Եթե ռուսներն Արցախից հեռանան, տեղի հայ բնակչությունն էլ է ստիպված լինելու հեռանալ

Եթե ռուսներն Արցախից հեռանան, տեղի հայ բնակչությունն էլ է ստիպված լինելու հեռանալ

Եվրոպայի անվտանգության եւ hամագործակցության կազմակերպության գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդենի պաշտոնական այցի օրակարգի առանցքային թեման ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն ու դրանում Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերն է։ Սա հստակ մեսիջ է, որ ՄԽ-ն չի մեռել, եւ Արցախի կարգավիճակի հարցը վճռվելու է այս ֆորմատում։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասում է․ «Գալով տարածաշրջանային իրողություններին՝ պետք է ֆիքսենք, որ տարածաշրջանում նոր խաղացող է ի հայտ եկել՝ ի դեմս Թուրքիայի, եւ այդ իրողության հետ չես կարող հաշվի չնստել։ Իհարկե, կարող ես ասել, որ Թուրքիան չպետք է ներգրավվածություն ունենա որպես ՄԽ համանախագահ, բայց մենք ասում էիք նաեւ, որ որպես կոնֆլիկտի կողմ էլ չպետք է ներգրավվածություն ունենար, բայց ունեցավ։ Հիմա իրողությունները թելադրում են մեկ այլ կարեւոր հանգամանք․ այն, որ մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, լինելով գերտերություններ, դուրս են մնացել այս պրոցեսից։ Նորից՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը։ Բնական է, որ տարածաշրջանում ազդեցությունը պահպանելու, հնարավորություններ ստեղծելու առումով երկու պետություններն էլ պետք է փորձեն նաեւ այս պլատֆորմով ակտիվ քայլեր ձեռնարկել։ Թե որքանով դա էֆեկտիվ կլինի՝ հաշվի առնելով թուրքական գործոնի ակտիվացումը, եւ որքանով դա էֆեկտիվ կլինի՝ հաշվի առնելով Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը կոնֆլիկտի ավարտի վերաբերյալ, բնականաբար, կարծում եմ՝ մոտ ժամանակներս այդ հարցերի պատասխանները կստանանք»։ Գուցե ռուսներն ու թուրքերը փորձում են «6»-ի պլատֆորմը դարձնել ՄԽ այլընտրա՞նք, Սարգսյանը պատասխանեց․ «Ոչ, նման բան չեմ կարծում։ Ավելին՝ Ռուսաստանը նույնպես փորձում է տարածաշրջանում մինիմալիզացնել Թուրքիայի դերը եւ հնարավորության շրջանակներում ամեն ինչ անելու է, որպեսզի Թուրքիան մեր տարածաշրջանում չունենա այն ազդեցությունը, ինչ կցանկանար ունենալ»։ Մի ուշագրավ համընկնում եւս․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, անդրադառնալով ռազմագերիների հարցին, հայտարարել էր․ «Մինսկի խումբը պատրաստ է միջնորդելու եւ կողմերին օգնելու: Համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան»։ 

Ի՞նչ դիրքորոշում ունեն Ռուսաստանում ՄԽ-ի աշխատանքները վերաթարմացնելու կապակցությամբ․ հարցրինք ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովին։ Նա հայտարարեց․ «Բանն այն է՝ ռեսթարթը հնարավոր է միայն 2 կողմերի համաձայնության դեպքում։ Եթե չլինի Ադրբեջանի համաձայնությունը, Մինսկի խումբը չի կարողանա աշխատել։ Նրա մանդատը բաղկացած է երկու կողմերից, եւ ԵԱՀԿ-ից ինչ բարձրաստիճան անձինք էլ ժամանեն՝ Մինսկի խմբի աշխատանքն աշխուժացնելու համար, դա չի օգնի նրա աշխատանքի վերաթարմացմանը»։
Բացի այդ, Մոդեստ Կոլերովը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ  Երեւանը՝ ի դեմս Փաշինյանի եւ արտգործնախարար Այվազյանի, արտաքին քաղաքական շփումներում ՄԽ աշխատանքը վերաթարմացնելու շեշտադրումներ է անում, ասաց․ «Հասկանում եմ, որ նրանք ցանկանում են հենվել կարգավորման եւս մեկ ձեւաչափի վրա, նոյեմբերի 9-ի հայտարարությանը լրացուցիչ։ Բայց ես չեմ տեսնում որեւէ հեռանկար, որ Մինսկի խումբը կարող է բրթել առկա հայտարարությունը»։ 

Բնական է, որ այս իրավիճակում Ադրբեջանին ձեռնտու է ստեղծված ստատուս-քվոն, եւ բնական է, որ նա չի համաձայնի ՄԽ աշխատանքի վերաթարմացմանը։ Եվ ինչ՝ ՄԽ-ն պետք է ամեն ինչի հետ համաձայնի՞։ Կոլերովը կրկնեց՝ համանախագահ երկրները չունեն Բաքվի մանդատը։ «Հարցի իրավական կողմը դեռ պետք է ճշգրտել, բայց քաղաքականապես Ալիեւը մերժել է ՄԽ-ի իր մանդատը։ Ահա թե որն է ցավը։ Եվ Հայաստանը չի կարող միակողմանի կերպով վերադարձնել ՄԽ-ին ակտիվ գործողությունների»։ Ուրեմն, եթե ամեն ինչ այդքան պարզ է ու հեշտ, ինչո՞ւ էր Երեւանը նախապատերազմյան ողջ շրջանում շարունակում բանակցային գործընթացը, չէր մերժում ՄԽ մանդատը, այն ժամանակ, երբ հայկական կողմի վերահսկողության տակ էին ազատագրված տարածքները, եւ ստատուս-քվոն ձեռնտու էր իրեն։ Կար, չէ՞, գուցե տեղում դոփող, բայց բանակցային գործընթաց։ Գուցե այն պատճառով, որ միջազգային հանրությո՞ւնն էր նրան ստիպում նստել բանակցային սեղանի շուրջ։ Մեր դիտարկմանն ի պատասխան՝ Կոլերովն ասաց․ հարցն իրեն չպետք է ուղղվի, սակայն քաղաքագիտորեն բացատրեց․ «Հայաստանը ՄԽ մանդատը հետ չէր կանչում, քանի որ կարգավորման շրջանակը թույլ էր տալիս Լեռնային Ղարաբաղի անկախության ինչ-որ մի ձեւի շուրջ հույսեր ունենալ»։ 

Ամեն դեպքում, ո՞րն է ՌԴ-ի դիրքորոշումն այս հարցում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի։ «Ռուսաստանը ՄԽ համանախագահ երկիր է, բայց եթե Ադրբեջանը հետ է վերցրել իր մանդատը, ապա Ռուսաստանը կարող է միմիայն սպասել Ադրբեջանի պաշտոնական թույլտվությանը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանն ունի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատ։ Այնպես որ, ՌԴ-ին պետք չէ փնտրել լրացուցիչ մանդատներ, նա ունի այն։ Եվ այդ մանդատը Մինսկի խմբի ուժերով հաստատելու փորձն Ադրբեջանի կողմից մերժվում է։ Բայց, իհարկե, վատ չէր լինի, որ Մինսկի խումբը եւ ՄԱԿ-ը  հաստատեին խաղաղապահ առաքելության մանդատը։ Այդ դեպքում դա կլիներ ոչ միայն երկկողմանի համաձայնագիր, այլեւ միջազգային գործոն։ Լավ կլիներ, որ այդպես լիներ, քանի որ ինչքան ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում կա՝ երկկողմանի համաձայնագրի մանդատով, ապա առաջին 5 տարվա ավարտին կարող է ստեղծվել իրավիճակ, որ մեր խաղաղապահներին այնտեղից խնդրեն հեռանալ։ Իսկ եթե նրանք հեռանան, ապա տեղի հայ բնակչությունն էլ է ստիպված լինելու հեռանալ»։ 

Այսինքն, ռուսական կողմի պնդմամբ, բանակցային գործընթացը կարող է լինել միմիայն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերի ստանձնած պատավորությունների կատարման շրջանակներում եւ միմիայն ա՞յդ կետերի շուրջ։ Կոլերովը պատասխանեց․ «Ձեր խնդիրը  հեշտացնելու համար պարզ ասեմ՝ քանի դեռ Ադրբեջանը մերժում է ՄԽ մանդատը,  խնդիրը կարգավորման տեղափոխելու որեւէ փորձ չի հաջողվի»։