Մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին

Մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին

Հոբելյան

«Ձայն հայրենական» պարբերականի 2021թ․ հունիսին լույս տեսած անդրանիկ համարում հրատարակվել էին արմատներով արցախցի 14 հայտնի ռազմական գործիչների նկարներ, այդ թվում երկուսը նույն տոհմից՝ հորեղբոր որդիներ Դանիել-Բեկ Աբիսողոմի Փիրումյանը (Փիրումով) եւ Պողոս-Բեկ (Պավել) Կարամանի Փիրումյանը (Փիրումով)։

Դանիել-Բեկ Փիրումյանը ծնվել է 22․11․1861թ․՝ Նախիջեւանիկ գյուղում (ներկայիս ԼՂՀ, Ասկերանի շրջան)։ Փաստորեն, տարին նրա համար հոբելյանական է՝ ծննդյան 160-ամյակը։ Գոնե այդ առիթով արժեր վերհիշել նրա կյանքի ճանապարհը։ Դանիել-Բեկ Փիրումյանն ավարտել է Շուշի քաղաքի ուսումնարանը։ Զինվորական ծառայությունը սկսել է 13-րդ լեյք-գվարդիայի երեւանյան գնդում։

1881-83թթ․ սովորել է Թիֆլիսի հրետանային ուսումնարանում, ավարտել է ներկայիս Լենինգրադի մարզի Լոմոնոսով քաղաքի սպայական հրաձգային դպրոցի դասընթացը (1913թ․)։ 1888-ին դարձել է ենթասպա, 1909-ին՝ կապիտան, 1913-ին՝ փոխգնդապետ, 1918-ին՝ գեներալ-մայոր։ Եղել է վաշտի գումարտակի, գնդի հրամանատար։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է կովկասյան ռազմաճակատում, մասնակցել Սարդարապատի հերոսամարտին։ 1918-ին, որպես Սարդարապատի ճակատամարտի ընդհանուր հրամանատար, ցուցաբերել է զորավարական հմտություն եւ արիություն։ Սովետական Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, բարձր գնահատելով Փիրումովի զորավարժական արվեստը, նրան դասել է Սարդարապատի ճակատամարտի արժանի հերոսների շարքը։ Դանիել-Բեկ Փիրումովը պարգեւատրվել է ռուսական շքանշաններով, Գեորգիեւյան խաչով եւ անվանական զենքով։

․․․Ականջալուր մնանք մեծանուն պոետ Պարույր Սեւակին․ «Նա, ով պատմություն ունի, չի կարող ետ չնայել»։

Ետ նայենք, ազգի ներսում երբեք թշնամիներ չփնտրենք, դասեր առնենք մեր պանծալի զորահրամանատարների սխրանքներից, չանտեսենք նրանց խոհերն ու հորդորները, որ դառը պատերազմներին եւ կորուստներին փոխարինեն լուսավոր օրերն ու հաղթանակները։

Վաղարշակ Ղորխմազյան