Նոյեմբերի 9-ը` ազգային խայտառակության օր

Նոյեմբերի 9-ը` ազգային խայտառակության օր

2020 թվականի պատերազմի կապիտուլյացիոն ավարտից մեկ տարի անց Փաշինյան Նիկոլը դեռեւս զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Փաստորեն, 2021 թվականի նոյեմբերին հայ ժողովուրդը գտնվում է կրկնակի ֆրուստրացիայի (հոգեկան վիճակ, որ առաջանում է հիասթափությունից, պահանջների անիրագործելիությունից) ներքո:

Որ Նիկոլը դեռեւս միանձնյա տնօրինում է իմ, քո, հարգելի ընթերցող, եւ մի երրորդ հայի ճակատագիրը: Եվ որ այդ ճակատագիրը շարունակում է լինել ողբերգական: Որովհետեւ թշնամու գնդակից մահանում է ոչ միայն զինվորի հագուստ կրող, այլեւ քաղաքացիական իր գործով զբաղվող երիտասարդը: Եվ ոչ մեկս չունի հույսի մի կտոր, որ իրավիճակը կարող է փոխվել, քանի դեռ պաշտոնին շարունակում է կառչած մնալ Փաշինյան Նիկոլը: Եվ դեռեւս մենք չենք գտել այն ճանապարհը, որը կտանի դեպի վերջինիս հեռացումն իր պաշտոնից:

Եվ որպեսզի գտնվի այն, մենք պետք է ստեղծենք մեր օրակարգը: Առաջին հերթին, մենք պետք է նոյեմբերի 9-ը հայտարարենք ազգային խայտառակության օր կամ հակատոն: Այն պետք է մեզ հիշեցնի մեր խեղճությունը, մինչեւ մենք կարողանանք ամբողջությամբ վերացնել խայտառակ պարտության հետեւանքները: Եվ պետք է արթուն պահի մեր պատասխանատվությունը հանուն հայրենիքի զոհված բոլոր հայորդիների, ինչպես նաեւ եղբայրակից ազգերի ներկայացուցիչների նկատմամբ: Միայն այդ դեպքում մենք մեզ կթույլատրենք մտածել իրական խաղաղության մասին: Եվ ոչ թե պետության ղեկավար Նիկոլի կերպարով կդեգերենք կեղծ խաղաղասիրության մացառուտներում: Եվ դա կլինի մեր պատասխանը բոլոր նրանց, ովքեր այսօր, օգտվելով մեր խեղճացած վիճակից, մեզ խորհուրդ են տալիս «թողնել թշնամանքը եւ ապագային նայել» (Հայաստանին ուղղված՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի կոչից):

Դա բավարար չէր, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ ԼՂՀ կատարած այցին, այն որակել է որպես անօրինական մուտք Ադրբեջանի տարածք: Հայկական «անօրինական կազմավորումների» հետ հանդիպումները գնահատել է որպես ռազմաքաղաքական սադրանք՝ նախազգուշացնելով, որ հաջորդ նման այցի դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ «ագրեսիվ անջատողականության եւ սադրիչ գործողությունների կանխման համար»։ Սա այն է, ինչը պետք է գիտակցեր ՀՀ քաղաքացին, երբ հունիսի 20-ին քվե էր տալիս «խաղաղության մունետիկ» Նիկոլին: Նաեւ բացատրությունն է, թե ինչու պատերազմի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետը չի այցելում Արցախի Հանրապետություն: Որպեսզի մենք ձերբազատվենք նման գնահատականներից, պետք է ոչ թե ամբողջությամբ հանձնենք Արցախը թշնամուն, այլ մեր պարտությունը վերափոխենք հաղթանակի: Որովհետեւ Արցախը հանձնելուց հետո հերթը հասնելու է Սյունիքին եւ Հայաստանի այլ տարածքներին: Իսկ պարտությունը հաղթանակի վերափոխելու համար անհրաժեշտ է առաջին հերթին երկիրն ազատագրել 2018-ի գարնանային իրադարձությունների շնորհիվ այն զավթած անձից եւ նրա կամակատարներից:

Վերադառնանք իշխանության օրակարգից տարբերվող՝ ընդդիմության օրակարգին: Այն ենթադրում է քայլեր, որոնք չեն համապատասխանում իշխանության ակնկալիքներին: Օրինակ, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդրանիկի ակնկալիքին, թե խորհրդարանական ընդդիմությունը պետք է լինի, այսպես ասած, «պուպուշ» ընդդիմությունը: Նրա ասելով, «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպված նոյեմբերի 8-ի հանրահավաքում շատ վտանգավոր թեզ է լսել՝ բարիկադների մասին, սակայն «ընտրություններից հետո բարիկադներ չկան, կան քաղաքական օրակարգերի քննարկման պետական հարթակներ, որոնցից մեկը նաեւ այս հանձնաժողովի նիստերն են»: 

Կոնկրետ Քոչարյան Անդրանիկի ակնկալիքին չհամապատասխանելը ենթադրում է հունիսի 20-ին ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին 336 131 քվե տված ընտրողների կամքի իրականացում: Նրանք իրենց ձայնը տվել են ընդդիմադիրներին ոչ թե քաղաքական օրակարգերի քննարկման պետական հարթակներին մասնակցելու, այլ Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունը կրող անձին ՀՀ վարչապետի պաշտոնից հեռացնելու նպատակով: 
Ուրիշ ի՞նչ է ենթադրում ընդդիմության սեփական օրակարգը: Այն ենթադրում է քաղաքական ուղղվածության քայլեր, որոնք ընդդիմության ներկայացուցիչներին կարող են հասցնել ոստիկանության բաժանմունքներ: Իհարկե, հաճելի բան չէ քաղմաս ընկնելը, բայց դա է պահանջում ոչ իշխանական օրակարգը:

Դրա դրսեւորման օրինակներից մեկը կարող էր լինել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի կեցության հյուրանոցի դիմաց բողոքի ցույցի կազմակերպումը՝ «Նիկոլի օրոք Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ չէ» եւ նման այլ պաստառներով: Երկրորդ օրինակը կարող է լինել Արցախն ապաշնորհության պատճառով կամ դավաճանությամբ թշնամուն հանձնելու վերաբերյալ պաստառներով ամենօրյա երիտասարդական փոքր խմբերով կառավարության դիմաց ցույց անելը: Փողոցային շարժումը ձեւավորվում է ամենօրյա ակտիվության շնորհիվ՝ նույնիսկ «ամենաանմեղ» տարբերակների օգտագործմամբ: Այդպիսին էր, օրինակ, ավելի քան 10 տարի առաջ Երեւանի կենտրոնի զբոսայգիներից մեկում կազմակերպված «հակակոռուպցիոն» տոնավաճառը:

Կամ, օրինակ, կպչուն ժապավենով (սքոչով) փակած բերաններով երթը դեպի Ազգային ժողով՝ ընդդեմ լրատվամիջոցներից մեկը փակելու իշխանության ծրագրերի. այսօր այն կարող է լինել ընդդեմ լրատվամիջոցների ազատությունը սահմանափակող օրենսդրական դրույթների ընդունման: «Անմեղ» ցույցի մեկ այլ օրինակ էր Հյուսիսային պողոտայում շախմատ խաղալը. դրանց բոլորին մասնակցել եմ անձամբ: Մի խոսքով՝ այն ամենը, ինչի շնորհիվ, ի վերջո, կյանքի կկոչվի ՀՀ վարչապետի պաշտոնից Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունը կրող անձի հեռացումը: