Կկայանա՞ արդյոք Մելքոնյանի ազատագրական արշավը Գյումրի

Կկայանա՞ արդյոք Մելքոնյանի ազատագրական արշավը Գյումրի

Գագիկ Մելքոնյանը, ով Նիկոլ Փաշինյանի գաղափարներն ու ծրագրերը բարձրաձայնողներից մեկն է, ներկայացրել է Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգը. Ռուսաստանը պետք է իր զորքերը վերցնի՝ հեռանա Հայաստանից, իսկ նրանց փոխարեն Հայաստանի անվտանգությունը կապահովի Եվրոպան: Ադրբեջանը եւ այդ երկրի ղեկավարը կվախենան հարձակվել Հայաստանի վրա, որովհետեւ կվախենան եվրոպական պատժամիջոցներից: Մինչդեռ իրականությունն այն է, որ Ռուսաստանը չի պատրաստվում իր զորքերը վերցնել եւ հեռանալ, իսկ Եվրոպան էլ չի պատրաստվում Հայաստանի անվտանգությունն ապահովել: Արդյունքում Հայաստանը շարունակում է մնալ ռուսական օկուպացիայի տակ՝ անպաշտպան մնալով ադրբեջանական ագրեսիայից: Հայաստանի իշխանությունների քաղաքականության միակ արդյունքն այն է, որ ռուսական բարեկամական օկուպացիան հետեւողականորեն վերածվում է թշնամականի: 

Մելքոնյանը, հարցազրույցում անդրադառնալով Ռուսաստանի դեսպան Կոպիրկինի այն հայտարարությանը, որ Հայաստանում ռուսական զորքերը Հայաստանի անվտանգության երաշխավորն են, ասում է. «Ախպեր, ձեր զորքերը վերցրեք, գնացեք, Հայաստանի մասին մի մտածեք»: Մինչ այդ խոսելով Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակման մասին՝ Մելքոնյանն ասում է. «Ինքը (նկատի ունի Ալիեւին) հիմի չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա, որովհետեւ Եվրամիությունն արդեն իրան բացատրել ա, թե ինչն ինչով կավարտվի, եւ ինքն էդքան էլ հերոս չի»: Մելքոնյանը խոր աշխարհաքաղաքական վերլուծություն է անում Ադրբեջանի՝ ԵՄ-ից կախվածության մասին եւ ասում, որ Ալիեւի փողերը Եվրոպայում են, նա իր գազն ու նավթը վաճառում է եվրոպական երկրներին, եւ այդ կախվածությունը թույլ չի տա, որ Ալիեւը դեմ գնա ԵՄ պահանջներին ու հարձակվի Հայաստանի վրա: Ալիեւի փողերը նոր չէ, որ եվրոպական բանկերում են, եւ նոր չէ, որ Ալիեւը գազ կամ նավթ է վաճառում ԵՄ անդամ երկրնե րին: Դա կարնաեւ 2020 թվականին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, հետո 2021 եւ 2022 թվականներին հարձակվեց Հայաստանի վրա եւ գրավեց Հայաստանի տարածքները եւ հիմա էլ սպառնում է նոր հարձակում նախաձեռնել:

Բայց, չգիտես ինչու, չի վախեցել եւ չի վախենում Եվրոպայի արձագանքից: Նույնիսկ երբ որոշ ԵՄ եւ ամերիկյան պաշտոնյաներ պահանջեցին, որ Ադրբեջանը դուրս գա գրաված տարածքներից, Ադրբեջանն արհամարհեց այդ պահանջը: Ինչո՞ւ ԵՄ-ն չբռնագրավեց եվրոպական բանկերում պահվող Ալիեւի փողերը կամ չդադարեցրեց գազ ու նավթ գնել Ադրբեջանից, այլ հակառակը՝ անընդհատ ավելացնում է ադրբեջանական նավթի եւ գազի գնումները, որ փոխհատուցի Ռուսաստանից նավթ ու գազ գնելուց հրաժարվելու արդյունքում առաջացած պակասը: Ինչո՞ւ Ադրբեջանն այն ժամանակ համարձակվեց, իսկ հիմա չպետք է համարձակվի, ի՞նչ է փոխվել 2020-ի կամ 2022-ի համեմատությամբ: Ոչինչ էլ չի փոխվել:
Երբ ՌԴ դեսպանը հայտարարում է, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան կամ սահմանապահ զորքերը Հայաստանի անվտանգության երաշխավորն են, նա դա ասում է ոչ թե այն պատճառով, որ մեզ լավություն է անում: Նա ուղղակի ասում է, որ իրենք այստեղ անելիք ունեն, ապահովում են Հայաստանի անվտանգությունը, ուզի դա Հայաստանը, թե չուզի, իրենք, միեւնույն է՝ ապահովելու են անվտանգությունը: Եթե Հայաստանն ուզում է, որ Ռուսաստանն ապահովի իր անվտանգությունը, ռուսական բանակի ներկայությունը Հայաստանում կոչվում է բարեկամական օկուպացիա, եթե դեմ է, որ նրանք ապահովեն մեր անվտանգությունը, կոչվում է թշնամական օկուպացիա:

Նման օրինակներ աշխարհում՝ որքան ուզեք. ամերիկյան բանակը գտնվում է եվրոպական բազմաթիվ երկրներում`Ռումինիա, Լեհաստան, Գերմանիա, մերձբալթյան երկրներ, այնտեղ են այդ երկրների իշխանությունների խնդրանքով, որ ապահովեն նրանց անվտանգությունը Ռուսաստանից: Ճիշտ է՝ ռուսներն ասում են, որ իրենք չեն պատրաստվում հարձակվել այդ երկրների վրա, բայց կարեւորը դա չէ, նրանք վախենում են եւ ապահովագրվում են ամերիկյան բանակով: Ամերիկան զորք ունի Սիրիայի եւ Իրաքի տարածքում: Այդ երկրների իշխանություններն անընդհատ պահանջում են, որ ԱՄՆ-ն դուրս բերի իր զորքն իրենց երկրներից, բայց Միացյալ Նահանգները դուրս չի բերում: Իրաքում նրանք այդ երկիրը պաշտպանում են Իսլամական պետությունից, Սիրիայում քրդերին են պաշտպանում Ասադից կամ Թուրքիայից, բայց կարեւորը դա չէ, այլ այն, որ նրանք ապահովում են անվտանգությունը, ուզում են այդ երկրները դա, թե՝ ոչ: Դա արդեն թշնամական օկուպացիա է:

Եվրոպացիներին եւս Հայաստանի անվտանգությունը չի հետաքրքրում: Նրանց հետաքրքրում է մի հարց. Հայաստանը թշնամացնել Ռուսաստանի հետ եւ Հայաստանի տարածքում հրահրել ռուսական ու հայկական բանակի բախումներ: Դա հնարավոր է, եթե հայ հասարակությանը ներշնչեն, որ Ռուսաստանը մեր թշնամին է եւ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամը, որ այդ երեքը միասին են գործում Հայաստանի դեմ: Ինչը եւ անում են Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Գագիկ Մելքոնյանը, ՔՊ-ականները, նրանց աջակից կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, այն անհատները, որոնք իրենց անվանում են արեւմտամետներ: Բանակը հասարակության մի մասն է, եւ եթե հասարակության մեջ չկան հակառուսական տրամադրություններ, եթե հասարակությունը Ռուսաստանին եւ նրա բանակը չի ընկալում որպես թշնամական, բանակը չի կարող ընկալել դա: 

Միայն թե եթերով ռուսներին հեռանալու կոչ անելը չի օգնի, որ ռուսները հեռանան Հայաստանից: Գագիկ Մելքոնյանը գեներալ լեյտենանտի զինվորական կոչում ունի, մարտական հզոր փորձ, եթե նա իսկապես ուզում է Հայաստանն ազատագրել Ռուսաստանի օկուպացիայից, ապա ավելի ճիշտ կանի, եթե ֆիդայական ջոկատ հավաքի բոլոր արեւմտամետներից ու արշավի Գյումրի եւ մեր հայրենիքն ազատի ռուսական օկուպացիայից, եվրոպացիները հաստատ նրան զենքով եւ զինամթերքով կապահովեն: Բայց մենք, ցավոք, ականատեսը չենք լինի Մելքոնյանի Գյումրվա արշավանքին եւ Հայաստանի ազատագրմանը, քանի որ սրանք սիրում են միայն խոսել եւ ոչ երբեք գործել: Նրանք վտանգի չեն ենթարկի իրենց կյանքը, ինչպես չենթարկեցին 44-օրյա պատերազմի օրերին: Այդ ժամանակ որեւէ պրոիշխանական գեներալ, ջոկատի հրամանատար չզոհվեց կամ նույնիսկ չվիրավորվեց: Զոհվեցին անմեղ երիտասարդներ եւ այն սպաները, որոնք հաստատ այս իշխանությունների հենարանը չէին։

Ավետիս Բաբաջանյան