Այն ժամանակ հայրենիքի նկատմամբ ունեցած պաշտամունքով ազգը կարողացավ կանգնեցնել Տեր-Պետրոսյանին, ինչը հիմա չի ստացվում
«Հրապարակը» զրուցել է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
- Ինչպես կգնահատեք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցը։ Այն հասարակության շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել և երեկվանից ամբողջ համացանցը քննադատում է այդ հարցազրույցը։
- Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում ես որևէ նոր բան չտեսա։ Այսինքն, ինքը ասում էր այն, ինչ ասում էր 90-ականներից։ Ուղղակի մի բան կարելի է փաստել հետայսու ու համոզվել վերջնական, որ երկու անձերը՝ առաջին նախագահը և ներկայիս վարչապետը ուղղակի ղեկավարվում են նույն կենտրոնից, և այդ գործընթացը, փաստորեն, կանգ չի առել։ Եվ 90-ականներին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս պնդում էր, որ պիտի «տանք», բայց նաև ինչ պիտի լինենք, չէր ասում դրա մասին, որովհետև նաև շատ այսպես ինքնավստահ ու հպարտ, իրեն բնորոշ քմծիծաղովասում էր, որ որևէ մեկը չի կարող այդ պարագայում երաշխիք տալ։ Այսինքն՝ տալ-չտալ, նույն արդյունքը պիտի ակնկալեինք, ըստ իրեն։ Եվ ուղղակի այն ժամանակ, մենք իրոք ունեինք նվիրյալներ, որոնք կանգնեցին ու ապացուցեցին այդ անձին, որ մեր միասնության, մեր կամքի շնորհիվ հնարավոր է հակառակվել աշխարհին, և կանգնել թշնամու առջև ու ցույց տալ, որ դու ես հայրենիքի տերը։ Հիմա, մի բան կար կարևոր, որ ինքը ևս փաստեց. որևէ մեկը տեղյակ չի, չունի տեղեկություն, թե ինչի շուրջ է բանակցում ներկայիս վարչապետը և ինչ է դրված բանակցային սեղանին։ Բայց շարունակեց պնդել, որ միևնույն է` պետք է գնալ ծանր զիջումների, այլ տարբերակ չկա։ Գոնե մենք՝ Արցախում պարզ տեսանք, որ զիջումների արդյունքում որևէ բան չփոխվեց, համենայնդեպս դեպի լավը, ինչպես իրենք էին ակնկալում, այլ՝ շատ ավելի ծանրացավ, որովհետև հերթը հասավ Հայաստանի սուվերեն տարածքներին։ Եվ այսօր ես այլևս չեմ էլ տարբերում այդ առումով՝ Արցախ-Հայաստան։ Այսինքն, լուրջ վտանգի առաջ է կանգնած Սյունիքը։ Ակնհայտ է, որ թշնամին շարունակում է զավթողական գոծողությունները։ Եվ ինքը, ինչպես որ հայտարարել էր դեռևս արցախյան երրորդ պատերազմից հետո, որ եթե չկատարվեն իր պահանջները, ապա կանի այնպես, ինչպես արեց Արցախում, դա անում է։ Եվ դրա ականատեսը մենք եղանք սեպտեմբերի 13-ին։ Մարդիկ, ովքեր ունեին կասկածներ առ այսօր՝ ով է Նիկոլ Փաշինյանը, և ինչ ծրագիր է իրականացնում, կարծում եմ, որ երեկվա հարցազրույցից հետո որևէ հարց չպիտի մնար` Փաշինյանը 30 տարի այն փնտրված անձն էր, որի միջոցով մեզ բերեցին այս վիճակին, որովհետև ժամանակին ուղղակի հայրենանվեր մարդիկ թույլ չտվեցին Լևոն Տեր-Պետրոսյանին անել այն, ինչը 30 տարի հետո ստացվեց Ն․ Փաշինյանի մոտ։ Փաշինյանի դեպքում ազգը կանգնեց իր մեջքին, փաստորեն, այդպես է ստացվում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ազգը երես թեքեց, հրաժարվեց, և ուղղակի դրանով իսկ իր միասնությամբ, իր հայրենիքի նկատմամբ ունեցած պաշտամունքով նաև կարողացավ կանգնեցնել Տեր-Պետրոսյանին, ինչը, որ հիմա չի ստացվում։
-Հաղթանակած նախագահը պարտվողական, անորոշ խոսքեր էր ասում, կանխատեսում էր պետականության կորուստ։
- Մի բան կարող եմ ասել, ես որպես քաղաքացի` դեռևս այդ պատերազմի ժամանակները շատ լավ հիշող, այնպես չի, որ ինքը կրողն էր այդ դափնեպսակը` հաղթանակածի, որովհետև շատ վիճահարույց հարցեր կան, որոնց պատասխանները թեկուզ 30 տարի անցել է, բայց էլի հստակ չեն։ Այսինքն, կան աղբյուրներ, կան հերոսներ, որոնք պնդում են, որ, օրինակ, ինքը դեմ է եղել պատերազմի այդ հաղթարշավին, ընդհուպ մինչև Շուշիի գրավմանը մեր կողմից։ Ամեն դեպքում ականատեսները փաստում են, որ շատ դեպքերում փորձել են խոչընդոտել՝ ներկայացնելով, որ մենք կպարտվենք, մենք չենք կարող, այսինքն, այն նույն խոսույթը, ինչը որ հիմա կա, կա նաև իր կողմից, և Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ուղղակի այն ժամանակ ոգին այլ է եղել, մարդիկ այսքան ճնշված չեն եղել, այսքան երկար ժամանակ Նիկոլ Փաշինյան ազդեցության տակ չեն եղել։ Այլ կերպ են մտածել այն ժամանակվա հերոսները և ժողովուրդը։ Եվ գնացել են այդ քայլին, գնացել ու հաղթել են։
- Սակայն հարցեր կան նաեւ երկրորդ և երրորդ նախագահներին ուղղված` ինչու՞ չփորձեցին էլ ավելի հզորացնել հայկական բանակն ու ամուր պահել հայոց պետականությունը։
- Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որովհետև, գոնե այն մարդիկ, ովքեր, որ քիչ, թե շատ հետաքրքրված են եղել հայրենիքի ճակատագրով, և ակտիվ քաղաքացիներ են եղել, տեսել են այդ ընթացքը։ Նախ, սպասենք, հուսով եմ, որ ավելի առարկայական կխոսեն և Ռոբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը։ Ամեն դեպքում կասեն բաներ, որոնք մեզ համար նորություն կլինի։ Ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը չուզեց անել այն, ինչ որ պիտի աներ, այլ՝ ինքը չկարողացավ անել այն, ինչ պիտի աներ։ Որովհետև ժամանակին իմ սերնդակիցները շատ լավ են հիշում, թե ինչպես 1998 թվականին կանխվեց դա և ում միջոցով, ինչ ակտիվություն ցուցաբերեց սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Արագ կարգավորումներ արեցին, ինչի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը դարձավ երկրի ղեկավարը։ Եվ ես կարծում եմ, որ որևէ մեկի համար գաղտնիք չի և բոլորն էլ ունեն հնարավորություն տեսնելու այն երևացող մասը` բանակցային գործընթացների, որտեղ շատ հաստատակամ, շատ վստահ բոլոր միջազգային հարթակներում ներկայացնում էր և Հայաստանը, և Արցախը։ Եվ միշտ ներկայացնում էր հաղթողի դիրքից։ Նույն գործընթացը շարունակեց Սերժ սարգսյանը։ Եվ ես հիշում եմ հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ արդեն պիտի ղեկը հանձներ պարոն Քոչարյանը Սերժ Սարգսյանին, այսպիսի մի արտահայտություն արեց, որ բանակցային գործընթացն իրենց քմահաճույքը չի, և դա իրենց որոշումը չի։ Այսինքն՝ անձի, առաջին դեմքի, քաղաքական ուժի որոշումը չի, այդ ուղղությունը մի մարդու ձեռքին չի և ինքը ունի իր տրամաբանական շարունակությունը և Սերժ Սարգսյանը շարունակելու է հենց այդ տրամաբանությամբ։ Այսինքն, երկրորդ և երրորդ նախագահների ժամանակ անձերով չէր որոշվում այն, դա ընդհանուր աշխատանքն էր, որին ակտիվ մասնակցություն ուներ նաև Արցախը։ Ինչ վերաբերում է զարգացմանը, պիտի չուրանալ և հիշել, որ պատերազմից հետո ինչ վիճակում էինք դեռ երկար տարիներ և ինչպես էր շարունակում քանդվել Հայաստանը, և 2-րդ նախագահի օրոք հատկապես շատ լավ հիշեն՝ բժիշկներն ու ուսուցիչները, երբ մոտ երկու տարի համարյա աշխատավարձ չէին ստացել, կամ մի քանի ամիսը մեկ՝ մեկ ամսվա աշխատավարձ էին ստանում։ Երբ եկավ Ռոբերտ Քոչարյանը, շատ ակտիվ էր Վազգեն Սարգսյանը, իրենց խոստումները էկրաններից, որ հեքիաթ էր թվում մարդկանց, շատ արագ իրականություն դարձավ։ Այսինքն, տնտեսական վիճակը սկսեց զարգանալ, մարդիկ սկսեցին ապրել։
- Բայց այստեղ մեկ այլ հարց են առաջ քաշում` եթե նրանք տեղյակ են եղել այս ծրագրի մասին, ինչու Սերժ Սարգսյանն այդքան հեշտությամբ փոխանցեց աթոռը։
- Ես չեմ կարող իր փոխարեն ասել, որովհետև պիտի նաև գա մի օր, որ Սերժ Սարգսյանը պիտի խոսի բացահայտ այս մասին։ Իհարկե, բոլորիս մոտ կան այդ կասկածները՝ ինչո՞ւ։ Ես միայն մի բան կարող եմ ասել, ինչքանով որ ես փորձել եմ իմ հարցերին պատասխան տան, իհարկե ոչ 3-րդ նախագահը, ամեն դեպքում դա մեկնաբանվել է, որ վտանգ կար քաղաքացիական պատերազմի այդ ժամանակ` 2018 թվականին, և կունենայինք բազմաթիվ զոհեր նաև, որը կարվեր հենց ներկայիս իշխանության կողմի։
- Բայց այսօր ունենք ոչ միայն Արցախի կորուստ ու զոհեր, այլև՝ Հայաստանում զոհեր ու վիրավորներ, անորոշ իրավիճակ։
- Որպես քաղաքացի, իհարկե, ես էլ եմ այդպես մտածում։ Ու ցանկացածս է այդպես մտածում, որ եթե նույնիսկ 100 կամ հարյուրավոր զոհեր էինք ունենալու, չպիտի այս իրավիճակին հասնեինք։
- Ունեցել էինք նաև մարտի 1, դա որևէ կապ ունե՞ր այս ծրագրի հետ։
- Այո, ունեցանք մարտի 1, որով կանխվեց այս գործընթացների սկիզբը։ Ինչին չգնաց Սերժ Սարգսյանը։ Այո, իշխանության հանձնում տեղի ունեցավ հենց Սերժ Սարգսյանի օրոք, հենց Սերժ Սարգսյանից Նիկոլ Փաշինյան։ Ամեն դեպքում ինքը պարտավոր է տալ այդ հարցերի պատասխանները, բոլորս ենք դրան սպասում։ Շատ դեպքերում չենք հասկանում իր ներկայիս խոսքը, որովհետև չունենք այն հարցերի պատասխանները։
Կարծիքներ