Վերջին ձեռքբերումը

Վերջին ձեռքբերումը

Շատերը, փորձելով զուգահեռներ տանել այսօրվա եւ երեկվա միջեւ, արձանագրում են, թե ինչքան անհոգ ու խաղաղ էր մեր կյանքը, եւ ինչքան ծիծաղելի են թվում այսօր մեր նախկին դժգոհությունները։ Բայց կան բաներ, որոնք մարդիկ չեն մոռացել եւ չեն ներել՝ դա է պատճառը, որ նախկինին վերադարձ չեն ուզում։ Չեն ուզում, որ վերադառնան հղփացած Սաշիկ-Վաչիկները, ցոփ ու շվայտ կյանքով ապրող օլիգարխները, անձի պաշտամունքը, ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքը, կրիմինալ տարրի անպատժելիությունը։ Բայց երբ ուշադիր հետեւում ես Հայաստանում կատարվող իրադարձություններին, տեսնում ես, որ այդ մղձավանջային հիշողությունների մի մասն արդեն վերադարձել է՝ «մեր վրա խաբար չկա»։

Ճիշտ է՝ հղփացածների անունը Սաշիկ ու Վաչիկ չէ, այլ, ասենք, Հայկ ու Արայիկ, բայց անունների փոփոխությունից իրավիճակը չի փոխվում։ Ինչպես ակնհայտ է, որ մաքուր ընտրությունների միֆն էլ կամաց հօդս է ցնդում, եւ ամեն հաջորդ ընտրություն ավելի ու ավելի խայտառակ մեթոդներով ու ճնշումներով է իրականացվում։ Իշխանությունը փորձում է ամեն գնով վերարտադրվել։

Մարդկանց փորձում են հետ պահել առաջադրվելուց, կոմպրոմատներ են դնում գործող համայնքապետերի առաջ, որ վախեցնեն։ Իսկ ում էլ չեն կարողանում վախեցնել, ուղղակի բռնում, պատանդ են պահում բանտում, ինչպես արել են Բերդի եւ Վանաձորի ընտրված համայնքապետերի հետ։ Ավագանու ցուցակները ներկայացվելու պահից ի վեր սկսվում է ավագանու անդամության թեկնածուների որսը՝ գյուղացիների վրա այնպիսի ճնշումներ են գործադրում, որ գնան՝ դիմում տան, հրաժարվեն առաջադրումից։ Կեղծ թեկնածուներ են մտցնում խաղի մեջ։ Ձեւերը շատ են, եւ այս նորելուկ իշխանությունը, որը հպարտանում էր, թե մաքուր ընտրություններ է բերել Հայաստանին, ոչնչացնում է նաեւ այս ձեռքբերումը։