Ալիեւը որքան էլ հիմար ձեւանա, չի կարող չգիտակցել

Ալիեւը որքան էլ հիմար ձեւանա, չի կարող չգիտակցել

Օգոստոսի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում գումարվեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով պաշտոնական նիստ, որի կապակցությամբ Նյու Յորք էր մեկնել եւ նիստում ելույթ կունեցավ ՀՀ ԱԳ նախարարը:

Նախ` մարդն է զարդարում պաշտոնը

Դրական էր արդեն այն, որ Նյու Յորք չէին գործուղել Վահե Գեւորգյանին, ով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում եւ մի երկու շաբաթ առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլոբալ պարենային անապահովության թեմայով քննարկմանը համարյա խայտառակեց Հայաստանը: Դեռ մի կողմ թողած, որ Գեւորգյանն անգլերեն խոսում էր՝ ինչպես քրդերը, ազերիները կամ Նիկոլ Փաշինյանը` կոպիտ առոգանությամբ ու շատ անհարթ: Սպանիչն այն էր, որ նա ոչ թե խոսում, այլ թղթից կարդում էր տեքստ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի եւ սովի սպառնալիքի վերաբերյալ, եւ կարդում էր այնքան հոգնած ու հերթապահ կեցվածքով, ինչպես դպրոցում վատ սովորող աշակերտը բարձրաձայն կկարդա իրեն չհետաքրքրող դասը, ասենք` նյութի ագրեգատային վիճակների, աղեր-թթուների, գենետիկայի օրինաչափությունների կամ չգիտեմ էլ ինչի մասին, որի առնչությամբ իր միակ մտածումն այն է, թե ինչու են դա իրեն սովորեցնում:
Այդքա՜ն ոչ ադեկվատ կեցվածք ու խոսք՝ այդքան բարձր ամբիոնից… Լավ, որտեղի՞ց են այդպիսի թյուրիմացությունների պեղում նշանակում պաշտոնների, հետո էլ ուղարկում երկիրը «ներկայացնելու»: Թեեւ, մյուս կողմից էլ, Փաշինյանն ու իր կառավարության կեսից ավելին գործնականում վահեգեւորգյաններ են, ուղղակի այդ մեկն է առայժմ հասել այնտեղ, որ ՄԱԿ ԱԽ-ում իր ողջ ոչ ադեկվատությամբ ինքնացուցադրվի ու երկրին վնասի:

Հետեւաբար, Վահե Գեւորգյանին տեսնելուց հետո  արդեն գոհ պետք էր լինել, որ օգոստոսի 16-ին Նյու Յորք մեկնեց գոնե ադեկվատ անձ, ով կարող է ոչ միայն ելույթ ունենալ, այլեւ խոսել, փաստարկել, հարցադրումներ կատարել: Արարատ Միրզոյանը գուցե միակն է Փաշինյանի իշխանությունում, ով այսօր կարողանում է մտածել եւ խոսել եւ պետական պաշտոնյայի լրջություն է ձեռք բերել: 

Արցախ-Ադրբեջան դիմակայության օպտիկա

Այժմ, անձերից վերացարկվելով, ի՞նչ նշանակություն ունեցավ օգոստոսի 16-ին ՄԱԿ ԱԽ-ում Լաչինի միջանցքի հարցի քննարկումն Արցախի համար: 

Հասկանալիորեն, ամենացանկալի եւ սպասվող նշանակությունը եւ արդյունքն այն կլինի, որ Ադրբեջանի վրա գործադրվող միջազգային ճնշումը հարկադրի բացել Լաչինի միջանցքը, եւ այլեւս գործ չունենալ Հայաստանի եւ Արցախի միջեւ հաղորդակցութան հետ: ՄԱԿ ճնշումը կարող է ձեւակերպվել բանաձեւով կամ հայտարարությամբ, սակայն ավելի էականն այն է, որ ճնշումը վերջնահաշվում գործադրվի: Այն, որ ՀՀ ԱԳՆ-ն վերջին մի քանի օրերին անդադար հաղորդում էր տարբեր երկրների ԱԳ նախարարների հետ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցների մասին, տպավորություն է ստեղծում, որ ՄԱԿ ԱԽ նիստին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ էին տարվում: Իսկ օգոստոսի 16-ի քննարկմանը վերջնահաշվում բանաձեւ կամ հայտարարություն կհետեւի, թե` ոչ, հայտնի կդառնա 24 ժամվա ընթացքում (Երեւանի ժամանակով` արդեն օգոստոսի 18-ին):

Այդուհանդերձ, հենց միայն այն, որ Ադրբեջանի եւ Արցախի միջեւ հակամարտության հարցը վերադարձել է ՄԱԿ հարթակ, եւ այժմ Արցախի հանդեպ Ադրբեջանի կողմից գործվող հանցագործությունները քննարկվում եւ դիտարկվում են մարդկության դեմ հանցագործությունների  համատեքստում, շատ ավելի հաստատուն ու հեռանկարային հիմք է ստեղծում վաղվա՝ Արցախի անկախության ճանաչման գործընթացի համար, քան ԼՂ շրջակա տարածքների վերահսկողությունն էր ստեղծել նախկին երեսուն տարիներին: Այս narrative-ը պետք է հետեողականորեն առաջ տարվի բոլոր միջազգային հարթակներում. Հակամարտություն՝ հազարամյակների իր հայրենիքում ապրող եւ որպես ինքնապահպանման երաշխիք` ՄԱԿ կանոնադրությամբ երաշխավորված ազգային ինքնորոշում իրականացնող Արցախի եւ դրան ի պատասխան՝ հանցագործություններ կատարող եւ Արցախի ինքնորոշման իրավունքը բռնությամբ ու վայրագություններով ճնշել փորձող, ընդամենը 100-ամյա պատմությամբ մի արհեստական պետական կազմավորման` Ադրբեջանի միջեւ: 

Ընդսմին, ապագայում արժե եւս մեկ քայլ կատարել եւ ըստ կարելվույն ապահովել, որ միջազգային ատյաններում Արցախի խնդիրներով հանդես գան ոչ թե Հայաստանի, այլ Արցախի  պաշտոնյաները: Արցախի եւ Ադրբեջանի պաշտոնյաները՝ դեմառդեմ, միջազգային հարթակներում. սա այն օպտիկան է, որ հարկավոր է Հայաստանին եւ Արցախին եւ բարոյապես ու քաղաքականապես կոչնչացնի Իլհամ Ալիեւին: 
    
Հայաստանի հետ ԼՂ ինտեգրումը պետք է պահպանվի 

Դա՝ առհասարակ, իսկ կոնկրետ օգոստոսի 16-ին նախ ցանկալի կլիներ, որ Հայաստանի խոսքն ավելի կոշտ հնչեր Ադրբեջանին՝ որպես խաղաղությանը սպառնացող ագրեսոր եւ մարդկության դեմ հանցագործ որակելու տեսակետից: 

Այլ հարց արդեն, թե ինչպիսին էլ լիներ Հայաստանի ներկայացուցչի ելույթը Նյու Յորքում, ավելի էականն այն էր, թե ՄԱԿ ԱԽ մշտական ու ոչ մշտական անդամներն ինչպես են տեսնում Լաչինի միջանցքը շրջափակելու եւ Հայաստանի հետ ԼՂ-ի փաստացի ինտեգրվածությունը խաթարելու Ադրբեջանի քաղաքականությունը: Ի դժբախտություն Ալիեւի, համարյա բոլորը, մանավանդ՝ մշտական անդամները, խոսեցին եւ պահանջեցին Լաչինի միջանցքի բացում, ինչը ցույց է տալիս, որ ամենքը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ինտեգրվածությունը բնական են համարում: Իսկ դա նշանակում է, որ իրերի խորքում ոչ ոք Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս չի համարում:  Ալիեւը գլուխը պատերին խփի թե առաստաղին, սա է իրականությունը, որ  ինքը ոչնչով չի կարող փոխել:

Ընդհակառակը, Լաչինի միջանցքի շրջափակումով Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետն Արցախում մեծագույն փաստարկ է, թե ինչու ԼՂ-ն պետք է ինտեգրված մնա Հայաստանին, եւ Լաչինի միջանցքի բացում պահանջող ամեն կոչ Նյու Յորքում անուղղակի այդ ինտեգրմանն էր սատարում: Ալիեւը որքան էլ հիմար ձեւանա, չի կարող այդքանը չգիտակցել: