Լկտիացող թշնամին եւ մենք

Լկտիացող թշնամին եւ մենք

Թշնամու ցինիզմն ու լկտիությունն ուղիղ համեմատական են մեր իշխանությունների խոնարհությանը: Ինչքան մեր իշխանություններն ավելի շատ են խոսում խաղաղությունից, հաշտությունից, պատերազմից խուսափելուց, ճանապարհները բացելուց այնքան լկտիանում է Ալիեւը: Նրա հոխորտանքն ու սպառնալիքներն արդեն կորցրել են չափի ու զսպվածության բոլոր սահմանները, եւ նա արդեն ոչ միայն «Նոլդու Փաշինյան» է ասում, այլեւ Իրանին, Ֆրանսիային, Ռուսաստանին ուղղված շանտաժ ու սպառնալիքներ է հնչեցնում: Նորից խոսում է իր հաղթանակի, մեր պարտության, իր զավթողական ծրագրերի եւ իր կամքը մեզ պարտադրելու մասին: Իսկ մեր իշխանությունը, որն իր ողջ ուժն ու ցասումը բարեհաջող կերպով այս տարիներին կիրառում է ընդդիմության նկատմամբ եւ երկրի ներսում ո՛չ մի կերպ չի կարողանում ո՛չ խաղաղության, ո՛չ հաշտության, ոչ համերաշխության ու բարիդրացիության մթնոլորտ ձեւավորել, չի արձագանքում ագրեսորի ցինիզմին:

Թշնամու հանդեպ այսքան բարյացակամ, սեփական երկրի քաղաքացիների հանդեպ այսքան անհանդուրժող իշխանությունը լռում է` ի պատասխան Ալիեւի զառանցանքներին: Փոխարենը շատ հետեւողականորեն պետական ռեսուրսներն է կիրառում Արմեն Աշոտյանին պատժելու վրա: Շիրակի թեմի առաջնորդին է հրավիրում պետական հեռուստատեսություն եւ մեղադրյալին հարցաքննելու նմանությամբ հարցազրույց է կազմակերպում, իր կոճակ սեղմող պատգամավորներին հրահանգավորում է ձաղկել ու դատապարտել ընդդիմության առաջնորդներին եւ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների լրագրողներին: Եվ այս ծուռ հայելիների աշխարհում ալիեւների նմաններն ավելի են լկտիանում` նվաստացնում ու վիրավորում ոչ միայն Հայաստան պետությունը, այլեւ ողջ հայ ժողովրդին: