Գելաշվիլին հրաժարական է տվել վիճահարույց օրենքի պատճառով

Գելաշվիլին հրաժարական է տվել վիճահարույց օրենքի պատճառով

Վրաստանի ֆինանսների փոխնախարար Միրզա Գելաշվիլին լքել է պաշտոնը՝ ասելով, որ երկրի ապագան տեսնում է միայն Եվրոպայում, հայտնում է NewsGeorgia-ն։

«Հանրային ծառայությունում 10 տարի աշխատելուց հետո ես լքում եմ Վրաստանի ֆինանսների նախարարությունը։ Ես կշարունակեմ իմ կարիերան որպես անհատ խորհրդատու... Շնորհավոր Անկախության տոնը: Վրաստանի ապագան Եվրոպայում է». – գրել է Գելաշվիլին LinkedIn սոցիալական ցանցում։

Formula հեռուստաալիքի հետ զրույցում նա հաստատել է, որ որոշումը կապված է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ։ Գելաշվիլիի խոսքով, նման որոշում նա ընդունել է մեկ ամիս առաջ, երբ իշխող «Վրացական երազանք»-ը կրկին օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրեց խորհրդարան:
Գելաշվիլիի որոշ գործընկերներ նույնպես բացահայտ անհամաձայնություն են հայտնել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ։ Նրանցից մեկը ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գեորգի Կակաուրիձեն է։ Լրագրողների հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ տեղին կլինի փոխել նախաձեռնությունը՝ հաշվի առնելով միջազգային գործընկերների մեկնաբանությունները:

Կակաուրիձեն նաև հասկացնել է տվել, որ մտահոգված է Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ներկայիս սրմամբ։ Մեկնաբանելով ռազմավարական գործընկերության վերանայման որոշումը՝ նա հայտարարել է, որ «Վրաստանի եվրաատլանտյան կուրսն ավելի կարևոր է, քան ֆինանսական օգնությունը»։