Ինչպես երեխային պաշտպանել «քաղցրավենիքից»

Ինչպես երեխային պաշտպանել «քաղցրավենիքից»

Լանցարոտեի կոնվենցիան, ստեղծումից 13 տարի անց, ներխուժել է մեր առօրյա: Հարցերի հարցն է՝ ի՞նչ սպասել այս կոնվենցիայից: Հակառակորդները հենց տեքստի մասին չեն խոսում, որտեղ ոչ մի խոսք չկա երեխային խուժան դարձնելու մասին: Կոնվենցիայի հակառակորդների հիմնական թիրախում այն է, թե սեռական բռնության մասին տեեկություններն ինչ կարող են բերել երեխաների գլխին: Այսինքն, հակառակորդները տողատակ են փնտրում եւ կարդում: 

Արդեն իսկ այն, որ սեռական բռնությունից պաշտպանվելու մասին է խոսքը, երեխան պետք է իմանա, թե որտեղ է այդ «սեռականությունը», ինչու պետք է այն պաշտպանել եւ, ամենակարեւորը՝ ումից: Մինչդեռ երեխային կարելի է ենթարկել սեռական բռնության ամենասովորական բռնության «խաղի կանոններով»: Ուղղակի ծեծելով (կներեք ստից նատուրալիզմի համար), անզգայացնելով եւ սեւ գործն անելով: Երեխան չի կարող պաշտպանվել ոչ մի բռնությունից՝ սեռական, թե ոչ սեռական: Սա փաստ է: Ինչ տեղեկատվության էլ նա տիրապետի, ոչ մի բռնությունից պաշտպանվել չի կարող: Ինչ գիտելիքներ էլ ունենա, բռնությունն ուժի ցուցադրություն է, ոչ թե՝ գիտելիքի: Ամենակարեւորը, որ պետք է սովորի երեխան, իմանալն է, թե ում վստահել եւ ում՝ ոչ: 

Սեռական բռնությունը, եթե բռնացողը սովորական վայրենի չէ, արտահայտվում է «թատերական» հիմքերով: Այսինքն, մինչեւ հիմնական «գրոհը» զոհին նախապատրաստում ես մի հրաշաի խաղի: Այսինքն, ծուղակ ես սարքում նրա համար՝ հենվելով երեխայի վստահության բարձր աստիճանի կամ միամտության վրա: Կոնվենցիայի կողմնակիցները թող ասեն, որ երեխան պետք է իմանա, թե ինչից պաշտպանվել, ինչը պաշտպանել: Բռնությունն արդեն իսկ ուժեղի ուժի ցուցադրությունն է թույլի հանդեպ: 

Սեռական բռնության եւ սովորական բռնության տարբերությունն այդքան նուրբ չէ, սովորականը հենց սկզբից է բռնություն: Սեռականը կարող է սկսվել «քաղցրավենիքով»: Խնդիրն այն է, թե ինչպես երեխային պաշտպանել «քաղցրավենիքից»: Բայց սեռական բռնությունն էլ կարող է սկսվել ամենասովորական բռնությունից: 

Պե՞տք է երեխան իմանա, թե ինչ է սեփական մարմինը, պե՞տք է նա ինքն իրեն դիտարկի նույնքան անձեռնմխելի, ինչպես դիտարկում է, ասենք, սեփական խաղալիքը: Պետք է: Այստեղ քննարկելու բան էլ չկա: Հարցն այն է, թե ինչ գործ ունի երեխան այն միջավայրում, որտեղ կարող է ենթարկվել հարձակման: Հետեւաբար, սեռական բռնությունը սպասելի է հատկապես հարազատներից: Հայաստանում այդպիսի ընտանիքներ կան: Երեխան հայկական ընտանիքներում դիտվում է սեփականություն, եւ մանկապիղծի համար նրա անպաշտպանությունը հաճախ նույնքան գրգռիչ է, որքան ինքն ընդհանրապես: 

Երեխան ոչինչ չի հասկանալու սեռական ինքնապաշտպանությունից, հետեւաբար, նրա առաջ պետք է բացվեն բոլոր խաղաքարտերը, որպեսզի նա սեռական բռնությունը տարբերի սովորական բռնությունից, ասենք, ապտակը՝ բռնաբարությունից: Ո՞վ պետք է այս տարբերությունը բացատրի: Պարզ է՝ ծնողները: Եվ եթե ծնողը դա կարող է բացատրել, ինչո՞ւ չպետք է բացատրեն ուսուցիչը, հոգեբանը: 

Կոնվենցիան խոսում է սեռական բռնության ենթարկվելու վտանգի եւ ինքնապաշտպանության միջոցների մասին: Բացի անծանոթից կամ սեփական մանկապիղծ հարազատից հետ քաշվելու տարբերակից, երեխան պետք է սովորի նաեւ ակտիվ պաշտպանվելու միջոցների մասին: Այսինքն, գուցե բանը հասնի պատասխան բռնությանը, ասենք՝ կծի բռնարարի քիթը կամ ոտքով հարվածի աճուկներին: Պետք է այս ամենն իմանա: Տուն-տունիկով պաշտպանվել հնարավոր չէ: Տուն-տունիկով հարձակվել կարող է բռնարարը: Բայց պաշտպանվել՝ նրան պետք է սովորեցնեն:

Պաշտպանվելու մասին ի՞նչ կարծիքի են կոնվենցիայի հակառակորդները: Եթե նրանք ուզում են, որ երեխան սովորի նողկալ, նա պետք է իմանա, չէ՞, թե ինչից է նողկում: Առանց ինքնապաշտպանության սեռական տողատակի հազիվ թե նա իմանա, թե ինչի համեմատ է ավելի նողկալի: 

Ենթադրենք, բռնարարը հարազատ հայրն է: Հարազատ հայրը երեխային արդեն իսկ սովորեցրել է իր կեղտոտ գործողություններից հաճույք ստանալ: Եվ ենթադրենք, որ սեռական ինքնապաշտպանությունն այդ երեխային որպես ուսուցում գտել է այն ժամանակ, երբ բանը բանից անցել է: Հենց հիմա էլ կգտնվեն ընտանիքներ, որտեղ երեխան արդեն իսկ ենթարկվում է սեռական բռնության: Ու պատկերացրեք այն հորը կամ մորը (որը համարենք՝ տեղյակ է այդ բռնությունից, բայց ոչինչ անել չի կարող), որը երեխային պետք է բացատրի, թե ինչպես պաշտպանվել բռնարարից: Հետեւաբար, երեխային պետք է օտար մեկը, որը կկարողանա դա բացատրել: Երեխան պետք է հասկանա, թե ինչ «խաղ» են խաղում իր գլխին հարազատ ծնողները, եւ ինչ խաղ կարող են խաղալ իր գլխին ուրիշները: Երեխան պետք է իմանա: 

Այս ամբողջ աղմուկը նրանից է, որ հայ ընտանիքների մեծ մասը ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ, որ հայը կարող է լինել սեռաքաղց հարազատ երեխայի կամ ուրիշի երեխայի հանդեպ: Ո՞վ ասաց: Ինչո՞ւ եք ձեր հավատը փաթաթում այն մեկ, միամորիկ երեխայի վզին, որը հենց այս պահին ենթարկվում է այդպիսի բռնության: Չարժե՞ հանուն այդ մեկի ընդունել այս կոնվենցիան: Չի կարելի բռնարարին չափել ադաթի, «ըտենց բան հայկական ընտանիքում չի լինում» համոզմունքի արշինով: Լինում է, այն էլ ոնց է լինում: Եթե դուք չեք ուզում պաշտպանել ձեր երեխաներին, թույլ տվեք` թող պետությունը պաշտպանի: Աղջիկները, հատկապես աղջիկներն ունեն պաշտպանված լինելու իրավունք: Նրանք իրավունք ունեն մեծանալ առանց տրավմաների, նրանք իրավունք ունեն ձեզ երախտապարտ լինելու, որ բոլոր հնարավոր միջոցներով իրենց օգնել եք պաշտպանվել: Կյանքն ամենեւին էլ քաղցր չի լինելու, բայց չարժե այն դառնացնել հենց մանկությունից: Եթե նույնիսկ խոսքը 800 հազար ընտանիքներից միայն մեկի մասին է: 

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ