Փաշինյանական «Նոր Հայաստանին» նոր Սահմանադրություն է պետք

Փաշինյանական «Նոր Հայաստանին» նոր Սահմանադրություն է պետք

«Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է, իմիջիայլոց, լեգիտիմության հետ կապված կարեւոր շեշտադրում»,- սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը նաեւ այսպես է հիմնավորում հակասահմանադրական հեղաշրջման միջոցով երկրում ամբողջ իշխանությունը, այդ թվում վարչապետի պաշտոնը 2018-ին բռնազավթած Փաշինյանը: Փաշինյանական տրամաբանությամբ՝ Սահմանադրությունը պետք է փոխել ոչ միայն դրա առանձին հոդվածներ փոխելու, այլեւ ավելի լեգիտիմ Սահմանադրություն ունենալու համար, քանի որ ինքը համարում է, որ գործողն ընդունվել է ոչ համաժողովրդական քվեարկության միջոցով: 

Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2015 թվականին, եւ այն ժամանակ իբրեւ թե ընդդիմադիր գործունեություն ծավալող Փաշինյանը, համենայնդեպս հրապարակայնորեն, կասկածի տակ չի դրել դրա լեգիտիմությունը: Բացի այդ, մի՞թե նա չգիտի, որ իր կողմից իրականացվող սահմանադրական փոփոխություններն ընդհանրապես չեն ունենալու հանրային աջակցություն, եւ արդյունքում ունենալու ենք ընդհանրապես լեգիտիմությունից զուրկ Սահմանադրություն, որի օգտին քվեարկել է մի քանի հազար մարդ: Ինչպե՞ս կարող է հանրային լեգիտիմությունից զուրկ մեկը նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների գործընթաց՝ լավ իմանալով դրա արդյունքը: Արդյո՞ք Փաշինյանն այնքան է կորցրել իրականության զգացողությունը, որ չի հասկանում նման պարզ բաներ, թե՞ համարում է, որ կոտրել է հանրային դիմադրությունը, եւ իրեն հաջողվելու է անցկացնել ամեն ինչ, ինչ խելքին փչի: Վերջին տարբերակն ավելի իրատեսական է թվում:

Փաշինյանը գիտի, որ իր լեգիտիմությունը եւ իր իշխանության հանրային աջակցությունն ամենացածր մակարդակում են. Հայաստանի վերջին 35 տարվա պատմության մեջ չի եղել մի իշխանություն, որը նման ցածր վարկանիշ ունենա, ավելին` չի եղել իշխանություն, որին հանրությունն ընկալի որպես Հայաստանի թշնամի կամ թշնամու գործակից: Եթե երկրի նախկին ղեկավարների կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունները հանրության կողմից ընկալվում էին որպես սեփական իշխանությունն ամրապնդելու կամ ավելի մեծ իշխանական լծակների տիրանալու փորձ, ապա ներկա սահմանադրական փոփոխությունները շատերի կողմից ընկալվում են որպես Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների կատարում, թշնամուն արվող հերթական զիջում: Բնական է, որ հասարակության քաղաքականապես ակտիվ եւ ընդդիմադիր հատվածը դեմ է քվեարկելու Փաշինյանի կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխություններին, իսկ քաղաքականապես պասիվ, չմոտիվացված մասը, որի համար միեւնույն է, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, կամ ում պահանջով ու պարտադրանքով է այն իրականացվում, ընդամենը բոյկոտելու է հանրաքվեն: Փաշինյանի Սահմանադրությանը կողմ է քվեարկելու լավագույն դեպքում նրա իշխանության մի քանի հազար ներկայացուցիչ: 

Փաշինյանը կարող էր մտահոգություն ունենալ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է դառնալ իր իշխանության վստահության հանրաքվե, հասարակությունը կարող է համախմբվել այդ փոփոխությունների դեմ, որ դրանք մերժելով ցույց տա, որ մերժում է նաեւ Փաշինյանի իշխանությունը: Ճիշտ է` անկախ քվեարկության արդյունքներից, փաշինյանական կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի, որ քվեարկության արդյունքներով նախագիծը ստացել է համաժողովրդական աջակցություն եւ ընդունվել է, բայց բոլորի համար պարզ է լինելու, որ իշխանությունը, իր սովորության համաձայն, կեղծել է քվեարկության արդյունքները եւ 5 տոկոսի փոխարեն գրել 55: 

Այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը նման նախաձեռնությամբ հանդես գալիս, եթե գիտի, որ իր առաջարկած նախագիծը նույնիսկ 5 տոկոս մաքուր ձայն չի ստանալու եւ հանրային ընդվզման առիթ է դառնալու: Տարբերակներից մեկն այն է, որ նա սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարեց՝ ուղղակի ինչ-որ բան ասելու, հասարակությանն ինչ-որ բանով զբաղեցնելու համար: Իշխանության գալուց հետո նա արդեն մի քանի անգամ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել, հանձնաժողովներ ձեւավորել, բայց այդպես էլ նույնիսկ պատրաստի նախագիծ չի ներկայացվել: Ամենայն հավանականությամբ, սա հերթական նման դեպքն է. արտահերթ ընտրությունների անցկացում, սահմանադրական փոփոխություններ, սրանք լավ հանրային քննարկման թեմաներ են, որոնք անընդհատ դրվելով շրջանառության մեջ, զբաղեցնում են հանրային դիսկուրսը: Գնացել էր արդարադատության նախարարություն, ինչ-որ բան պե՞տք է ասեր, թե՞ ոչ: Օրինակ, արդեն մի քանի տարի շարունակ Փաշինյանը խոսում է նոր ատոմակայան կառուցելու մասին, բայց ատոմակայանի ո՛չ նախագիծ կա, ո՛չ նման հնարավորություն, բայց որ գնում է ատոմային էներգիայի մասնագետների հետ հանդիպելու, ինչ-որ բանից պե՞տք է խոսի, թե՞ չէ, դե, խոսում է նոր ատոմակայան կառուցելուց, էկոլոգների հետ հանդիպելիս խոսում է 10 միլիոն ծառ տնկելու մասին, բայց 10 ծառ չի տնկել, ու այդպես շարունակ:

Մյուս տարբերակն էլ այն է, որ Փաշինյանն այլեւս համարում է, որ իրեն հաջողվել է կոտրել հանրային դիմադրությունը, եւ իր համար հասարակության կարծիքը որեւէ նշանակություն չունի: Ինչ-որ բողոքներ կլինեն, ընդդիմության մի մասը կհայտարարի, որ քվեարկության արդյունքները կեղծվել են, մյուսները կարող են ասել, որ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են, եւ մենք չպետք է մասնակից լինենք այդ կեղծ օրակարգի քննարկմանը, եւ ամեն ինչ դրանով էլ կավարտվի: Ինքը կհայտարարի, որ հանրային զգալի աջակցությամբ ընդունվեց Հայաստանի պատմության մեջ առաջին լեգիտիմ Սահմանադրությունը, բացելով նոր կյանքի սկիզբ, հրաժարվելով իր նախորդ կյանքի բոլոր արժեքներից եւ ձեռքբերումներից:

Ավետիս Բաբաջանյան