով արդեն մոտ երկու տարի 57-ամյա հիվանդ մարդուն պահում է կալանքի տակ։ Չի ներում Դավիթ Տոնոյանին եւ Պատրոն Դավիթին, որոնց մեղքը չի հաստատվում, եւ քննությունն էլ կանգնած է, բայց նրանց կալանքը երկարացվում է։ Չի ներում Աղվան Հովսեփյանին, որի մեղադրանքը եւս, ըստ իրավաբանների, փուչիկ է, եւ չեն կարողանալու ո՛չ ապացուցել, ո՛չ դատարան հասցնել։ Չի ներում Արթուր Վանեցյանին, որը համարձակվել է իր թիմից դուրս գալ եւ քննադատել իրեն։ Ուրիշներն էլ կան Փաշինյանի սեւ ցուցակում։

Բայց վերադառնանք Արթուր Ղազինյանին։ Ղազինյանին մերժող ՔՊ-ական ուսապարկերը կարո՞ղ են բացատրել, թե ինչով են Վահե Հակոբյանը կամ Իշխան Սաղաթելյանը, կամ Թագուհի Թովմասյանն ավելի «սիրելի» իրենց, ինչո՞ւ նրանք սիրահոժար կամ մի քիչ չեմուչումից հետո, այնուամենայնիվ, ընտրեցին վերջիններիս, մեկին՝ ԱԺ փոխնախագահ, մյուսներին՝ հանձնաժողովների նախագահներ, իսկ Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալ չեն ընտրում։ Առհասարակ՝ եթե Սահմանադրությունն ասում է, որ այս պաշտոնները պետք է տնօրինի ընդդիմությունը, չընտրելու իմաստը ո՞րն է։ Ի՞նչ են ուզում դրանով ասել։ Այս պարագայում պետք է թերեւս օրենքը հստակեցվի՝ հատուկ օրենքը կամայականորեն մեկնաբանող եւ խելագարության կանխավարկածով առաջնորդվող ուսապարկերի համար, եւ նրանց պետք է ասվի, որ ձեր մաղձը, վրիժառությունը, ընդդիմությանը «կզըցնելու» մարմաջն ուրիշ տեղ դրսեւորեք, իսկ օրենքին ծառայեք՝ առանց դեմարշների։

Չի կարող մի ամբողջ իշխանություն, մեծամասնություն կազմող ուժ, որն իրեն քաղաքական է համարում, այսպիսի նեղմիտ ու մանրախնդիր լինել։ Նույնը վերաբերում է այդ ուժի ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին։ Ի վերջո, միլիոն խնդիր ունեք լուծելու, հազար հոգս է ծանրացել ձեր ուսերին, մեր երկրի վրա այսքան վտանգներ են կախվել, ժամանակը չէ՞ վեր կանգնելու նեղանձնական վրեժխնդրությունից եւ բուն գործով զբաղվելու։ Վերջապես՝ ուրիշ ի՞նչ պետք է լիներ մեր երկրում, ինչքա՞ն պետք է կորցնեինք մեր ինքնիշխանությունը, ի՞նչ կորուստներ պետք է կրեինք ազգովի, որ սկսեիք գիտակցել ձեր ուսերին ծանրացած պատասխանատվությունը։ Եվ ընդդիմության առանձին գործիչների նկատմամբ վրիժառությունից ձեռնպահ մնայիք, ավելին՝ կոչ անեիք բոլորին՝ օգնել ձեզ, որ լուծեք ձեր ուժերից վեր խնդիրները եւ մեր երկիրը հանեք այս փոսից։

Պարոն Փաշինյան, ի՞նչ է արել Արթուր Ղազինյանն անձնապես Ձեզ, որը չեն արել Վահե Հակոբյանը, Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, մյուս ընդդիմադիրները, որ չեք կարողանում այդ վիրավորվածությունը ոչ մի կերպ հաղթահարել եւ երկրի ղեկավարի նման Ձեզ պահել։

Սվետա Մարտիրոսյան