Նյարդաբանները չեն ուզում գիշերները հերթապահել

Նյարդաբանները չեն ուզում գիշերները հերթապահել

«Հրապարակին» է դիմել Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի բնակիչ Մանվել Բաբաջանյանը, ում մայրը՝ 1954 թվականին ծնված Սոնյա Բաբաջանյանը, տեւական ժամանակ հոսպիտալացված է Էջմիածնի հիվանդանոցում։
Երիտասարդի պատմելով՝ մորը հիվանդանոց է տեղափոխել զարկերակային բարձր ճնշման պատճառով` այն հույսով, որ բժիշկների մշտական հսկողության տակ կլինի եւ բուժված կվերադառնա տուն։ «Ճնշումը կարգավորելու փոխարեն ինսուլտ ստացավ եւ այդ վիճակով ամբողջ գիշեր մնաց հիվանդասենյակում։ Հերթապահ նյարդաբան չի եղել, որ տեղափոխեր վերակենդանացման բաժանմունք։ Մի պահ սրտաբանն է այցելել, արձանագրել, որ ինսուլտ է, եւ գնացել է։ Մի ամբողջ հիվանդանոց հերթապահող նյարդաբան չունի, որ նման դեպքերում առաջին բուժօգնություն ցուցաբերի։ Մայրս իրենց մոտ ինսուլտ է տարել ու այդ վիճակով լուսացրել հիվանդասենյակում՝ առանց լուրջ հսկողության»,- բողոքեց Մանվել Բաբաջանյանը։

Նա անհանգստանում է ոչ միայն իր ծնողի, այլեւ բոլոր այն հիվանդների համար, որոնք հոսպիտալացվում են նյարդաբանական խնդիրներով։ Ասում է՝ Էջմիածնի հիվանդանոցում չորս նյարդաբան կա, որոնք խուսափում են գիշերները հերթապահել։ «Ցերեկային ժամերին իրենց գործն անում-գնում են, իսկ գիշերը` թողնում Աստծո հույսին»։    
Մանվել Բաբաջանյանն ասում է, որ հիվանդանոցում «բուժվելու» ընթացքում մայրն առաջին կարգի հաշմանդամություն է ձեռք բերել՝ աջ կողմը թուլացել է։ «Մորս վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել ինսուլտ ստանալու հաջորդ օրը։ Այստեղ երեքուկես շաբաթ մնալուց հետո տեղափոխել են թերապեւտիկ բաժանմունք։ Մեկ ամիս հիվանդանոցում չբուժվելուց հետո՝ անկողնային վիճակով տարել եմ տուն»,- ասաց Մանվելը։ Բայց մեկ շաբաթ էլ չանցած՝ մոր վիճակը կտրուկ վատացել է։ Կինը նորից հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում ու, որդու ասելով, գիշերները՝ դարձյալ առանց նյարդաբանի։

Հասկանալով, որ բուժհիմնարկից նյարդաբան պահանջելու իր ջանքերը զուր են, Մանվել Բաբաջանյանը գրավոր դիմել է առողջապահության նախարարություն՝ տեղեկացնելով առողջական ծանր վիճակում հայտնված մորը գիշերային ժամերին առանց նեղ մասնագետի թողնելու մասին։ Նախարարությունից նրան խորհուրդ են տվել դիմել Արմավիրի մարզպետարան, քանի որ առողջապահական կազմակերպությունները մարզային ենթակայություն ունեն։ «Մարզպետարան զանգել եմ, խնդիրը ներկայացրել, բայց ոչ մի արդյունք։ Եթե գրավոր դիմելով հարցը կլուծվի, դա էլ կանեմ»,-ասաց երիտասարդը։

Նա կարծում էր, որ մոր կյանքն ու առողջությունը վստահելի ձեռքերում են, բայց ասում է, որ «շատ անհանգիստ ու նյարդային է դարձել, որ չի կարողանում օգնել նրան»։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ