«Հրապարակ». Աննա Հակոբյանը պատրաստվում է իրականացնե՞լ իր երազանքը

«Հրապարակ». Աննա Հակոբյանը պատրաստվում է իրականացնե՞լ իր երազանքը

Հունվարին Թեհրանում անցկացված Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի ժամանակ մեր վարչապետի ակտիվ կին Աննա Հակոբյանը հայտնել էր, որ ուզում է կանանց հաջորդ համաժողովը կավմակերպել Երեւանում, եւ հրավիրել էր ներկա գտնվող կանանց։ Իսկ Մյունխենում հանդիպելով «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ եւ հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ՝ հաղորդել էր․ «Այս տարի մեր երկրում կանցկացվի «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային համաժողով»: Կառավարությունում անգամ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել` Աննա Հակոբյանի մասնակցությամբ, եւ որոշվել է, որ այդ համաժողովը կայանալու է Երեւանում՝ հոկտեմբերի 19-20-ը: 

Լուրեր կան, որ համաժողովն արտառոց ֆորմատ է ունենալու։ Այն խաղաղությանը միտված հերթական նախաձեռնություն է լինելու: Հիշեցնենք, որ վարչապետի կինը փորձում է այդ ֆորմատն առաջ մղել` սկսած 2018 թվականից: Թեեւ այն երբեմն ընդմիջվում է ռազմաշունչ դրվագներով` «Էրատո» ջոկատ, զորավարժություններից սելֆիներ, Արցախի բունկերում ներկայություն եւ այլն, բայց, ամեն դեպքում, խաղաղության քարոզն ավելի հետեւողական է տարվում, եւ այս անգամ հանդուգն տիկինը, ըստ որոշ լուրերի, որոշել է Երեւան հրավիրել նաեւ թշնամական պետությունների առաջին տիկնանց՝ Մեհրիբան Ալիեւային, Թուրքիայի նախագահի կնոջը։ Հասկանալի է, որ մինչ այդ պետք է նրա ամուսինն արդեն խաղաղության պայմանագիրը ստորագրած լինի: Կանայք, այսպես ասած, շարունակեն ամուսինների սկսած քաղաքականությունը` խաղաղության դարաշրջանին իրենց ներդրումը բերելով: Բայց, միեւնույն է` մի երկրում, որտեղ 5 հազարից ավելի սեւազգեստ մայրերի բանակ կա, նման էքստրավագանտ քայլին հազիվ թե ըմբռնումով մոտենան։ 

Ի՞նչ ֆորմատ է ունենալու համաժողովը, ովքե՞ր են հրավիրված, ե՞րբ ու որտե՞ղ է այն կայանալու, արդեն ուղարկվե՞լ են հրավերներ, կին գործիչների՞ են հրավիրելու, թե՞ բարձրաստիճան պաշտոնյաների կանանց, եւ, վերջապես` ճի՞շտ է, որ հարեւան պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջին տիկնայք են ժամանելու, եւ իրականություն է դառնալու Մեհրիբանի հետ թեյախմության ու մուղամ լսելու երազանքը: Եթե սա ֆեյք լուր է, ապա ո՞վ եւ ինչո՞ւ է տարածում։ Այս հարցերի պատասխանն էինք փորձում ստանալ օրեր շարունակ։ Մեր հարցումներին, որոնք Աննա Հակոբյանին եւ նրա օգնական Եսթեր Սահակյանին ուղարկել ենք բոլոր հնարավոր եւ անհնարին տարբերակներով, պատասխան չենք ստացել։ Ուստի հրապարակում ենք հարցերի ու ենթադրությունների տեսքով` ակնկալելով պատասխան: Տիկին Հակոբյանն ակտիվ գործունեություն է ծավալում, հանրային միջոցներ է օգտագործում, բայց մամուլի հետ հարաբերվելու, հանրությանը հաշվետու լինելու ցանկություն եւ սովորույթ, փաստորեն, չունի։ Ի դեպ, մեր գործընկերներից երեկ տեղեկացանք, որ ոչ միայն մեր հանդեպ է նման վերաբերմունք ցուցաբերվում, այլեւ մյուս բոլոր ոչ իշխանահաճո ԶԼՄ-ների։