Ներում եւ պատիժ

Ներում եւ պատիժ

Ցանկացած սխալ ու վրիպում ներելի է, երբ մարդն իր սխալներից հետեւություն է անում, փորձում սրբագրել դրանք։ Անգամ ցանկացած հանցանք կարելի է ներել, եթե հանցագործն անկեղծորեն զղջում է եւ փորձում է ուղղվել, հետեւություններ անել կատարվածից։ Իսկ երբ մարդը, ում գործողությունները միլիոնների վնաս են պատճառել երկրին, մարդկային բազում կյանքեր արժեցել, հոգեբանություն խաթարել, անդառնալի հետեւանքներ ունեցել, ոչ թե զղջում է, այլ ամենուրեք մեղավորներ ու քավության նոխազներ է փնտրում, ներվելու արժանի չէ։ Թվում էր՝ Արցախի իրադարձությունները պետք է ավելի խորագետ ու խոհուն դարձնեին մեր վարչապետին։ Ստիպեին ներում հայցել եւ սեփական սխալների ու ստեղծված իրավիճակի վերլուծությամբ զբաղվել։

Գոնե նրա համար, որ հանրային կրքերը հանդարտվեն, եւ հիասթափված ու հուսահատ մարդիկ մխիթարություն գտնեին։ Ինչու չէ՝ խղճային ու կարեկցեին իրեն, որպես ծանր կացության մեջ հայտնված պետության ղեկավարի։ Բայց երբ կապիտուլյացիայի հենց հաջորդ օրը նա սկսում է հոխորտալ ու մեղավորներ փնտրել։ Երբ հանրային խաթարված համերաշխությունը վերականգնելու, մարդկանց վիշտն ամոքելու եւ վերքերը բուժելու փոխարեն նորից ատելության խոսք է տարածում, կտրվում է կապն իր եւ հասարակության միջեւ։ Ո՞վ կսպասեր, որ առաջին նիստերից մեկը նվիրելու է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման հարցերին եւ մարդկանց գույքը խլելու մասին կիսատ մնացած խոսակցությանը։ Ո՞վ կսպասեր, որ նա ոչ թե տուն առ տուն մտնելու է զոհվածների բնակարանները եւ ծնկաչոք ներողություն խնդրելու, այլ զինված ջոկատներ է ձեւավորելու, որ իր հրաժարականը պահանջողներին պատժի։ Ո՞վ կսպասեր, որ նա ոչ թե գնալու է քաղաքական ուժերի հետ երկխոսության, այլ հերթական հաթաթաներն է հնչեցնելու բարձր ամբիոնից։