Սուտ մատնության հոդվածի փոփոխության շահառուն պաշտոնական անձինք են

Սուտ մատնության հոդվածի փոփոխության շահառուն պաշտոնական անձինք են

ԶԼՄ-ների համար նոր զսպաշապիկ են «կարում» Քրեական օրենսգրքի «Սուտ մատնություն» հոդվածի տեսքով։ Սա գործող օրենսգրքի 333-րդ հոդվածն է, որով այն նկարագրվում է որպես հանցագործության մասին սուտ հաղորդում, «եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է»։  Գործող օրենսգիրքը, ըստ արարքի ծանրության, սուտ մատնության համար տարբեր պատժաչափեր է սահմանում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանքից մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում։ Քրեական օրենսգրքի արդարադատության նախարարության առաջարկած նախագծում սուտ մատնության մասին հոդվածը 450-րդն է։ Այն ունի ոչ թե 2, այլ 3 մաս եւ ավելի խիստ պատիժ է ենթադրում մատնության այն դեպքերի համար, որոնք անզգուշությամբ հանգեցրել են ինքնասպանության, հոգեկան խանգարման կամ «անձի կալանավորման, դատապարտման կամ հոգեբուժական կազմակերպությունում տեղավորման»՝  ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով:

Բայց հիմնական փոփոխությունը հոդվածի դիսպոզիցիան է, որի կապակցությամբ փաստաբաններն ու իրավապաշտպաններն արդեն տագնապում են։ Սուտ մատնությունը նոր խմբագրմամբ սահմանվում է որպես «իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվություն հրապարակելը»։
Մասնագետներն այստեղ հակասություն են տեսնում խոսքի ազատության հիմնարար իրավունքի եւ մամուլի ազատության իրավունքի հետ։ Փաստաբանների պալատում ստեղծվել է խումբ, որը նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ առարկություններ է ներկայացրել։ Նախագիծն անընդունելի է լրագրողական հանրույթի համար։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը սա դիտարկում է որպես միջամտություն օրենքով նախատեսված խոսքի եւ մամուլի ազատության իրավունքին։ «Օրինակ՝ բանակում զոհված զինծառայողի կինն այսօր կառավարության առաջ ակցիայի ժամանակ լրագրողներին հայտարարեց, որ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հանցագործ է եւ կոծկում է բանակում սպանվածների գործերը։ Եթե այդ նորմն ընդունվի ու կիրառվի տարբեր մարդկանց հրապարակային արված հայտարարությունների պարագայում, ապա նման միջամտությունը չի համարվի անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում եւ կխախտի կոնկրետ անձի արտահայտվելու ազատության իրավունքը»,- համոզված է նա։ Իսկ ի՞նչ նպատակով է դա արվում։ «Կարող ենք ենթադրել, որ նպատակը հնարավոր քրեական հետապնդման հեռանկարով մարդկանց սաստելն է։ Եվ դրա շահառուն պաշտոնատար անձինք են։ Թիրախը նաեւ մամուլն է։ Մամուլի ազատությունը սահմանափակելուն է նաեւ ուղղված»,- պատասխանում է Մուշեղ Շուշանյանը։  

Եթե անգամ հավատանք, որ լրագրող, թերթի տեր վարչապետի ղեկավարած կառավարության թիրախում իր նախկին գործընկերները չեն, որ նա չի պատրաստվում բանտերը լրագրողներով լցնել, այս փոփոխությունն ընդունելու դեպքում մամուլը, միեւնույն է, էապես կտուժի։ Վախը սեփական անվտանգության համար կստիպի աղբյուրներին խզել կապերը լրագրողների հետ, իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց անունից սուր քննադատություն էին հնչեցնում ԶԼՄ-ների միջոցով, կդադարեն դա անել՝ «շառից-փորձանքից հեռու» սկզբունքով։
«Օրինագիծը վտանգավոր է ձեզ համար։ Լրագրողները միշտ այն շեմին են կանգնած, որ կարող է ինչ-որ բան սխալ լինի»,- ասում է իրավագետ Արա Ղազարյանը։ Բայց կարեւոր է, որ սուտ մատնության որակում տալու համար իրավասու մարմինները պարտավոր են ապացուցել, որ լրագրողը գիտակցել է, որ իր կողմից տված տեղեկությունը սուտ է։ Սա հեշտ չէ անելը։ «Սակայն քրեական գործի հարուցումն ինքնին ճնշում է»,- ասում է նա։

Արա Ղազարյանը կարծում է, որ նորամուծությունն այս ավելի շատ ուղղված է իրավապաշտպանների դեմ, ոչ թե լրագրողների։ «Թեկուզ մեկ լրագրողի քրեական պատասխանատվության ենթարկելը միանգամից երկրի հեղինակության վրա կազդի։ Կարծում եմ, դա ավելի շատ իրավապաշտպանների դեմ կկիրառեն։ Մանավանդ, որ լրագրողների դեպքում չափորոշիչներ կան՝ հանրային հնչեղության, օպերատիվության, ակտուալության, ինֆորմացիան չուշացնելու անհրաժեշտությունը․ այս ամբողջը դատարանում հաշվի է առնվում։ Եթե, ի հեճուկս այս ամենի, հարուցվի քրեական գործ, մեծ աղմուկ  է լինելու։ Ես չեմ կարծում, որ կիրառեն այս դրույթները։ Եթե կիրառեն էլ, մեկ-երկու գործ կհարուցեն ու կդադարեն, ուրիշ ելք չունեն, որովհետեւ լրագրողի հատուկ պաշտպանությունն ավելի բարձր է, քան փաստաբանինը, քան իրավապաշտպանինը։ Միայն լրագրողն ունի այդ պլատֆորմն ու հանրային առաքելությունը»,- այսպես է  բնորոշում նոր նախագիծը իրավագետ Արա Ղազարյանը։ Նա գտնում է, որ աղբյուրների վրա այս փոփոխությունը չի ազդի։ «Աղբյուրները պաշտպանված են ՍԴ որոշմամբ հենց ձեր ու «Հրապարակի» գործով»։