Մասնակցել, թե չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին. ում հիմնավորումներն են ավելի համոզիչ

Մասնակցել, թե չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին. ում հիմնավորումներն են ավելի համոզիչ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ ունեցած վերաբերմունքը կիսել է Հայաստանի ընդդիմությանը: Խորհրդարանական ընդդիմության կորիզը կազմող ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայտարարել են ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշման մասին: «ՀՀԿ Գործադիր մարմինը որոշում է կայացրել կուսակցական ցուցակով չմասնակցել սույն թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին եւ ուժերը կենտրոնացնել Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված աղետալի անվտանգային վիճակի հաղթահարմանն ուղղված ներքաղաքական եւ միջազգային աշխատանքների իրականացման ուղղությամբ». ՀՀԿ որոշումն այսպես էր ներկայացրել  կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը: ՀՅԴ-ն մի փոքր այլ կերպ էր մեկնաբանել ընտրություններին չմասնակցելու որոշումը: Ըստ ՀՅԴ-ի, իրենք կողմնակից էին, որ ընդդիմությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցի  միասնական ցուցակով, բայց քանի որ այդ ձեւաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, «ՀՅԴ-ն նպատակահարմար չի գտնում Երեւանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը»։  

Ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցությունը եւ «Մայր Հայաստան» դաշինքը, ընդհակառակը՝ կարեւորում են ընտրություններին մասնակցությունը, դրանք համարելով Հայաստանում արմատական փոփոխություններ`իշխանափոխություն իրականացնելու եւ Արցախը փրկելու հնարավորություն: Այս կուսակցությունները համարում են, որ ընտրություններին մասնակցությունը հնարավորություն է՝ մոբիլիզացնելու եւ ոտքի հանելու հասարակությանը, եւ դրանք պետք է դիտարկել ու  օգտագործել որպես առաջին քայլ՝ Հայաստանում ամբողջական իշխանափոխության համար: «Եթե ընդդիմությունը չի մասնակցում  Երեւանի ավագանու  ընտրություններին, իշխանությունը կարող է հայտարարել, որ ընդդիմությունը վախեցավ հանրային կարծիքից, եւ դա օգտագործելով՝ վաղը, մյուս օրը կարող է Լեռնային Ղարաբաղի հարցով ցանկացած որոշում կայացնել՝ ասելով, որ ունի հասարակության վստահության քվեն»,- ընտրություններին մասնակցելու իրենց որոշումը հիմնավորում է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Երվանդ Բոզոյանը՝ ավելացնելով, որ ընտրություններն օգտագործելով՝ իրենք նպատակ են դնում կազմաքանդել իշխանությունը Երեւանում եւ հետագայում այն շարունակել ամբողջ Հայաստանում:

Չնայած ընտրությունները բոյկոտող կուսակցությունները հրապարակային չեն հայտարարում, սակայն ակտիվորեն տարածում են այն թեզը, որ ընտրություններին մասնակցող եւ իրենց ընդդիմադիր հռչակող ուժերն իրականում օգնում են իշխանությանը՝ լեգիտիմացնելու ընտրությունները: Ըստ նրանց, իշխանությունը, այսպես թե այնպես, կեղծելու է ընտրությունները, ընդդիմությունը լիարժեք լծակ չունի՝ վերահսկելու ընտրությունները եւ կանխելու ընտրակեղծարարությունը եւ եթե նույնիսկ չընդունի ընտրության արդյունքները, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվելու: Դրա փոխարեն իշխանությունը կկարողանա ասել, որ ընտրությունները եղել են մրցակցային, դրանց մասնակցել են ինչպես չափավոր, այնպես էլ արմատական ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժեր, եւ իրենք արդար մրցակցության պայմաններում կարողացել են համոզիչ հաղթանակ տանել: Ընտրությունների արդյունքները եւ դրանց լեգիտիմությունն ընդունելու նաեւ այս իշխանություններին ամեն ինչում պաշտպանող միջազգային կառույցները, դրանք անվանելով ազատ, արդար եւ թափանցիկ: Մինչդեռ չմասնակցության դեպքում  հնարավոր կլիներ ասել, որ իրական ընդդիմությունը չի մասնակցել եւ բոյկոտել է ընտրությունները, դրան մասնակցել են իշխանությունն ու իր խամաճիկները՝ ընտրությունները վերածելով բեմականացված միջոցառման: 

Ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած ուժերն էլ, ընդհակառակը՝ փորձելու են ամեն ինչ անել, որ թույլ չտան, որ խորհրդարանական ընդդիմությունը պահի իր չեզոքությունը, այլ ներքաշվի ընտրական պրոցեսի մեջ, այս կամ այն չափով սատարելով ընտրության մասնակից ուժերից որեւէ մեկին: Նրանց հակափաստարկն այն է, որ ընտրությունները բոյկոտելը կամ չմասնակցելը ձեռնտու է միայն իշխանությանը, եւ իրեն ընդդիմություն համարող ուժը պետք է դիրքորոշում արտահայտի, մանավանդ որ դրան մասնակցող ուժերն առաջադրում են իշխանափոխության պահանջ, որը համահունչ է գործող ընդդիմության պահանջներին:

Թե այս տեսակետներից որն է ավելի համոզիչ, ճիշտն ընտրությունները բոյկոտելն է, թե դրանց մասնակցելը, մենք չենք կարող ասել: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ էլ ՀՀԿ-ն եւ իր դաշնակից ուժերը դեմ էին ընտրություններին մասնակցելու փաշինյանական ծրագրին, բայց երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց դրանց մասնակցելու եւ կրելու իր որոշման մասին, մյուսները եւս փոխեցին իրենց դիրքորոշումը, ինչից օգտվեց միայն իշխանությունը: Ընդդիմության՝ «Մենք խորհրդարան ենք գնում մեր սեփական օրակարգով»  թեզը՝ նկատի ունենալով իշխանափոխությունը, այդպես էլ մնաց օդի մեջ: Հիմա «մենք ընտրություններին մասնակցում ենք հանուն իշխանափոխության» թեզն առաջ են քաշում այլ ուժեր եւ այլ անհատներ, իսկ թե ինչ կանեն նրանք իրականում, ցույց կտա կյանքը:

Հնարավոր է նաեւ, որ ընտրությանը մասնակցող ուժերը ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմությունափոխություն են ուզում իրականացնել: Ինչպես արդեն առիթ ունեցել ենք գրելու՝ ընտրությունների ժամանակ հասարակությունը ընտրում է ինչպես իշխանություն, այնպես էլ ընդդիմություն: Եթե ընտրություններին մասնակցող ուժերին հաջողվի Երեւանի ավագանու ընտրություններում ստանալ լուրջ աջակցություն, ապա կկարողանան ասել, որ Հայաստանում ընդդիմության դերն այլեւս պատկանում է իրենց, հասարակությունն իրենց է տեսնում ընդդիմություն: Չնայած խորհրդարանական ընդդիմություը կկարողանա նրանց հակադարձել, որ դուք իշխանափոխություն էիք խոստացել հասարակությանը, կատարեք ձեր խոստումը, եթե կարող եք:

Ավետիս Բաբաջանյան