Զգույշ լինենք գառան մորթով գայլերից

Զգույշ լինենք գառան մորթով գայլերից

Նոր սահմանադրություն ընդունելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մտադրությունը հայ հասարակության կողմից միանշանակ չի ընկալվում։ Իմ դիտարկմամբ, խորը մտահոգություն են արտահայտում հիմնականում ազգակենտրոն հանրային շրջանակները, որովհետեւ հասկանում են, որ թիրախավորված են հայեցի կրթությունը, հայոց բանակն ու Հայ առաքելական եկեղեցին: Այլ խոսքով, վտանգված են մեր միտքը, մարմինն ու հոգին։

Այս մտահոգություններն առկա են, ի դեպ,  մեծամասնության մոտ եւ ճիշտ գեներացվելու դեպքում այդ մտահոգություններն ու վախերը կարող են տրանսֆորմացվել՝ դառնալով  հեղափոխական հզոր ուժ: Սակայն այժմ ուզում եմ, որ վերընթերցենք Սահմանադրության 18-րդ հոդվածն ու պահենք մեր մտքի մեջ․ 

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

2. Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: 

Պատմության մեջ միշտ օրհնության խոսքերով պիտի հիշվեն այն մարդիկ, ովքեր  ներդրում են ունեցել հայապահպանության համար այս կենսական նշանակություն ունեցող հոդվածը մայր օրենքում ամրագրելու հարցում, եւ նզովքի պիտի արժանանան այն մարդիկ, ովքեր կփորձեն այն պոկել իր բնօրրանից։ Թերեւս միակ բանը, որ կարելի է անել այդ հոդվածի հետ,  «Առաքելական Սուրբ Եկեղեցի» անվանումը մեծատառերով գրելն է։ Հայրենասիրական ու եկեղեցասիրական զգացումները ժողովրդի մոտ անհրաժեշտ է հզորացնել, որպեսզի առաջվա նման հայկական գրական աշխատությունները, հայրենասիրական երգերն ու ընդհանրապես հայ մշակույթը ոգեշնչի բոլորիս ու մղի նոր սխրանքների։ Այս նպատակին ծառայող քայլերի շարքին կարելի է դասել նաեւ հասարակական ակցիաները։ Եկեղեցու համար այս դժվարին օրերին շատ անհատներ ու խմբեր այցելություններ են կատարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու իրենց զորակցությունը հայտնում եկեղեցուն։ Թող Աստված օրհնի այն հայորդիներին, ովքեր ոչ թե քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար են այցելում Մայր Աթոռ կամ ի հեճուկս ինչ-որ մեկի, կամ նկարվելու ու փիառվելու համար, այլ այն պատճառով, որ դա իրենց հոգու կանչն է, եւ այցելել են իրենց անկեղծ հավատքի մղումով։ Հիմա առավել եւս պետք է զգույշ լինել գառան մորթով գայլերից։ Հիշենք, սիրելի եղբայրներ ու քույրեր, որ Սահմանադրության 18-րդ հոդվածը վտանգված է, եթե թույլ տանք, ապա այն կհանվի մայր օրենքից։ 

Գենադի Մնացականյան