Հայաստանի 3 մեծ քաղաքներում քաղաքացիները քվեարկել են ՔՊ-ի դեմ, սակայն Փաշինյանը զավթել է իշխանությունը

Հայաստանի 3 մեծ քաղաքներում քաղաքացիները քվեարկել են ՔՊ-ի դեմ, սակայն Փաշինյանը զավթել է իշխանությունը

Ով ժողովրդավարությունից խոսի, Փաշինյանը պետք է ձայն չհանի: Փաշինյանի իշխանությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններում, մեծ հաշվով, պարտվել է, Փաշինյանի իշխանության դեմ հանդես եկող ուժերը 50 տոկոսից ավելի ձայն են ստացել, բայց ՔՊ թեկնածուն դարձավ քաղաքապետ: Այստեղ ժողովրդավարությունը կամ քաղաքացու քվեն որտե՞ղ մնաց: Բայց Փաշինյանն անամոթաբար հրճվում է իր հաղթանակից, որը ձեռք է բերվել ոչ թե ժողովրդավարության, այլ ընտրական կեղծ տեխնոլոգիաների, ընտրողներին մանիպուլացնելու, խաբելու, մոլորեցնելու, պարտադրելու միջոցով: Եվ այդ տեխնոլոգիաների միջոցով էլ ընդամենը երեւանցիների 9 տոկոսն է իր ձայնը տվել ՔՊ-ին։ 

Կեղծ ընդդիմություն են սարքել, թույլ են տվել, որ հայհոյանքներ հնչեցնի իրենց հասցեին, խաբի ու տանի քվեներ՝ կիսելով ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, ու հետո իրենց դեմ ձայն տված ընտրազանգվածին փաստացի օգտագործելով՝ իրենց թեկնածուին են անցկացրել: Սա միայն Երեւանի քաղաքապետի ընտրություններով չի սահմանափակվում, նման իրավիճակ է ամբողջ երկրում. ամեն տեղ ՏԻՄ ընտրություններում նույն զեղծարարությունն է, քաղաքացու քվեի գողությունը, ժողովրդավարության բռնաբարումը: 

Հանրային կոչվող սեփական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը, խոսելով Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում ՔՊ թեկնածուին քաղաքապետ դարձնելու թեմայով, ասում է. «Մեր ամենակարեւոր քաղաքական հանձնառությունը, որ քաղաքացու ձայնը վճռորոշ է լինելու: Նախընտրական շրջանում խոսակցությունները, որ իշխանությունն ուզում է կեղծել, ուզում է ուզուրպացնել, վարչական ռեսուրսների չարաշահման մասին էին խոսում, ընտրությունները ցույց տվեցին մեր բացարձակ հավատարմությունն այն արժեքներին, որոնց որդեգրումով մենք ստանձնել ենք Հայաստանի Հանրապետության կառավարումը»:

Ուզուրպացնելը կամ կեղծելն էլ ինչպե՞ս է լինում. Երեւանի ընտրողները բացարձակ մեծամասնությամբ դեմ են քվեարկել իր իշխանությանը, ՔՊ-ի թեկնածուին, բայց իրենք նրան քաղաքապետ են կարգել: Փաշինյանն ասում է, որ եթե մի 50-100 ձայն իրենք կամ իրենց կոալիցիոն գործընկերն ավելի շատ ստացած լինեին, ապա պատկերն այլ կլիներ, այսինքն՝ մեծամասնություն կունենային: Փաշինյանը չի խոսում այն մասին, որ իր իշխանությանը դեմ քվեարկած հազարավոր երեւանցիների ձայներ փոշիացել են, միացել են ՔՊ-ին: Օրինակ, «Ապրելու երկիրն» ընտրություններում հանդես էր գալիս երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու օգտին, ընտրությունների արդյունքում ստացել էր 8 հազար 425 ձայն՝ 4 տոկոսից քիչ պակաս: Այդքան ընտրող կողմ էր Փաշինյանի իշխանության հեռացմանը եւ դրա համար է ձայն տվել «Ապրելու երկրին», բայց արդյունքում նրանց տված ձայների մի մասը բաժին է հասել Փաշինյանին: Եթե նրանք քվեարկած լինեին ավագանի անցած որեւէ կուսակցության օգտին, տարբերությունը ոչ թե 150 կլիներ, այլ՝ 8 հազար 600: Սա նաեւ ժողովրդավարության թերություններից մեկն է:

Նման պատկեր է ամբողջ Հայաստանում: Վանաձորի ավագանու ընտրություններում Փաշինյանը չկարողացավ նման մանիպուլյացիաներ կիրառել, եւ դրա համար ՔՊ-ին հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանն արդեն երկու տարի է՝ գտնվում է անազատության մեջ: Ժողովրդավարության ինչպիսի՜ դասական դրսեւորում. վանաձորցիները դեմ են քվեարկել Փաշինյանի ՔՊ-ին, բայց քաղաքը կառավարվում է ՔՊ-ի կողմից: Նույն իրավիճակն է նաեւ Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում: Այնտեղ նույնպես ընտրություններում ՔՊ-ն պարտվեց «Բալասանյան դաշինքին»: Մինչեւ ընտրությունները «Բալասանյան դաշինքի» թեկնածուները երդվում էին, որ ոչ մի պարագայում կոալիցիա չեն կազմի ՔՊ-ի հետ, որ իրենք ամենաթունդ ընդդիմադիրն են գործող իշխանությանը: Բայց ընտրություններից հետո խաբելով իրենց ձայն տված գյումրեցիներին, կոալիցիա կազմեցին ՔՊ-ի հետ եւ քաղաքային իշխանությունը հանձնեցին ՔՊ-ին: Այս գործարքի արդյունքում Միսակ Բալասանյանը՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին, ում անունով էլ կոչվում էր դաշինքը, ստացավ Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնը, չնայած գործարար էր եւ չուներ դիվանագիտական աշխատանքի փորձ: Իրաքը համարվում է փող աշխատելու, տնտեսական գործունեություն ծավալելու հսկայական հնարավորություններ ունեցող երկիր, իսկ դեսպանի կարգավիճակը կարելի է առավելագույնս ծառայեցնել սեփական բիզնես շահերի սպասարկմանը: Բալասանյան ընտանիքը գյումրեցիների ձայները խաբեությամբ գողանալու եւ Փաշինյանին նվիրելու դիմաց ստացավ Իրաքում դեսպանի կարգավիճակ, իսկ Փաշինյանը՝ Գյումրիի քաղաքային իշխանությունը: Վարդգես Սամսոնյանը Գյումրիի անվանական քաղաքապետն է, նա այնտեղ ոչինչ չի որոշում՝ սկսած կադրայինից, վերջացրած ֆինանսական հարցերով: 

Հայաստանի ամենամեծ երեք քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում, քաղաքացիները քվեարկել են ՔՊ-ի դեմ, Փաշինյանի իշխանության դեմ, բայց այդ երեք քաղաքներում էլ քաղաքացիների քվեն գողացվել է, քաղաքային իշխանությունը ՔՊ-ի ձեռքում է: Այս իրավիճակում Փաշինյանը խոսում է քաղաքացու քվեն հարգելու, ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին: Հիմա ո՞րն է ավելի անբարոյական եւ անազնիվ`քաղաքացուն կաշառելը եւ նրա ձայնը գնե՞լը, թե՞ քվեարկությունից հետո նրա ձայնը գողանալը: Փաշինյանն ընդամենը մեկ հանձնառություն ունի` ամեն գնով պահել գողացած իշխանությունը, կլինի դա հայրենիքը հանձնելու, թե ընտրողների քվեարկությունը կեղծելու միջոցով, եւ նա իսկապես հավատարիմ է այդ հանձնառությանը:

Ավետիս Բաբաջանյան