AknEye նախագծի աջակցությամբ Փարիզում կայացել է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը

AknEye նախագծի աջակցությամբ Փարիզում կայացել է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը

AknEye մշակութային նախագծի աջակցությամբ օրերս Փարիզի Ալեք Մանուկյան հայկական մշակութային կենտրոնում կայացել է նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես-երեկոն: Կազմակերպմանն աջակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը և Ֆրանսիայի ՀԲԸՄ-ն։

«Քոչարյան գծի մոգական փոխհատումները» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Մաեստրոյի՝ փարիզյան շրջանի առանց նախնական ուրվանկարի, ձեռքի ազատ, սահուն, չընդհատվող շարժումներով, սեղման տեխնիկայով կատարված գրաֆիկ ստեղծագործությունների վերատպությունները: Այցելուներին նաև ներկայացվել է թանգարանի կողմից ստեղծված և Մաեստրոյի կյանքն ու ստեղծագործական ընթացքը պատկերող տեսաֆիլմը՝ ֆրանսերենով, ինչպես նաև Երվանդ Քոչարի թանգարանի ներկայիս գործունեությունն ու առաքելությունը: 

Արվեստագետի յուրօրինակ ընկալումներն իրենց արտահայտումն են գտել նաև ֆիջիթալ՝ ֆիզիկական ու թվային տարբերակով: Արվեստասերները հնարավորություն ունեցան պրոյեկցիայի միջոցով տեսնելու AknEye-ի այլընտրանքային մոտեցումներով վերստեղծված հայտնի «Կինն ու աքաղաղը» ստեղծագործությունը, որը ինչպես ենթադրվում է, հեղինակի ինքնանկարն է։

Երեկոյի ընթացքում այցելուները ծանոթացել են AknEye մշակութային նախագծի նորարարական լուծումներին, վայելել Երվանդ Քոչարի անափ երևակայության դրսևորումները և նորովի են բացահայտել վարպետի բացառիկությունը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ու սեղման տեխնիկայով արված գործերի մոտիվներով ստեղծված ինստալյացիաների շնորհիվ։