«Հրապարակ»․ Ադրբեջանը ցանկանում է, որ մենք Արցախի հարցը թողած՝ խոսենք հացի խնդրի մասին

«Հրապարակ»․ Ադրբեջանը ցանկանում է, որ մենք Արցախի հարցը թողած՝ խոսենք հացի խնդրի մասին

Արցախում իրավիճակն օր-օրի բարդանում է: Արդեն խանութներում պարզ սննդամթերքի պակաս կա, եւ կտրոնային համակարգն անգամ չի փրկում: Միրգ-բանջարեղենը գրեթե վերացել են խանութներից ու շուկայից, մարդիկ բառացիորեն դաշտերում աճող ուտելի խոտերով են ապրում եւ սպասում, որ հողը բերք տա: Աղետալի վիճակում են հիվանդները, որոնց մեծ դժվարությամբ են Արցախից Հայաստան ուղարկում: Վառելիք չկա, եւ Արցախում տրանսպորտ գրեթե չի աշխատում: Իսկ Իլհամ Ալիեւի հոխորտանքները գնալով ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում, Ադրբեջանի նախագահն արդեն ուլտիմատումներ է տալիս, թե կազմալուծեք բանակն ու պետական ինստիտուտները, եւ պատերազմով է սպառնում:

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանն է:

- Պարոն Հակոբյան, տեւական ժամանակ է՝ Արցախն արգելափակված է, արդեն «պաշարված» բառն է սազում: Իրավիճակը ծայրաստիճան բարդ է: Ասում են` Արցախի խանութներում հացից բացի ոչինչ չկա: Այսօր ի՞նչ իրավիճակ է Արցախում: Որեւէ փոփոխություն կա՞, դրական կամ բացասական առումներով:

- Արցախում իրավիճակը շատ լարված է: Հումանիտար առումով սարսափելի է վիճակը: Ադրբեջանական կողմն արգելել է ցանկացած տեսակի բեռների ներկրում Արցախ, ինչի հետեւանքով աղետալի վիճակում է հայտնվել Արցախը: Այժմ Արցախն իր ներքին ռեսուրսների շնորհիվ կարողանում է որոշ չափով գոյատեւել: Դեռեւս դիմադրում ենք, սակայն պարզ է, որ ցանկացած տեսակի ռեսուրս վերջանալու է, արդյունքում վիճակն ավելի է վատանալու:

- Այսօր շրջե՞լ եք խանութներով: Ի՞նչ վիճակ է:

- Իմ ունեցած տվյալներով` խանութներում ամեն ինչ սպառվել է, պահեստավորված ոչինչ չկա, սակայն հացի խնդիր դեռեւս չկա, բայց ֆիքսենք` դեռեւս: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր պահեստավորված ապրանք վաղ թե ուշ վերջանալու է: Եթե ճանապարհը փակ է, դեպի լավը չի կարող փոխվել ինչ-որ բան:

- Մենք գրել էինք, որ ռուս խաղաղապահներն ուղղաթիռներով իրենց համար կարողանում են սննդամթերք եւ անհրաժեշտ պարագաներ տեղափոխել` Գորիսից, սակայն արցախահայերին, այսպես ասած, անտերության են մատնել, ոչինչ չեն անում՝ մարդկանց, գոնե երեխաներին սննդամթերքով օգնելու համար:

- Անկեղծ ասած, այդ մասին տեղեկություն չունեմ, սակայն կարծում եմ՝ խնդիրը զուտ հումանիտար աղետի համատեքստից դիտարկելը եւ խոսելն այն մասին, թե ռուսները մեզ հաց չեն տալիս, ստացվում է՝ իրականացնել թշնամու ցանկությունը: Ադրբեջանը ցանկանում է, որ մենք Արցախի սուբյեկտայնության հարցը թողած՝ խոսենք հացի խնդրի մասին: Առհասարակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն ամեն կերպ փորձում են իջեցնել հացի լինել-չլինելու մակարդակին: Այս պարագայում բոլոր սլաքներն ուղղել ռուս խաղաղապահների ուղղությամբ եւ նստել սպասել, թե ինչ կանեն նրանք, սխալ է եւ անտեղի:

- Արցախի պետնախարարը եւս կարծում է, որ կան ավելի կարեւոր հարցեր, քան հումանիտար աղետն ու սովն են: Ի՞նչ էր ակնարկում նա օրերս Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք այս պահին:

- Արցախի պետնախարարի մասով չեմ կարող ոչինչ ասել, չգիտեմ, թե նա ինչ է նկատի ունեցել, սակայն կարող եմ ասել, որ ռազմական ագրեսիայից սկսած, հումանիտար աղետ ստեղծելով վերջացրած՝ թշնամին իր առաջ խնդիր է դրել՝ կոտրել արցախցու կամքն ու ոգին: Ասել է, թե շանս չկա, պետք է ամեն ինչ հանձնել: Կարծում եմ` պետք է ամուր լինենք եւ պայքար դրսեւորենք:

- Գոնե ճանապարհն ինչ-որ կերպ բացելու, Արցախ բեռներ տեղափոխելու առումով ինչ-որ ելքեր տեսնո՞ւմ եք:

- Միանշանակ, կան տարբերակներ, սակայն ցանկացած տեսակի գործողություն պետք է սկսել հայկական կողմից բանակցողի փոփոխությունից: Քանի դեռ Հայաստանի իշխանություններն Արցախն Ադրբեջանի կազմում են համարում, հնարավոր չէ որեւէ դրական փոփոխություն կամ առաջընթաց սպասել: Ադրբեջանն ուզում է հայաթափել Արցախը, սա է նրանց նպատակը: Այս պարագայում խոսել Արցախի բնակչության իրավունքներից, անիմաստ է: Մի կողմից Ադրբեջանն է հարվածում, մյուս կողմից Հայաստանի իշխանություններն են նման կերպ վարվում: Պետք է Հայաստանի իշխանությունները փոխվեն: Նրանց փոխարինելու պետք է գան ուժեր, որոնք չեն մտածում Արցախն Ադրբեջանին հանձնելու, այդ ճանապարհով Հայաստանը «փրկելու» մասին: