Հայաստանին ոչ ոք չի զինելու, Հայաստանի համար ոչ մի ֆրանսիական մակրոն չի գալու կռվի

Հայաստանին ոչ ոք չի զինելու, Հայաստանի համար ոչ մի ֆրանսիական մակրոն չի գալու կռվի

Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հասցեին կեղծ հայտարարություններ ու մեղադրանքներ շաղ տալ։ Հերթական անգամ ադրբեջանական իշխանությունները հայտարարում են, որ ՀՀ իշխանությունների կողմից իրենց փոխանցված ականապատման քարտեզներն իրական չեն, ու ադրբեջանցիները շարունակում են պայթել ականների վրա։ Մենք զրուցեցինք ազատամարտիկ, արցախցի Աշոտ Սեւյանի հետ։ Կռվի ժամանակ արդյոք հնարավո՞ր է ականապատ դաշտերի քարտեզներ գծել, եւ այդ քարտեզները որքանո՞վ կարող են ճշգրիտ լինել, ու ի՞նչ իմաստ ուներ տրամադրել այդ քարտեզները, եթե դրանք նոր պրոբլեմներ են ստեղծելու մեզ համար, եւ անգամ ադրբեջանցիներն են դժգոհելու մեզնից։

- Որքանո՞վ են արդարացված դժգոհություններն այդ քարտեզներից, Դուք՝ որպես կռված մարդ, ի՞նչ եք մտածում դրա մասին։

- Սկսենք նրանից, որ այդ ականապատման քարտեզներից բոլորը չէ, որ իրողությանը համապատասխանում են։ 1990-1994 թթ․ պատերազմի ժամանակ տարածքներ են եղել, որ ականապատվել են իրենց՝ ադրբեջանցիների կողմից, ու տարածքներ են եղել, որ ականապատվել են մեր կողմից։ Չմոռանանք, որ Ադրբեջանը գրավել էր Մարտակերտը, համարյա մինչեւ Դրմբոն գյուղը։ Իրենք նահանջելուց ականներ էին դրել, որ ազատագրելուց մենք էլ պայթենք, ու այդ քարտեզները հնարավոր չէ, որ Հայաստանն ունենա ու տա։ Ինչ քարտեզ էլ տա, միեւնույն է, լինելու են ոչ տեղային ականներ, այսինքն՝ ո՛չ մենք ենք տեղը ֆիքսել, ո՛չ իրենք են ֆիքսել։ Խուճապի ժամանակ լինում է, չէ՞, նահանջի ժամանակ ականապատում ես տարածքը, որ նահանջ անես, բայց ականապատողները, դժբախտաբար, մահացել են, ու խուճապի ժամանակ ոչ ոք չի նստել քարտեզագրել, թե ով որտեղ ական դրեց։ Հիմա Հայաստանի Հանրապետության այդ խեղկատակն ինչքան էլ քարտեզ տա, միեւնույն է՝ 100 տոկոսանոց չի կարող տալ։

- 44-օրյա պատերազմի իրողություններին անդրադառնանք։

- Այդ ժամանակ շատ կողմերից է ականապատվել, բայց էլի չի քարտեզագրվել։ Մի մոռացեք՝ մենք ունենք սնարյադներ, որոնք Ջաբրաիլում, Ֆիզուլիում չօգտագործվեցին, մենք ունենք սնարյադներ, որ կրակում ես, օդում պայթում է՝ վերեւից ներքեւ հակատանկային ականներ են թափվում։ Դա դու չես կարող երբեք քարտեզագրել։

- Այսինքն՝ ադրբեջանցիները պետք է վախենան նման կասետային ականներից։

- Բնականաբար։ Կասետային սնարյադը որ օդում պայթում է, կասետը վերեւից շաղ է տալիս, ամբողջ տարածքն ականապատում է, դա դու չես կարող քարտեզագրել։ Կարող ես ընդամենը մոտավորապես հեկտարով վերցնես, գրես՝ ականապատված դաշտ, որովհետեւ դա մարդը չի դրել, այլ տեխնիկան ցրել է դաշտով մեկ։ Քեզ տալիս է հնարավորություն, մինչեւ թշնամու սապյորները տարածքը մաքրեն, դու նոր տեղում դիրքավորվես։ Բնական է, որ ականապատման քարտեզները, որ պահանջում են Հայաստանից, դա լոգիկայից դուրս է, իրենց պետք են առիթներ՝ նորից սադրեն, նորից հարձակվեն, իրենք օգտագործելու են ամեն առիթ։

- Հայաստանին միջազգային հանրության աչքում ուզում են բացասական լույսի ներքո՞ ներկայացնել։

- Տեսեք, եկեք մի պարզ բան հասկանանք, միջազգային հանրությանը ոչինչ էլ պետք չէ, ուղղակի իրենք նախապատրաստվում են իրենց ապագա գործողություններին, որ ասեն՝ տեսեք, 15 օր առաջ զգուշացրինք, որ հայերը դիրքեր են ուժեղացնում, հայերը կրակում են պոստերի վրա, տեսեք՝ հայերը նորից խաբում են, ականապատման քարտեզները չեն տալիս։ Սա պատճառ է՝ նոր գործողություն սկսելու համար։ Եթե մի անգամ մարդը զիջել է, թեկուզ փողոցային, մարդկային կյանքում, մի մարդ եթե մի անգամ զիջել է՝ միշտ զիջելու է։ Այս մարդիկ միշտ զիջման են գնալու, որովհետեւ նրանց ասած ամեն քայլը կատարել են, հիմա չեն կարող ասել «ոչ»։ Բռնել են այս ուղին, գնում են այս ուղիով այս մարդիկ։

- Ստացվում է՝ ադրբեջանցիները հնարավոր է, որ 1990-ից իրենց իսկ դրած ականների վրա՞ են պայթում։

- Այո, ամենաթեթեւ ականը, որ դնում են, ունենում է մոտ 100 տարի կյանքի տեւողություն։ Չմոռանանք՝ իրենք ամեն ինչ կարող են հիմա պրոպագանդել, գցել մեզ վրա։ Ինչի՞ համար, իրենք քարոզչություն են անում, թե՝ տեսեք, հայերը դեստրուկտիվ են, խաղաղության չեն գնում։ Մեր ամենամեծ խնդիրը սա է՝ իրենց հերթական քայլերն են լեգիտիմացնում։ Դրա դիմաց թող մարդիկ մտածեն՝ ինչ են անում, ոչ մի Եվրոպա, ոչ մեկը չի պահելու Հայաստանը։ Հայ ժողովուրդը պիտի գիտակցի, թողնի սեւ-սպիտակ-շագանակագույնը մի կողմ, համախմբվի, բայց, իհարկե, ոչ այս խեղկատակների շուրջը։

- Ալիեւը հայտարարել է, որ եթե Բրյուսելում Բլինքենի, Լայենի ու Փաշինյանի հանդիպումը կայանա, ապա դա մեր տարածաշրջանում միայն լարվածությունը կուժեղացնի։ Ալիեւը ՌԴ-ի ու Իրանի ա՞չքն է փորձում մտնել։

- Ինքն իր քարոզչությունն է անում։ Մի շաբաթ կլինի, որ իրենք իրենց քարոզն անում են, որ հայերը չեն գնում խաղաղության, հայերը կրակում են պոստերի վրա, հայերը զորավարժություն են անում, հայերը տեխնիկա են կուտակում։ Չգիտես ինչու, Երասխում մի հատ ԲՄՊ էր անցնում ճանապարհի կողքով, ամբողջ Նախիջեւանի ֆրոնտով վերցրին, ասեցին՝ հայերը զինտեխնիկա են բերում առաջնագիծ, բայց դրան պատասխանող չկա, որ ես՝ իմ երկիրը, ինչ ուզեմ, կանեմ, սուվերենությունից խոսացողները չեն պատասխանում, որ ես՝ իմ պետական սահմանը, ինչ կուզեմ, կանեմ։

- Սա Ադրբեջանի կողմից պատերազմի նախերգա՞նք է։

- Իրենք նախապատրաստվում են ուղղակի, քարոզն անում են, որ վաղը, եթե Աստված մի արասցե, նորից հարձակվեն, նորից մեղադրեն, որ իբր իրենք այսքան ժամանակ գոռում-գոչում էին, որ հայերն այսպես էին անում, դուք չընդառաջեցիք, եւ ստիպված՝ իրենք անվտանգություն ապահովեցին։ Դա նորմալ ռազմական քայլ է, պետք չէ ինչ-որ հաշվարկներ ունենալ։ Մարդիկ դրել են ու իերնց երկարատեւ պլանն են անում։ Կստանա՞ն չորս գյուղ, մյուս անգամ արդեն կդնեն անկլավների հարցը, կստանա՞ն անկլավներ, կստիպեն այդ անկլավները հասնելու համար իրենց ճանապարհներ տալ, ճանապարհները չե՞ս տա՝ նորից կհարձակվի, ճանապարհները կտաս՝ կհրահրեն միջազգային թեմա, այսինքն, օրինակ, հայի-թուրքի մեջ բախում, կասի՝ ես իմ զորքը մտցնում եմ՝ իմ բնակիչների խաղաղությունն ապահովելու համար։ Այսինքն, Հայաստանի ներսում ինքը փորձում է ունենալ իր ռազմական պոտենցիալը, ու մենք թույլ ենք տալիս դա։ Եվրոպայում այդ ամսի 5-ի հանդիպմանը, շատ-շատ՝ Փաշինյանի գլուխն էլի շոյեն, մի միլիարդ փող խոստանան, ասեն՝ գնա ռուսների հետ ավելի վատացրու հարաբերություններդ, լավ կլինի։ Ոչ մի բան չեն անելու, Հայաստանին ոչ ոք չի զինելու, Հայաստանի համար ոչ մի ֆրանսիական մակրոնիկներ չեն գալու կռվեն, հայ ազգը պիտի իր սահմանները պաշտպանի։ Ու ես լավ ձեւը գտել եմ՝ ոնց կարելի է դա անել։

- Ինչպե՞ս։

- Ասեմ, բայց ոչ մի տեղ չգրեք (ծիծաղում է)։ Հավաքեք բոլոր ռուսամետներին ու արեւմտամետներին, մի գունդ ստեղծեք, տվեք ինձ ու ինձ ուղարկեք ամենավատ գիծը։ Միանգամից հարցը կլուծվի՝ արեւմտամետներն ու ռուսամետներն ու առաջին կարգում Խզմալյան Տիգրանին, եթե այդ սահմանը մի ադրբեջանցի անցնի՝ ամոթ ինձ, այդ ժամանակ բոլորը կդառնան հայամետ։ Կյանքը քաղցր բան է, իսկ առաջնագծում արդեն պրոպագանդայի համար ստացած գումարներն արժեք չեն ունենա, կսկսեն միմյանց թիկունքն ու սահմանը պահել։