«Հրապարակ»-ի լրագրողը՝ պարեկի մեքենայում․ ռեյդ՝ Երեւանում (տեսանյութ)
«Անցումով անցեք, անցումով»․ այսօր առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում լսվում էին պարեկային ծառայության ոստիկանների ձայները՝ ուժեղացված ծառայություն էր, հետիոտներին հիշեցնում էին՝ կյանքը թանկ է, ճանապարհն անցեք հետիոտնային անցումով։
Փողոցը չթույլատրված հատվածով անցնելու սովորությունից ձերբազատվելը լրջագույն խնդիր է դարձել մեր ժողովրդի համար։ Ամենուր վերգետնյա եւ ստորգետնյա անցումներ են, սակայն քաղաքացիներն ալարում են քայլել։ Հինգ մետր ավել չքայլելու եւ երկու րոպե շուտ տեղ հասնելու համար մարդիկ ճանապարհը հատում են ոնց պատահի, որտեղ պատահի։
Այսպես ամեն տարի ավտովթարների եւ մահվան ելքով վրաերթերի պատճառով հարյուրավոր քաղաքացիներ են զոհվում։ Նախորդ տարի հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, զոհերի եւ վիրավորների թիվը իրավապահ համակարգում լուրջ մտահոգություններ են առաջացրել։ 2023թվին 108 մարդ է զոհվել՝ ճանապարհը ոչ սահմանված վայրով անցնելու հետեւանքով, հազարից ավելի քաղաքացի հոսպիտալացվել է՝ մարմնական ծանր վնասվածքներով։
ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հստակ հանձնարարական է իջեցվել՝ նվազեցնել մասնավորապես մահվան ելքով ավտովթարներն ու վրաերթերը։ Այս նպատակով այսօր Ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Իրավապահների ուշադրության կենտրոնում էին ճանապարհը ոչ սահմանված վայրով անցնող հետիոտները, որոնց հենց տեղում տուգանում էին 5 հազար դրամի չափով։ Պարեկների ուշադրությունից չվրիպեցին նաեւ իրավախախտ վարորդները։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարծիքներ