Շուտով ՆԱՏՕ-ն է խնդրելու, որ Ուկրաինան դառնա իր անդամը, ոչ թե հակառակը

Շուտով ՆԱՏՕ-ն է խնդրելու, որ Ուկրաինան դառնա իր անդամը, ոչ թե հակառակը

Սկիզբը՝ այստեղ

Կիեւի քաղաքային խորհրդի պատգամավոր, Ուկրաինայի զինված ուժերի սպա Վադիմ Վասիլչուկը դասակի հրամանատար է, ով մասնակցել է ուկրաինական խոշոր քաղաքների համար մղվող մարտերին։ Երեկ հրապարակել էինք նրա հետ հարցազրույցի առաջին մասը։

- Թե՛ Եվրամիությունը, թե՛ ՆԱՏՕ-ն պատրաստ չեն ընդգրկել Ուկրաինային իրենց շարքերում։ Հիասթափություն չկա՞ այդ առումով։

- Իրականում շատ դժվար է ասել, որ նրանք պատրաստ չեն։ Ամեն դեպքում, մենք այս մեկուկես տարվա ընթացքում շատ ավելի դրական ազդանշաններ ստացանք Եվրամիությունից այն մասին, որ ԵՄ-ն տեսնում է Ուկրաինային որպես Եվրոպայի մաս, նույնը վերաբերում է ՆԱՏՕ-ին։ Նրանք շատ լավ հասկանում են, հատկապես այն բանից հետո, որ մենք հիմա արդեն կռվում ենք այնպիսի զենքերով, որոնք ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրների մի մասը, մենք դրանք յուրացրել ենք ու ցույց ենք տվել, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են դրանք արդյունավետ օգտագործել, լինել մարտունակ։ Ես կարծում եմ, որ սա ավելի շատ քաղաքական հարց է, քաղաքական պատմություն՝ պատերազմող երկրի՝ ՆԱՏՕ-ի կազմ մտնելու առումով։ Եվրամիության վերաբերմունքն ավելի հանգիստ պետք է լինի այս հարցի վերաբերյալ, որովհետեւ այն ռազմական կառույց չէ, այլ՝ տնտեսական, եւ այստեղ ցանկալի կլիներ տեսնել ավելի հստակ ազդանշաններ ու գործողություններ, որոնք հնարավորություն են տալիս։ Սակայն պետք է հասկանալ, որ այնտեղ բոլոր որոշումները կոնսենսուսով են ընդունվում, եւ այնտեղ կան մի շարք երկրներ, որոնք դեռեւս գտնվում են ռուսական քաղաքական արբիտրում, եւ նրանք, իհարկե, որոշակիորեն ընդդիմանում են Ուկրաինայի մուտքին Եվրամիություն։ Սակայն մեծամասնությունը՝ հիմնական երկրների մեծամասնությունը տեսնում է Ուկրաինան Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կազմում։ Կարծում եմ, որ մենք Վիլնյուսում կլսենք ինչ-որ հստակ սահմանումներ, որովհետեւ, ինչպես երբեմն Ուկրաինայում են ասում, շուտով հակառակն է լինելու՝ շուտով ՆԱՏՕ-ն է խնդրելու, որ Ուկրաինան դառնա անդամ, ոչ թե հակառակը։ Որովհետեւ միլիոնանոց ուժեղ բանակը, որը հիմա կա Ուկրաինայում եւ որը պատերազմի այդպիսի փորձառություն ունի եւ մարտերի, այն ավելի շուտ պետք կգա ՆԱՏՕ-ին, քան թե ՆԱՏՕ-ն պետք կլինի Ուկրաինային։

- Ո՞րն էր Ուկրաինայի մեղավորությունն այդ կոնֆլիկտում, չէ՞ որ սովորաբար երկու կողմի մեղավորությունն էլ այս կամ այն չափով լինում է։

- Ամբողջական պատերազմ է հիմա ընթանում, օգտագործվում են ռազմական տեխնիկայի բոլոր տեսակները, ռուսական զինված ուժերն օկուպացրել են ՄԱԿ-ով ճանաչված ժողովրդավարական անկախ պետության տարածքների մի մասը, եւ այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ հենց նույն պետությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինայի անվտանգության գարանտներից մեկն էր՝ հատկապես այն բանից հետո, երբ մենք հայտարարեցինք ատոմային նեյտրալիտետի մասին։ Դրա վրա կուզենայի կենտրոնանալ, որ երկար հեռանկարի պարագայում ամբողջ աշխարհի համար լուրջ հետեւանքներ կարող են թողնել Ռուսաստանի գործողությունները հենց  ատոմային զինաթափման տեսանկյունից, որովհետեւ ամբողջ աշխարհը տեսավ, որ եթե դու ռուսների ձեռքով Ուկրաինայի պես երկրի ատոմային զինաթափության միջոցով անցար, ապա այդ դեպքում հնարավոր է, որ քեզ վրա հարձակվի հենց քո անվտանգության երաշխավորը։ Եվ ես կարծում եմ, որ ամեն երկիր հիմա շատ ավելի դետալային կմոտենա նմանատիպ հարցերի որոշմանը։

- Չե՞ք կարծում, որ ինչ-որ մի պահի Ուկրաինան դարձավ գործիք՝ երրորդ կողմի ձեռքում։ Աշխարհում ռուս-ուկրաինական պատերազմը բնորոշում են որպես Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմ։

- Ես չգիտեմ, թե ովքեր կարող են այդպես ասել, որովհետեւ դա նման է նրան, որ Ադրբեջանը պատերազմում է Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղում՝ ասել, որ Ադրբեջանը պատերազմում է Ռուսաստանի դեմ, ոչ թե Հայաստանի, որովհետեւ ռուսները եկան օգնության եւ այլն։ Կարծում եմ, որ հայկական իշխանությունները նույնպես գնահատական տվեցին ռուսների վերջին գործողություններին, այն մասին, թե ինչպես նրանք չեկան օգնության։ Երբ մենք նայենք 30 տարի ձգված պատերազմին, թե ինչպես է այն տեղի ունեցել, ապա կարող ենք դա նույնկերպ բնորոշել։ Կարելի է, չէ՞: Բայց ոչ` ես կարծում եմ, որ հայերը պատերազմում էին Ադրբեջանի դեմ, հիմա նույնկերպ Ուկրաինան պատերազմում է Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանն Արեւմուտք չի մխրճվել եւ չի հարձակվել արեւմտյան երկրներից որեւէ մեկի վրա եւ Ռուսաստանը շատ է վախենում դրանից, ու դա շատ լավ երեւում է։ Հարյուրամյակներով Ռուսաստանը սպառնում էր Ֆինլանդիային եւ միշտ կոպիտ սպառնում էր, որ եթե Ֆինլանդիան նեյտրալիտետից անցում կատարի ու դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա շատ կոպիտ ռեակցիա կտա, այնինչ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ում է՝ ռուսները բանակը հետ քաշեցին։ Ռուսները վախենում են Արեւմուտքից, արեւմտյան ուժեղ բանակից, բայց այնպիսի փոքր պետություններում, ինչպիսիք են Վրաստանը, Պրեդնիստրովիան, Չեչնիան, Մոլդովան, պատերազմը, որն անցնում էր Հայաստանում եւ Ադրբեջանում, այնտեղ նույնպես ռուսները փորձում էին ցույց տալ, թե մենք ինչքան հզոր ենք, ուժեղ եւ անհաղթ՝ ավելի փոքր պետությունների վրա։ Ուկրաինան բավականին մեծ պետություն է, եւ հիմա ռուսներն իրենց ճանկերը, ատամները կոտրում են ուկրաինական բանակի վրա, եւ ես կարծում եմ, որ դեռ շատ կջարդեն, իսկ մենք կազատագրենք մեր հայրենիքը։

- Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք ասել, որ սա պատերազմ է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։

- Տեսեք, բոլորը հասկանում էին, երբ Ուկրաինայի շուրջ ռուսական զորքեր էին կանգնած, երբ դեռ հարձակում չէր եղել, մեզ բոլորը զգուշացնում էին, բայց, ամեն դեպքում, ոչ ոք մեզ ռազմական օգնություն չառաջարկեց, ոչ ոք չեկավ ու չասաց՝ ժամանակակից աշխարհում չի կարելի այդպես վարվել։ Ինչո՞ւ․ որովհետեւ Ռուսաստանի մասին շատ սարսափեցնող պատկեր կար ու ահասարսուռ միֆ՝ անհաղթահարելի ռուսական բանակի մասին։ Մենք այդ միֆը ոչնչացրինք։ Այդ օգնությունը, որի մասին նշում եք, մենք դրա դիմաց վճարել ենք մեր զինվորների արյամբ ու մարդկանցով, ովքեր, ցավոք, զոհվեցին որպես քաղաքացիականներ, ու աշխարհը տեսավ, որ մենք պատրաստ ենք կռվել, ու մենք կռվում էինք այն զինտեխնիկայով, որն ունեինք, ու որոնք ամենասկզբում շատ քիչ էին եւ հաստատ ամենահզորներից չէին։ Ինձ համար դժվար է խոսել Արեւմուտքի եւ Ռուսաստանի պատերազմի մասին, երբ Արեւմուտքի ոչ մի զինվոր չի մասնակցում այդ կռվին, իսկ նույն Ուկրաինային սկսեցին լենդլիզ տալ, բայց երբ Խորհրդային Միությունը սկսեց լենդլիզ ստանալ ԱՄՆ-ից, նրան լենդլիզ տվեցին ոչ թե նրա համար, որ Սովետական Միության ձեռքերով ԱՄՆ-ն պայքարում էր նացիստական Գերմանիայի դեմ՝ ոչ, Խորհրդային Միությունը պարզապես օգտագործում էր Արեւմուտքից եկող հավելյալ օգնությունները։