Ինչո՞ւ հանկարծ ակտիվացան հասարակական կազմակերպությունները

Ինչո՞ւ հանկարծ ակտիվացան հասարակական կազմակերպությունները

Անցած տարի, երբ ոստիկանները Եռաբլուրում զոհվածների հարազատներին գետնաքարշ տանելով բացում էին Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, մարդու իրավունքների պաշտպանությանը միտված որեւէ հասարակական կազմակերպություն որդեկորույս ծնողներին աջակցելու փորձ անգամ չարեց։ Ծպտուն չհանեցին նաեւ երիտասարդ հղի կնոջ մահվան դեպքի հետ կապված, որին վրաերթի էր ենթարկել Փաշինյանին ուղեկցող ոստիկանական մեքենան։ Ավելին, լռության ուխտը չխախտեցին նույնիսկ այն դեպքում, երբ Ազատ գյուղի՝ քոլիկ հիշեցնող զորանոցում մի գիշերվա մեջ 15 զինվոր մոխրացավ։ ՀԿ-ները խուլ ու համր են նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքում ամեն օր զոհվող զինվորների, պատերազմից հաշմանդամ վերադարձածների սոցիալական խնդիրների, ապօրինի քրեական հետապնդումների, Արցախին վերաբերող եւ բազմաթիվ այլ հարցերի հետ կապված։ 

Տպավորություն է, թե 2018-ից առաջ գործող ՀԿ-ներն այլեւս չկան՝ երկիրը ներսից պայթեցնելու իրենց քայլն արել ու մի կողմ քաշվել։ Բայց, ով զարմանք՝ Աշոտ Փաշինյանի «առեւանգումն» անսպասելիորեն բացեց նրանց լեզուն։ Իրար հերթ չտալով՝ սկսեցին մեղադրել զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով ցանկացել էր տղամարդավարի խոսել վարչապետի որդու հետ, տանել նրան Եռաբլուր, որ տեսնի «հոր արածները», բայց վերջինս վախեցել էր կնոջից ու դուրս նետվել նրա մեքենայից։ 

Անդրադառնալով դրսի փողերով սնվող ու պատվերով կոկորդ պատռող հասարակական կազմակերպությունների այս մեռելային լռությանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ՀԿ-ների պահվածքն անբարո որակեց։ «Այն բոլոր աչառու կազմակերպություններն ու անհատները, որոնք փորձում են վայնասուն բարձրացնել, արագորեն խլանում են՝ հանրության կողմից պախարակվելով այն լռության համար, որը դրսեւորեցին հերոսների մայրերին նվաստացնելով Եռաբլուրից դուրս հանելու, երտասարդ մորն իր չծնված զավակի հետ Երեւանի փողոցներում գազանաբար վրաերթի ենթարկելու եւ կյանքից զրկելու, անմարդկային պայմաններում ապրող զինվորներին այրելու եւ բազմաթիվ այլ ակնհայտ հանցանքների աղաղակող ձայներից»,- ասում է բանաստեղծը։ Նրա համոզմամբ՝ ստի կայսրություն կերտած ճարտարապետները հասկանում են, որ այլեւս ստվար զանգվածների աջակցությունը չունեն, եւ փորձում են իրենց պարտվողական քայլերը զուգորդել հանրությանը գլխավորից շեղող տարբեր պատումներով։ «Այս վերջին սադրանքը, կապված գերագույն գլխավոր վամպիրի տղայի հետ, հերոսների ծնողներին հանրության աչքում պախարակելու նպատակ ուներ, բայց, ինչպես տեսանք, սպասելիքները չարդարացան»,- ասում է Խաչիկ Մանուկյանը։ 

Մանուկյանը չի հերքում, որ երկրին պատուհասած վտանգների պայմաններում որդի կորցրած մարդիկ երբեմն կարող են դուրս գալ հոգեկան հավասարակշռությունից, չհաշտվեն այն մտքի հետ, որ իրենց զավակները զոհվեցին «հանուն ոչնչի»։ Չնայած, ասում է՝ զավակ կորցրած ծնողը չի կարող ձեռք բարձրացնել որեւէ մեկի վրա։ «Ինձ բախտակից հայրենակիցներս շատ զուսպ գտնվեցին եւ իրենց իսկ վկայությամբ՝ մեր զավակների ու հազարավոր հայ երիտասարդների մահվան պատճառը դարձած Փաշինյան Նիկոլի, տվյալ դեպքում՝ սադրիչ զավակին որեւէ կերպ չվնասեցին»։ Բայց բանաստեղծը դեռ հավատում է, որ հայը դուրս է գալու տեւական թմբիրից, ոտքի է կանգնելու եւ արժանի դատավճիռ է կայացնելու բոլոր դավաճանների համար։