Իշխանությունները կփորձեն այս մի տեղում էլ իրենց դատավորներին ներառել

Իշխանությունները կփորձեն այս մի տեղում էլ իրենց դատավորներին ներառել

Սեպտեմբերի 8-ին տեղի կունենա դատավորների ընդհանուր ժողով, որտեղ ընտրելու են էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ, քանի որ 4 անդամների պաշտոնավարման ժամկետը լրացել է։ Դատավորներ Արման Հովհաննիսյանը, Հովիկ Շահնազարյանը, Մերի Համբարձումյանը եւ ոչ դատավոր անդամ Դավիթ Հակոբյանն արդեն 3 տարի պաշտոնավարում են, եւ ժողովը պետք է նոր անդամներ ընտրի, մինչեւ այդ պետք է թեկնածուներ առաջադրվեն։ Զրուցել ենք հանձնաժողովի անդամ, փաստաբան Հարություն Հարությունյանի հետ: Հարցրել ենք, թե ինչպես կգնահատի հանձնաժողովի գործունեությունը։

«Ես հանձնաժողովի աշխատանքը շատ դրական եմ գնահատում, հանձնաժողովը համալրված է ինչպես դատավոր, այնպես էլ ոչ դատավոր անդամներով, որոնցից մեկը ես եմ։ Դատավոր անդամները շատ օգնում են, որ խնդիրները ներսից հասկանանք։ Ես՝ ինքս, նախկին դատական ծառայող եմ եւ շատ բաներ առավել մանրամասն եմ պատկերացնում, քան դրսի մարդիկ, որոնք դատական համակարգի ներսում կատարվողի վերաբերյալ պատկերացում չունեն։ Հաճախ ունենում ենք դեպքեր, երբ դատավորի վարքագծում տեսնում ենք առերեւույթ խախտում, բայց դրա հետեւանքների նվազ կարեւորության պատճառով կարգապահական վարույթ չենք հարուցում։ Ընդհանուր առմամբ, հանձնաժողովի աշխատանքը գնահատում եմ դրական»,- պատասխանեց Հարությունյանը։

- Հնարավո՞ր է, որ ԲԴԽ-ն ու արդարադատության նախարարութունը փորձեն այս հանձնաժողով մտցնել իրենց համար ցանկալի դատավորներին։

- Ոչ միայն հնարավոր համարում եմ, այլեւ վստահ եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը՝ հանձին իր նախագահի, փորձելու է հանձնաժողովում ունենալ իր ներկայացուցիչներին, որպեսզի վերահսկողություն ստանձնի նաեւ, իմ գնահատմամբ, այն քիչ կառույցներից մեկի նկատմամբ, որում դեռ ինքը մեծ հաշվով ազդեցություն չունի։ Վստահ եմ, որ դատավորների ընդհանուր ժողովն ունի լիարժեք հնարավորություն՝ սեփական թեկնածու ընտրելու, եւ դա հենց այդպես էլ լինելու է։

- Ո՞ր դատավորներին կցանկանայիք տեսնել այս հանձնաժողովում։

- Մամուլից տեղեկացա, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը կրկին միտք ունի առաջադրվելու, ողջունում եմ իր առաջարկը, վստահ եմ, որ այդ հանձնաժողովին պարոն Հովհաննիսյանի նման դատավորներ են պետք, ինչն առաջնահերթ եւ դատավորների շահերից է բխում, եւ, առհասարակ, օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից Արման Հովհաննիսյանն այն դատավորներից է, ումից կարելի է անխոս կերպով արդարություն ու բարոյականություն ակնկալել, ինչն այսօր շատ քիչ է։ Շատ արժանի դատավորներ կան, ում կցանկանայի տեսնել հանձնաժողովում, բայց այս պահին 3 դատավորի ներգրավման հնարավորություն կա, որից 1-ը պետք է լինի Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի, մյուսը՝ քրեական դատարանի, մյուսը՝ մասնագիտացված ատյանի թեկնածու։ Բոլոր դեպքերում, շատ արժանի թեկնածուներ կան, բայց քանի որ դեռ միայն Արման Հովհաննիսյանն է հայտնել առաջադրվելու իր ցանկության մասին, երկու ձեռքով ողջունում եմ, կողմ եմ եւ նաեւ օգտվելով առիթից՝ կոչ եմ անում իր առաջադրվելու դեպքում իրեն անպայման ընտրել, որովհետեւ ինքը ցանկացած հարթակում դատավորների համար կռիվ տվող դատավոր է։

- Գիտենք, որ ԲԴԽ-ն ազատվում է անցանկալի դատավորներից, արդարադատության նախարարության միջնորդությունների հիման վրա, ինչո՞ւ դատավորների ժողովի կարգապահական հանձնաժողովն էլ կարգապահական վարույթներ չի հարուցում այն դատավորների դեմ, որոնք ակնհայտ իշխանամետ կեցվածք ունեն եւ դակում են իշխանության կողմից իջեցված պատվերները։

- Կարգապահական հանձնաժողովը որեւէ մարմնի, այդ թվում՝ ԲԴԽ-ի, ազդեցություններին չի ենթարկվում, երկրորդը՝ մենք կարգապահական վարույթի հարց քննարկելիս ոչ թե կարեւորում ենք անձը, այլ տեղի ունեցածը եւ հաղորդում ներկայացրած անձի բողոքի բովանդակությունը, մենք նրա համար չենք, որ իշխանահաճո դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցենք։

- Դատավորների նախորդ ընդհանուր ժողովում դատավորները հաստատեցին օրակարգը, թեեւ մինչ այդ չէին հաստատել։ Դատավորների միությունն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ճնշումներ են եղել դատավորների նկատմամբ։ Ի՞նչ եք կարծում՝ այս անգա՞մ էլ կլինեն ճնշումներ, եւ դատավորները տեղի կտա՞ն դրանց։

- Ճնշումներ լինելու են, ու, ըստ էության, թեկնածուների առաջադրումներից հետո միայն կսկսվի այդ պրոցեսը: Քանի որ դեռ պաշտոնապես թեկնածուներ չկան առաջադրված, ոչ մեկին ոչինչ չի սպառնում։