«Հրապարակ»․ Ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից, որ այս ապիկարներին պաշտպանել եմ

«Հրապարակ»․ Ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից, որ այս ապիկարներին պաշտպանել եմ

Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի երբեմնի աջակից, «Հեղափոխության պահապաններ» ՀԿ նախագահ Հայկ Ստեփանյանի հետ։

- Նիկոլ Փաշինյանին այդքան հավատարիմ «Հեղափոխության պահապաններն» ինչո՞ւ չմնացին իրենց լիդերի կողքին, ո՞րն էր պատճառը, որ դուրս եկաք ՔՊ-ի դեմ։

- Ժամանակին, երբ իշխանության հետ գնում էինք երկրում հեղափոխություն անելու, կոռուպցիան արմատախիլ անելու, երկրի անվտանգային խնդիրները լուծելու ուղղությամբ, ընթացքում մեզ համար պարզ դարձավ, որ դա իշխանափոխություն անելու խաբկանք է, ոչ թե հեղափոխություն։ Պարզվեց՝ նրանք պայքարում էին պաշտոն ունենալու համար։ Երբ տեսա, որ պրոցեսները գնում են հակառակ ուղղությամբ, փորձեցի իշխանության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսել եւ հասկանալ, թե ինչու են ապիկար կադրեր աշխատանքի ընդունվում, ինչու չեն կարողանում երկրի անվտանգային խնդիրները լուծել։ Ինձ համար պարզ դարձավ, որ չեն ուզում զբաղվել այդ հարցերով, իրենց գերնպատակն աթոռներին նստելն ու վայելելն է։ Մեր ՀԿ-ի համակարգող խումբը որոշում կայացրեց, որ այլեւս չի ուզում մնալ մի իշխանության կողքին, որը հրապարակում տված խոստումներին ուղիղ հակառակ գործողություններ է անում։ 

- Անուններ կասե՞ք։

- Մի անուն կտամ՝ Նիկոլ Փաշինյանը՝ իր վարչության եւ կուսակցության անդամներով։ Ներսից իմանալով եմ ասում՝ որոշումները կայացվում են բրգաձեւ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ զեկուցվում է իշխանության գլխին, որն էլ որոշում է կայացնում։ Եթե իշխանության գլուխը փտել է, ի՞նչ իմաստ ունի անդրադառնանք մարմնի մնացած մասերին։  

- Սկզբում քարոզում էին՝ «Արցախը հանձնենք, լավ ապրենք», հիմա հասել ենք Տավուշի սահմանամերձ գյուղերին։ Երբ ՔՊ-ի հետ էիք, այս քաղաքականությունը չէի՞ք տեսնում։

- 2018-ին այս իշխանությունը չի ասել, որ գալիս է Արցախը հանձնելու, Տավուշից գյուղեր զիջելու, բանակը դիրքերից հետ քաշելու, թշնամուն բարձունքներ տալու։ Այս մարդը հիմա քարտեզ է թափահարում, թե սա է մեր տարածքը, բայց մոռանում է ասել, որ այդ քարտեզի մեջ է հիմա ադրբեջանական զորքը կանգնած ու եկել է առանց կրակոցի։ Մենք, բնականաբար, չենք իմացել, թե ինչ են անելու մեր երկրի գլխին։ Բացի այդ՝ չենք ասել, որ գալիս ենք Նիկոլի պահապան դառնանք, մենք ասել ենք՝ հեղափոխության գաղափարի մեջ ենք։ Պատերազմից հետո կրկին Փաշինյանի հետ ենք եղել, որովհետեւ չենք գիտակցել, թե ինչ է լինելու, ասում էինք՝ դե, պատերազմ էր, պարտվեցինք, դասալիքներ եղան։ Հետո հասկացանք, որ ուղղակի գեղեցիկ խոսքեր են, իսկ իշխանական ծրագիրը տեսել եմ ներսից։ Այս իշխանությունը գլխից ներքեւ փտած է։ 

- Իշխանականներն ասում են՝ հեռացաք, քանի որ նոր պաշտոն չտվեցին Ձեզ։

- Ես աշխատանքից ազատվել եմ հունիսի 30-ին, երբ փակվել է ԱԻՆ-ը, հուլիսի 1-ից քննադատել եմ իշխանությանը։ Այդ ի՞նչ պաշտոն ուզելու ձեւ է։ Պաշտոն ուզելու համար պետք է Նիկոլ Փաշինյանին սրտիկներ դնել, Աննա Հակոբյանի նկարները կիսվել, գրել՝ մեր թագուհին։ 

- Բայց, փաստորեն, աշխատանքից ազատվելուց հետո եք դարձել ընդդիմադիր, ինչո՞ւ մինչ այդ չէիք հեռանում։

- Երբ Տիգրան Ավինյանն առաջադրվեց քաղաքապետի թեկնածու, մեր ՀԿ-ի ակտիվը սկսել էր արդեն քննադատել այս իշխանությանը, դեռեւս դեկտեմբեր-հունվար ամիսներից։ Ես այդ ժամանակ ԱԻՆ-ում էի, շարունակում էի աշխատել` այն գիտակցումով, որ պետական աշխատանքը Նիկոլն իր տնից չի բերել։ ԱԻՆ-ում այդ ժամանակ լուրջ խնդիրներ կային, նախարարությունը լուծարվում էր, գույքը պիտի փոխանցեր ՆԳՆ-ին։ Ես պատասխանատվություն էի վերցրել 5 մարզի գույքագրման եւ գույքի փոխանցումը կազմակեպելու համար։ Մայիսին ինձ հետ հանդիպել է ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, իշխանության գլխի կողմից ինձ պաշտոնի առաջարկ է արել։ Այդ պահին քննարկվում էր տեսչական մարմնում աշխատանքի հարցը։ Այլ առաջարկներ էլ են եղել, օրինակ՝ «Հեղափոխության պահապաններ» ՀԿ-ն ֆինանսավորելու։ Առաջարկը եղել է մայիսին, ես մերժել եմ իրենց առաջարկները։ Ասել ենք, որ չենք շարունակելու աջակցել այս իշխանությանը։ Այդ օրվանից հետո ինձ հետ փորձել է կապ հաստատել նաեւ այն անձը, ում հետ աշխատել եմ ԱԻՆ-ում, նրան էլ եմ մերժել։ Քաղաքապետի աթոռին նստած մեր այս եղբայրն է փորձել ինձ հետ հանդիպել, որպեսզի չքննադատվի։ 

- Որպես հեղափոխության մասնակից եւ Նիկոլ Փաշինյանի երբեմնի աջակից՝ զղջում եք, փաստորեն։ 

- Հիմա փորձում ենք շտկել այն, ինչ արել ենք։ Զղջում եմ նրա համար, որ 2020թ․ նոյեմբերի 10-ին, երբ զանգ ստացա՝ խնդրանքով աջակցել ու պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, գնացի այդ զանգի հետեւից։ Ներողություն եմ խնդրում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, որ այս ապիկարներին պաշտպանել ենք, որ նոյեմբերի 10-ին գտնվել եմ կառավարական ամառանոցում։ Զղջում եմ, որ 2021-ին, որպես ՔՊ-ի անկուսակցական պատգամավորի թեկնածու, մասնակցել եմ ընտրություններին։ Ի դեպ, հրաժարվել եմ այդ մանդատից։ Պատրաստ եմ համագործակցել ցանկացած մարդու հետ, ով պատրաստ է երկրի սահմաններն ու անվտանգությունը պաշտպանել, կոռուպցիան արմատախիլ անել, ժողովրդին իրական ազատություն եւ անկախություն տալ։ Կլինեն առողջ ուժեր՝ կկանգնենք նրանց կողքին։