Թուրքահայ համայնքի վերնախավն ընտրել է Էրդողանին

Թուրքահայ համայնքի վերնախավն ընտրել է Էրդողանին

Մայիսի 14-ին Թուրքիայի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքում երկրի նախագահը ստացավ ձայների 49,5 տոկոսը, նրա գլխավոր մրցակիցը՝ 44,8 %-ը։ Զրուցել ենք պոլսահայ «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։

- Ըստ Ձեզ, ինչպե՞ս ընթացան մայիսի 14-ի ընտրությունները, ինչպիսի՞ն է թուրքահայ համայնքի արձագանքը։

-  Ընտրություններն անցան բավականին խաղաղ: Մի քանի մանր խախտումներ նկատվեցին, բայց լուրջ միջադեպ՝ ոչ: Մասնակցությունը բավականին բարձր էր, ընտրողների շուրջ 89 տոկոսը մասնակցեց: Ընտրությունների արդյունքները բավականին անսպասելի էին նաեւ հայ համայնքի համար, քանի որ համարյա բոլոր հարցախույզները համոզված էին, որ ընդդիմադիր դաշինքի թեկնածու Քըլըչդարօղլուն առաջին փուլում կապահովի ձայների 50 տոկոսը: Ձայների հաշվարկների ավարտից հետո նկատվեցին մի շարք խախտումներ, որոնք տեղի էին ունեցել գրանցման պահին: Այժմ քննարկվում են այդ առարկությունները, որի հետեւանքով մեկ կամ երկու երեսփոխանի փոխանակում կլինի մեկ կուսակցությունից մյուսը: 

- Նախագահի 3 թեկնածուներից ամենաքիչ ձայները (5%) հավաքած թեկնածուն՝ Սինան Օղանը, խոստացել է աջակցել Քեմալ Քըլըչդարօղլուին։ Ինչպիսի՞ն են գլխավոր մրցակիցների հաղթելու շանսերը։ Ի՞նչ կանխատեսումներ կան։

- Չի բացառվում, որ երկրորդ փուլի մասնակցությունն ավելի նվազ լինի: Ոչ ոք վստահ չէ, որ Սինան Օղանին ի նպաստ քվեարկողները մեկ ազդանշանով կթեքվեն հակառակ ուղղությամբ։ Օղանն այս պահի դրությամբ հաստատապես չի արել նման հայտարարություն եւ փորձում է սակարկության սեղանի վրա առավելագույնին տիրանալ:  

- Ընտրությունների նախնական արդյունքներով, խորհրդարանում Էրդողանի գլխավորած Հանրապետական դաշինքը մեծամասնություն է կազմելու՝ ստանալով 600 մանդատի կեսից ավելին, մինչդեռ Քըլըչդարօղլուի ղեկավարած քաղաքական ուժը կունենա 100 մանդատ։ Ինչո՞վ է պայմանավորված այս պատկերը՝ հաշվի առնելով նախագահի թեկնածուների ստացած քվեների չնչին տարբերությունը։

 - Մտահոգիչ է խորհրդարանի պարզած համայնապատկերը: Ազգայնական կոչումը ներառում է նաեւ քեմալականներին, որոնք ոխերիմ թշնամի են Էրդողանին: Արդարեւ, բառի բուն իմաստով, ժողովրդավար կարելի է համարել Ժողովրդահանրապետական կուսակցության շարքերից 2 կամ 3 տասնյակ անուն, Բանվորների (Աշխատավորների՝ խմբ․) կուսակցությունից՝ 4 եւ Կանաչ ձախ կուսակցությունից (նախկին (HDP)՝ 62 պատգամավորներ միայն: Ուրեմն ծայրահեղ աջակողմյանները հստակ մեծամասնություն են կազմել խորհրդարանի մեջ: Դժվար չէ ենթադրել, որ նույնիսկ ընտրությունից հաջողությամբ դուրս գա (Քըլըչդարօղլուն),  բավականին բարդ պիտի լինի իր նախագահական պաշտոնի գործադրումը:    

- Խորհրդարանի պատգամավոր դառնալու համար պայքարում էին նաեւ հայ թեկնածուներ՝ Սեւան Սվաչօղլու (իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցություն, AKP), Մասիս Գյուրքչիքիլ (Աշխատավորական կուսակցություն) եւ Մարգարիտ Հիքմե՝ ԺԴՀ (CHP)։ Սեւանը միակ հայազգի պատգամավորն է, ինչպիսի՞ն է մեր մյուս հայրենակիցների ճակատագիրը։

- Նկատի ունենալով իր անդամակցած կուսակցությունը՝ Սեւան Սվաչօղլուն այդ նույն կուսակցության նախկին հայազգի պատգամավոր Մարգար Եսայանի չափ նշանակություն կունենա, ոչ՝ ավելին։ Իսկ Մասիս Գյուրքչիքիլը եւ Մարգարիտ Հիքմեն արդեն ի սկզբանե ընտրվելու հավանականություն չունեին:    

- Թուրքիան առաջիկայում ավելի ազգայնական կդառնա, եւ ավելի դժվարությամբ կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները․ նման կարծիք է հայտնել Կարո Փայլանը՝ նշելով, որ դա մտահոգիչ է։ Նրա խոսքով, վերջին ընտրությունների արդյունքները չեն արդարացրել պոլսահայ համայնքի ակնկալիքները։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

- «Ակոս»-ի հիմնադիր Հրանտ Դինքը ճիշտ այս կետն էր նշում՝ ասելով, որ հայ աշխարհը պիտի խրախուսի Թուրքիայի ժողովրդավար շրջանակներին զորակցելուն: Համակարծիք եմ Կարո Փայլանի կարծիքներին: Իսկապես էլ, պոլսահայ համայնքի միայն հոգեւոր եւ աշխարհիկ վերնախավն էր, որ աջակցեց նախագահ Էրդողանին եւ նրա գլխավորած կուսակցությանը: Հայ հասարակության զգալի մեծամասնությունը հակված էր ընդդիմադիր դաշինքին եւ հատկապես՝ Կանաչ ձախ կուսակցությանն ու Բանվորների կուսակցությանը։

Արա Ալոյան