«Հրապարակ». Մարզպետը գովազդում է իր կնոջ ղեկավարած մանկապարտեզը

«Հրապարակ». Մարզպետը գովազդում է իր կնոջ ղեկավարած մանկապարտեզը

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելել է Զառիթափի մանկապարտեզ, ծանոթացել մանկապարտեզի պայմաններին, ապա մարզպետարանի պաշտոնական էջում հաղորդագրություն տարածել, թե մանկապարտեզում «մի հրաշալի վիճակ» է արձանագրվել։

«Շրջայցի ժամանակ արձանագրվեց, որ մանկապարտեզի հարմարավետ պայմանները եւ նյութատեխնիկական հագեցվածությունը, անձնակազմի բոլոր օղակների մասնագիտական պատրաստվածությունը եւ հմտությունները թույլ են տալիս ապահովելու պահանջվող չափանիշներին համապատասխան կրթություն։

Մանկապարտեզի տնօրեն Շ․ Ասլանյանը ներկայացրեց, որ ներկայում ՆՈՒՀ-ը կազմակերպում է 75 սանի կրթություն, ստեղծում ֆիզիկական եւ մտավոր ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ եւ միջավայր։
Անդրադարձան նաեւ ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։

Այնուհետեւ քննարկվեցին մանկապարտեզին կից վերակառուցվող մասնաշենքի շինարարությանը վերաբերող որոշ հարցեր, մասնավորապես նոր կառուցվող մասնաշենքը հետագայում հնարավորություն կտա ընդլայնելու գործունեության սահմանները եւ ներգրավելու նաեւ հարակից բնակավայրերի նախադպրոցական տարիքի երեխաներին»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Թվում է, թե մարզպետի կողմից սովորական այցելություն է, սակայն պարզվում է, որ Զառիթափի մանկապարտեզի տնօրենը մարզպետ Կոլյա Միքաելյանի փաստացի կինն է՝ Շուշանիկ Ասլանյանը։ Թեեւ մարզպետի ներկայացրած հայտարարագրում նրա կինն Առաքելյան Անթառամն է, սակայն մեր աղբյուրն ասաց, որ նորանշանակ մարզպետը փաստացի բաժանված է վերջինիցս։ Ասլանյանը նաեւ Վայքի ավագանու անդամ է` ՔՊ-ական։ Մենք կապվեցինք Շուշանիկ Ասլանյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ նա Կոլյա Միքաելյանի կինն է, եւ մարզպետն իր կնոջ մանկապարտեզն է այցելել ու գովերգել։ Ասլանյանը միայն հարցրեց՝ այդ ո՞վ է ասել, ու անջատեց հեռախոսը՝ հետագայում չպատասխանելով զանգերին։ Շուշանիկ Ասլանյանի հետ նույն հասցեում է բնակվում 2005 թվականին ծնված Մարիամ Կոլյայի Միքաելյանը` մարզպետի դուստրը։ Նշենք, որ Հայաստանում Կոլյա Միքաելյան անուն- ազգանունով չափահաս ընդամենը մեկ մարդ կա՝ Վայոց Ձորի մարզպետը։

Արեգ Մարգարյան