«Հրապարակ». Նոր պաշտոնները հենց այնպես չեն բաժանվում

«Հրապարակ». Նոր պաշտոնները հենց այնպես չեն բաժանվում

Արմավիրի մարզպետ նշանակվելուց հետո Դավիթ Խուդաթյանը, ով նաեւ ՔՊ Արմավիրի տարածքային խորհրդի նախագահն է, ակտիվացրել է հանդիպումները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային գրասենյակներում։ Դատելով Արմավիրի եւ Փարաքարի տարածքային կառույցների նախաձեռնող խմբերի հետ եռօրյա պարբերականությամբ նրա շփումներից, կարելի է կարծել, որ ՔՊ-ն սկսել է տրամադրություններ շոշափել, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվելով սահմանադրական հանրաքվեի եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների։ 

Փաշինյանն էլ է հասկանում, որ մարզերում իրեն ու իր կուսակցությանն այլեւս չեն հավատում։ Համենայնդեպս, այն վստահությունը չունի, ինչպիսին ուներ, ասենք, 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ անտեսելով 44-օրյա պատերազմում կրած պարտությունն ու ավելի քան 5 հազար զոհը, Արմավիրում, օրինակ, վստահության քվե տվեցին նրա ղեկավարած կուսակցությանը։ Առավել եւս չունի այն վստահության գոնե կեսը, որն ուներ 2018-19-ին:

Ու հիմա Փաշինյանը գիտակցում է՝ եթե գնալու է հանրաքվեի կամ արտահերթ ընտրությունների, առանց իր համար հզոր հենարան հանդիսացող ընտրազանգվածի, նույնն է, թե գնա ինքնաոչնչացման։ Ուստի, իր առջեւ դրված խնդիրը լուծելու եւ իշխանությունը պահելու համար նախեւառաջ վերականգնել է պետք սասանված հեղինակությունը հատկապես մարզերում։ Իսկ դրա համար նրան անկեղծորեն հավատացողներ են պետք, որոնք կկարողանան պաշտպանել ՀՀ Սահմանադրությունը փոխելու փաշինյանական նախաձեռնությունը եւ անել հնարավորը՝ բուն գործընթացը սահուն կազմակերպելու համար։ 

Բայց Փաշինյանին ու ՔՊ-ին հավատացողները շատ չեն․ նրանց շարքերը շատ արագ նոսրանում են նույնիսկ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների վերնախավում։ Հավատացողներից մեկը Դավիթ Խուդաթյանն է, ում համար Նիկոլ Փաշինյանի արտահայտած յուրաքանչյուր միտք, արտաբերած յուրաքանչյուր նախադասություն, նույնիսկ ամենաանհեթեթը,  ոսկե կանոն է, որը պետք է ականջին օղ անել։ Անկախ նրանից, թե որ ուղղությամբ է լողում Փաշինյանի վարած նավը եւ ինչ հանգրվանի կհասցնի հային ու Հայաստանը, խուդաթյաններին դա չի հետաքրքրում։ Կարեւորն իշխանական կերակրամանին մոտ գտնվելն է։ Խուդաթյանին Արմավիրի մարզպետ նշանակելը, թերեւս, անսպասելի չէր նրա համար։ Դպրոցներում Փաշինյանի «գաստրոլները» հուշում են, որ «կախիչ-ցնցուղ» օպերացիան հատուկ էին ծրագրել՝ մարզպետի պաշտոնն Էդվարդ Հովհաննիսյանից վերցնելու եւ Դավիթ Խուդաթյանին հանձնելու համար, որովհետեւ Փաշինյանի հետ քայլելով իշխանության եկած Խուդաթյանին Արմավիրի համայնքապետի աթոռն այլեւս փոքր էր թվում։ Բացի դա՝ եթե Փաշինյանը մոտենում է Հայաստանի երրորդ հանրապետությունը կործանելու հերթական արարին, ճիշտ կլինի, որ մարզի գլխին յուրային լինի։

Այս համատեքստում զարմանալի չէ նաեւ, որ Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարի թափուր մնացած աթոռը զբաղեցրեց մեկ այլ ՔՊ-ական՝ նախկին համայնքապետ Դավիթ Խուդաթյանի տեղակալ Վարշամ Սարգսյանը։ Վերջինս եւ Խուդաթյանն այնքան մտերիմ են, որ արմավիրցիները նրանց «սլադկայա պառըչկա» են ասում։ Քաղաքում զարմացած չեն, որ ՔՊ-ական ավագանին հենց Սարգսյանի թեկնածությունն առաջադրեց եւ նրան միաձայն ընտրեց համայնքի ղեկավարի պաշտոնում։ 

Մարզում այս զույգի ուսերին է դրվելու քաղաքական գործընթացներն իշխանության ուզած ձեւով կազմակերպելու եւ ցանկալի արդյունք ապահովելու անպատիվ բեռը։

Արեգ Մարգարյան