Հայաստանի հանքերի ադրբեջանականացում է տեղի ունենում․ հաջորդը Թեղո՞ւտն է

Հայաստանի հանքերի ադրբեջանականացում է տեղի ունենում․ հաջորդը Թեղո՞ւտն է

Գործող իշխանությունը Հայաստանի տարածքների հետ նաեւ մեր ազգային հարստությունը՝ հանքերն է որոշել կամաց-կամաց հանձնել այլոց։ Բայց եթե տարածքները հանձնում է ուժով, այսինքն՝ թշնամու կողմից ուժի կիրառմամբ, ապա հանքերի հանձնումը ադրբեջանական կամ ռուս-ադրբեջանական վերահսկողությանը արվում է «փափուկ ուժի» կիրառմամբ։ Մենք գրել էինք, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին, որպեսզի ռուսական ՎՏԲ բանկը կարողանա տարատեսակ մախինացիաների շնորհիվ պարտքի դիմաց «Վալլեքս» ընկերությունների խմբից խլի Թեղուտի հանքավայրը։

ՎՏԲ-ն, հիշեցնենք, ռուս-ադրբեջանական կապիտալով բանկ է, որտեղ մասնաբաժին ունի նաեւ Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը։ Սրան մենք անդրադարձել էինք առանձին ծավալուն հոդվածով։ Բայց Թեղուտի հանքն առանձին քննարկման թեմա է, թե ինչպես են այն այսօր նոր գործընթացներով փորձում նոր տերերին հանձնել, որոնց հետեւում դարձյալ Ադրբեջանի ականջներն են երեւում։

Դրան զուգահեռ, վերջին ամիսներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տարօրինակ իրադարձություններ տեղի ունեցան։ Իշխանությունների կողմից այնտեղ իրականացված «մասկի շոուներին» եւ ձերբակալություններին հաջորդեց ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վերաբաշխում, եւ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը տիրապետում է Հայաստանի խոշոր հանքերից Սոթքի եւ այլ հանքավայրերին, դարձավ նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը՝ հանձին ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոյի, ընդամենը երկու ամիս առաջ տեր դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսին, հետո այդ բաժնետոմսերի մի մասը՝ 25 տոկոսը, կասկածելի գործարքի արդյունքում «նվիրեց» Հայաստանի կառավարությանը։

Ռոման Տրոցենկոյին պատկանող «Նակիլեպ Օվերսիս» ընկերությունը 2020 թվականի հուլիսին ձեռք էր բերել Հայաստանի ամենախոշոր հանքերից մեկը՝ Սոթքի ոսկու հանքավայրը։ Շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ամենամեծ բաժնեմասը տնօրինելով՝ նա դարձել էր ընկերության վերահսկիչ փաթեթի կառավարիչը: Այսպիսով Տրոցենկոն դարձավ Հայաստանի ամենախոշոր երկու լեռնահանքային ընկերությունների սեփականատեր։ Իսկ ո՞վ է Տրոցենկոն։ Նա, բացի միլիարդատեր լինելուց եւ տարբեր ոլորտներում հսկայական բիզնեսների տիրապետելուց, 2012 թվականից նաեւ «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի խորհրդականն է։ Մի մարդու, որը 2020թ. սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից պարգեւատրվել էր երկրի բարձրագույն պարգեւով։ Այս իմաստով առնվազն կասկածելի է, թե ինչու պետք է Տրոցենկոյի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսերին տիրանալու, հետո դրա 25 տոկոսը Հայաստանի կառավարությանը նվիրաբերելու գործարքից մեկ տարի առաջ Ալիեւը շահեր Տրոցենկոյի ղեկավար եւ գործընկեր Սեչինի սիրտը։

Այս ամենին զուգահեռ՝ ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ «Գեոպրոմայնինգն» Իռլանդիայում թողարկել է 300 միլիոն ԱՄՆ դոլարի պարտատոմսեր, որոնք ապահովված են Հայաստանում գտնվող ակտիվներով։ Անհասկանալի է, թե ովքեր են ձեռք բերել այդ պարտատոմսերը, եւ արդյոք այդ գումարը մտե՞լ է Հայաստան, թե՞ ոչ։ Ի դեպ, հենց այդ պարտատոմսերի թողարկման ազդագրում նշվում է, որ Սոթքի հանքավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Մինչդեռ այս իշխանությունները համարում են, որ Սոթքի հանքը կամ գոնե դրա մի մասը ՀՀ տարածքում չէ՝ ադրբեջանական կողմում է, եւ այս պահին այն մասամբ վերահսկվում է ադրբեջանցիների կողմից։

Նկատենք, որ ազդագրի թողարկմանը նպաստել է ՌԴ-ում քաղաքական հետաքրքրություն ունեցող ՎՏԲ բանկը, որի բաժնետեր է հանդիսանում, ինչպես նշեցինք, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը։ Այսինքն՝ թելերը դարձյալ տանում են դեպի Ադրբեջան, որը քաղաքական ու տնտեսական նուրբ գործարքների արդյունքում կամաց-կամաց փորձում է տեր դառնալ Հայաստանի ազգային հարստությանը՝ ընդերքին։ Իսկ այն, հիշեցնենք, պատկանում է ժողովրդին։ Եվ այսօր ժողովրդին պատկանող ազգային հարստությունը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կամաց-կամաց հանձնում է ադրբեջանական վերահսկողությանը, այս պահին՝ ռուսական մասնակցությամբ, իսկ վաղը, չի բացառվում՝ ամբողջությամբ։ Հատկապես որ Ալիեւը կարծես թե արդեն ավարտված է համարում Զանգեզուրի միջանցքին տեր դառնալու հարցը՝ չթաքցնելով իր նկրտումներն ամբողջ Սյունիքի նկատմամբ։ Ասել է թե՝ հայաստանյան հանքերի ադրբեջանականացում է տեղի ունենում։

Հիմա էլ կարծես թե հերթական գործարքն է նախապատրաստվում կամ գուցե արդեն իրականացվել է՝ Թեղուտի հանքավայրի հետ կապված, որը ՎՏԲ բանկը բռնագանձել է հայաստանյան «Վալլեքս» ընկերությունների խմբից՝ 308 մլն դոլար պարտքի դիմաց։ Հիմա, ՎՏԲ բանկի ակտիվ մասնակցությունը «Գեոպրոմայնինգի» պարտքի թողարկմանը, ՎՏԲ բանկի եւ Ադրբեջանի կապը, ինչպես նաեւ նախորդած իրադարձությունները թույլ են տալիս հանգելու այն համոզման, որ պատրաստվում է Հայաստանի վերջին մեծ հանքի հանձնումը ադրբեջանական կառավարմանը։
Ավելին, մեզ ասացին՝ գործարքն արդեն կայացել է, պարզապես դեռեւս ինչ-ինչ պատճառներով չի հայտարարվում։ Ամենայն հավանականությամբ՝ շուտով կհայտարարվի գործարքի կայացման մասին, հատկապես որ մամուլում դեռ նախորդ տարի էր գրվել, որ ՎՏԲ բանկը Թեղուտի հանքավայրը պատրաստվում էր նվիրել Հայաստանի կառավարությանը, սակայն արդյունքում այլ հանքի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերը «նվիրեցին» ՀՀ կառավարությանը։

Նկատենք նաեւ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ նոյեմբերի 4-ին ընկերության իրական շահառուների վերաբերյալ ներկայացրած հայտարարագրում նոր անուն է ավելացել․ ԶՊՄԿ-ի սեփականատերերի ցանկը համալրել է Տրոցենկոյի հետ տարբեր բիզնեսներում փոխկապակցված, առերեւույթ ադրբեջանական ազգանուն կրող Միրզաազիզ Մուսախանովը, որի քաղաքացիությունը, սակայն, ԶՊՄԿ-ի բաժնետերերի հայտարարագրում նշված է՝ Ռուսաստան։

Ի դեպ, կան տեղեկություններ, որ Թեղուտի հանքավայրն այս պահին կանգնած է, չի շահագործվում, չնայած որ տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն պարբերաբար խոսում է Թեղուտի հանքավայրի շահագործման, ծավալների մեծացման եւ արդիականացման մասին։ Օրերս էլ հարցազրույց էր տվել՝ նշելով, որ «Թեղուտ մայնինգ» ընկերությունը լրացուցիչ աշխատանքներ է իրականացրել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի ամրապնդման ուղղությամբ: