Մեր ՔՊ-ին բան չասեք

Մեր ՔՊ-ին բան չասեք

Հոկտեմբերի 9-ին «Ալավերդիում ՔՊ-ն ամեն ինչ անում է, որ տապալի «Ապրելու երկրի» թեկնածուի ընտրությունը» վերտառությամբ հոդված էինք հրապարակել, որտեղ հայտնել էինք, որ Ալավերդու ավագանու ՔՊ ցուցակի անդամները ճնշումներ են գործադրում ընտրություններում հաղթած «Ապրելու երկիր» կուսակցության անդամների վրա, որպեսզի տապալեն հոկտեմբերի 12-ին նախատեսված՝ Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում կայանալիք քաղաքապետի ընտրությունը։

Գրել էինք. «ՔՊ-ականները ոչ մի կերպ չեն հաշտվում Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում կրած պարտության հետ։ Այստեղ ՔՊ-ի ցուցակը, հիշեցնենք, գլխավորում էր ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը... ով թեեւ ինքնաբացարկ է հայտնել, շատ ծանր է տանում իր պարտությունը ու նաեւ այն, որ ՀԱԿ-ն իրենց հետ կոալիցիա կազմելու փոխարեն նախընտրել է «Ապրելու երկրին» միանալ։ Դրա համար էլ այս օրերին Մկրտչյանն ու իր թիմակիցները, այդ թվում՝ ցուցակի երկրորդ համար Դավիթ Ղումաշյանը, ով Շնողի ղեկավարն է, տարատեսակ ճնշումներ են բանեցնում «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի հոկտեմբերի 12-ին կայանալիք ավագանու առաջին նիստին կա՛մ չներկայանան, կա՛մ ինքնաբացարկ հայտնեն, կա՛մ այլ դիրքորոշում ցուցաբերեն, միայն թե տապալեն նիստը, որ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն չընտրվի քաղաքապետ։ Բայց, տեսնելով, որ հաջողության չեն հասնում, դիմում են նաեւ ուժային մեթոդների, օրինակ՝ փորձում են որոշ անդամների զորահավաքի կանչել եւ այդպիսով խափանել նրանց ներկայությունը նիստին»։
Այս հրապարակումն Ալավերդու ՔՊ-ականներն այնքան ծանր են տարել, որ որոշել են հերքման տեքստ ուղարկել մեզ` դատական հայցի սեւագրի տեսքով: Բայց դիմումը ստորագրել է ոչ թե Արեն Մկրտչյանը, ոչ էլ Շնողի գյուղապետը, որոնց անունները գոնե շոշափված էին նյութում, այլ մի երրորդ անձ` Ալավերդու ՔՊ-ականներից` Վոլոդյա Ձավարյան անունով, ում անունը հիշատակված չէ նյութում, բայց նրան թվացել է, թե ՔՊ-ի հասցեին գրված հոդվածում մենք զրպարտել ենք անձամբ իրեն, եւ մեր հաղորդած տեղեկություններն «ազդում են իր նկատմամբ հանրային վերաբերմունքի եւ վարկանիշի վրա»։ «Հոդվածն իր մեջ իրական վտանգ է ներկայացնում իմ բարի եւ գործարար համբավի արատավորման, հանրության աչքում իմ հեղինակազրկման առումով, ինչը բացասաբար կարող է անդրադառնալ իմ անձի ընկալման եւ իմ վերաբերյալ հանրային կարծիքի ձեւավորման վրա»,- գրել է Լոռվա մարզի ՔՊ-ականը:  

Քանի որ անգամ մեր հարուստ պրակտիկայի համար սա աննախադեպ բան է, երբ մարդը հերքում է իր հետ չառնչվող հրապարակումը, մենք փորձեցինք հասկանալ, թե ինչից է վրդովվել Վ. Ձավարյանը, եւ ով է նրան հուշել, որ նման նամակ ուղարկի խմբագրություն:

Մեր զարմանքն առավել մեծացավ, երբ պարզեցինք, որ այս զավեշտալի գրության հեղինակ Վ. Ձավարյանը ոչ միայն ՔՊ անդամ է, այլեւ` իրավաբան՝ գործող փաստաբան, ով չէր էլ հիշում, թե Ալավերդու ընտրություններին մասնակցած ՔՊ ցուցակի որերորդ տեղում էր ինքը, ասաց՝ «վաթսունքանիերորդ»: Հետո սկսեց մեզ համոզել, որ ՔՊ-ին վերաբերող  ընդհանրական ձեւակերպումներն իրեն էլ են առնչվում, քանի որ ինքը եւս ՔՊ անդամ է։

«Ուրեմն ես էդ կուսակցության անդամ եմ, էդ թիմից եմ, եւ էն արտահայտությունը, որ թիմում ներգրավվում ա էս, էս մարդկանց՝ նախկին ձայն բերող եւ այլն»,- փորձում էր հոդվածը վերհիշելով՝ իր պահանջը հիմնավորել ՔՊ-ականը։

- Այսինքն` ՔՊ-ն ինչքան անդամ ունի, ըստ Ձեզ, կարող են հերքման պահա՞նջ ուղարկել մեզ՝ այս հոդվածի համար: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Բայց նրանցից ոչ մեկը մեր հոդվածից չի նեղվել, նույնիսկ Արեն Մկրտչյանը չի նեղվել, թեեւ իր անունը նշված էր, իսկ Դուք նեղվել եք։

- Չէ, խնդիրը բերեք տեղայնացնենք, խոսքն Ալավերդում կայացած ՏԻՄ-ի հետ է կապված։ Ես դա եմ հասկացել։ Եթե սխալ եմ հասկացել՝ հարց չկա։

- Տեղայնացնենք` հոդվածում երկու հոգու անուն կա նշված՝ Դավիթ Ղումաշյան եւ Արեն Մկրտչյան, ինչո՞ւ, օրինակ, ավագանու ցուցակի 44-րդ կամ 58-րդ համարը չի վիրավորվել, հենց Դուք` վաթսունքանիերորդ համարն է վիրավորվել։

- Չեմ կարող ասել։ Իհարկե, ես դա հասկանում եմ՝ Դուք Ձեր աշխատանքն եք արել, խնդիր չկա, բայց քանի որ հոդվածում պարունակվող տեղեկություններն ընդհանրական բնույթի են, ու դրանց մեջ նաեւ մտնում եմ ես, հետեւաբար, նաեւ խոսքը վերաբերել է ինձ։ Ես պահանջում եմ իմ մասով:

- Բայց Ձեր անունը չկա հոդվածում։

- Դուք գրել եք թիմի մասին։

- Թիմի մասին թող Ձեր մյուս թիմակիցները մտածեն, ամբողջ ՔՊ-ի պատիվն ու արժանապատվությունը Ձե՞ր ուսերին է դրված։

- Չէ, էնքանով, որքանով որ եղել եմ էդ թիմում եւ ներկայումս էդ թիմում եմ։

- Իսկ կարո՞ղ է Արեն Մկրտչյանն է Ձեզ խնդրել-ստիպել, որ այս նամակն ուղարկեք մեզ։

- Իհարկե, ոչ։ Ես, լինելով փաստաբան, եւ եթե թեկնածությունը դրել եմ, հանդիսացել եմ նաեւ քաղաքական գործիչ, հիմա ես Ձեզ մի բան ասեմ՝ իմ պատկերացումներն էսպիսին են՝ կողքից կարդացողի մոտ այլ տպավորություն է ստեղծվում։

- Դուք, լինելով փաստաբան, շատ լավ պետք է իմանաք, թե զրպարտությունն ու վիրավորանքը որոնք են։ Դա կոնկրետ անհատին ուղղված արարք է, անհատը չի կարող կոլեկտիվի անունից վիրավորվել: Բայց ես պատրաստ եմ հերքել, օրինակ, Ձեր նշած առաջին կետը, թե` «ՔՊ-ականները ոչ մի կերպ չեն հաշտվում Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում կրած պարտության հետ»։ Որո՞նք են Ձեր անձին ուղղված վիրավորանքն ու զրպարտությունը, եւ ինչպե՞ս հերքենք դա։ Դուք հաշտվե՞լ եք Ալավերդիում կրած պարտության հետ։

- Ոչ, հաշտվել-չհաշտվելու խնդիր չկա, ունենք էն, ինչ ունենք։