Հասարակությունը կարող է ցույց տալ իր համախմբվածությունն ընդդեմ իշխանության

Հասարակությունը կարող է ցույց տալ իր համախմբվածությունն ընդդեմ իշխանության

2016 թվականին ՀՀ նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թեւանյանը, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը, ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Ստեփան Մարգարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, «Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար Մանվել Եղիազարյանը, ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանը, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը, ռեժիսոր Վահե Հախվերդյանը, քաղաքագետ Նինա Մարգարյանը, գործարար Վարդան Թովմասյանը եւ քաղաքական մեկնաբան, արեւելագետ Արտակ Բշտիկյանը հայտարարեցին, որ ձեւավորում են «Համախմբում» անվանումով մի կուսակցություն, որի ակտիվ գործունեությունը բավականին կարճ տեւեց, եւ որի հիմնական առաքելությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելն էր

: ՕՐՕ դաշինքը` Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Սեյրան Օհանյան կազմով, այս կուսակցության հենքի վրա ձեւավորվեց եւ ընտրություններից անմիջապես հետո էլ դադարեց գործելուց: Նրա անդամներն էլ այս կամ այն ձեւով հեռացան կուսակցության շարքերից, անդամակցեցին այլ ուժերի: Անցյալի խորքերում մնացած այս կուսակցությունը` «Համախմբումը», «վերակենդանացնելու» փորձեր են այսօր արվում: Թեպետ կուսակցությունը թղթի վրա չի դադարել գործելուց, սակայն որեւէ ակտիվություն այս ընթացքում չի ցուցաբերել: Լուրեր են շրջանառվում, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը մայրաքաղաքի առաջիկա ընտրություններին որոշել է մասնակցել հենց այս կուսակցության ցուցակով: «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել կուսակցության նախկին անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին:

- Տիկին Վարդանյան, կպատմե՞ք, թե երբ եւ ինչ պայմաններում որոշեցիք հեռանալ «Համախմբում» կուսակցությունից:

- Միայն կարող եմ ասել, որ կուսակցությունից հեռացել եմ 2017 թվականին: Միայն դա կարող եմ ասել: 2017-ի աշունն էր, եթե չեմ սխալվում:

- Իսկ այդ կուսակցության հետ ինչ-որ կապեր չունե՞ք այժմ:

- Բացարձակապես չունեմ: 2017-ից հեռացել եմ ու որեւէ կապ չունեմ այդ կուսակցության հետ:

- Անդրանիկ Թեւանյանը ցանկանում է Երեւանի քաղաքապետ դառնալ: Հետաքրքիր է` ի՞նչ կարծիք ունեք: Նրա հետ չե՞ք զրուցել այդ մասին: Չե՞ք աջակցում նրան կամ` ցուցակում առաջադրվելու ցանկություն չունե՞ք:

- Անդրանիկ Թեւանյանը «Հայաստան» դաշինքի անդամ է, սակայն լրացուցիչ վերջնական որոշում դեռ չկա: Այս պահի դրությամբ որեւէ ձեւաչափով որեւէ քննարկում չի եղել:

- Այսինքն՝ քննարկումների արդյունքում կարող է որոշվել, որ նա դաշինքի քաղաքապետի թեկնածուն է, այդ դեպքում կաջակցե՞ք նրան:

- Ես առհասարակ այսօրվա իշխանությանն այլընտրանք ցանկացածին աջակցելու մեջ որեւէ խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք անհանգստացած են Հայաստանի ճակատագրով, այս իշխանություններին այլընտրանք ցանկացած թեկնածուի պետք է աջակցեն: Ամեն դեպքում, քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու վերջնական որոշում դեռեւս չկա: Ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել, որ պրոցեսին ներգրավվում է:

- Որոշ ընդդիմադիրներ, հատկապես հանրապետականները, այս օրերին տեսակետներ են հայտնում, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելն անիմաստ, աննպատակ պրոցես է: 

- Ես անձամբ կարծում եմ, որ քաղաքապետի առաջիկա ընտրությունները պետք է լինեն, որով հասարակությունը կարող է ցույց տալ իր համախմբվածությունն այսօրվա իշխանությունների դեմ: Ես շատ կարեւորում եմ Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրությունները: