ԲՀԿ-ն վերջին փորձն է արել

ԲՀԿ-ն վերջին փորձն է արել

Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման խմբի աշխատանքները շարունակում են իրականացնել միայն իմքայլականները։ Հիշեցնենք, որ աշխատանքային խմբում 11 պատգամավոր է ընդգրկված, 7-ը՝ «Իմ քայլը» խմբակցությունից, 2-ը՝ ԲՀԿ-ից, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան»-ից։ Վերջիններս մի քանի օր առաջ հայտարարեցին խումբը լքելու մասին՝ պատճառաբանելով, թե իշխանական գործընկերներն ԱԺ վերջին նիստերին «անհանդուրժողականություն են ցուցաբերել բազմակարծության նկատմամբ»։ Իսկ ԲՀԿ-ն հունվարի վերջին էր քննարկման կեսից լքել՝ հայտարարելով, որ անժամկետ դադարեցնում է իր մասնակցությունը, քանի որ իմքայլականները մերժել են իրենց առաջարկն ու հնարավորություն չեն տվել իրենց դիմած ՀԿ-ներին, որոնք չէին հասցրել ժամկետում դիմել, մասնակցել այդ աշխատանքներին։ Ներկայացված ՀԿ-ները Սորոսի հիմնադրամի կցորդներն են․ մեր զրույցում ասել էր ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը։ Մեր տեղեկություններով՝ խմբակցությունում օրերս քննարկվել է խմբի մասնակցել-չմասնակցելու հարցը, եւ որոշել են պաշտոնական գրություն ուղարկել իշխանական գործընկերներին՝ ի վերջո, ընդունելի՞ է դուրս մնացած ՀԿ-ներին խմբում ընդգրկելու իրենց առաջարկը, թե՞ ոչ, եթե ոչ, ապա իրենք հրաժարվում են մասնակցել աշխատանքային քննարկումներին։