Ինչպես է Աղվան Հովսեփյանն իրեն զգում բանտում

Ինչպես է Աղվան Հովսեփյանն իրեն զգում բանտում

Նախկին գլխավոր դատախազ և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը մոտ 2  ամիս է, ինչ կալանքի տակ է։ Կալանքին զուգահեռ նրա առողջական խնդիրները շարունակում են գլուխ բարձրանալ։ Նրա պաշտպան Սասուն Ռաֆաելյանը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ Հոփվսեփյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ բժիշկների հսկողության ներքո․

«Անցել է բազմաթիվ հետազոտություններ։ Կա նաեւ վիրահատության անհրաժեշտություն, որի կապակցությամբ եւս համապատասխան հետազոտությունները ընթացքի մեջ են, եւ որեւէ բան հստակ չկա։ Ցանկանում  եմ արձանագրել մի բան, որ այս ամբողջ ընթացքում պարոն Հովսեփյանը կարող էր գտնվել քաղաքացիական հիվանդանոցում, սակայն հրաժարվել է՝ հայտնելով, որ ավելի լավ է ՔԿՀ-ում հետազոտություններն անցկացվի եւ եթե այլ հնարավորություն չկա բուժումը կազմակերպելու, նոր միայն դրանից հետո վիրահատության ենթարկվի»։

Անդրադառնալով քրեական գործին, փաստաբանն ասաց՝ իրենց մասով դեռեւս ոչ մի նորություն չկա։ Նրա խոսքով՝ բացի Հովսեփյանից մեկ հոգի եւս անցնում է այս գործով։ Նա նաեւ նշեց, որ բոլոր դրվագներով շահագրգիռ անձինք ցուցմունքներ տվել են Հովսեփյանի դեմ։

Հարցին, թե ուղղորդված ցուցմունքնե՞ր են, Ռաֆաելյանը խուսափեց պատասխանել։ Աղվան Հովսեփյանը մինչ այս պահը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով:

Ըստ հաղորդագրության՝ փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: