Արցախում նախագահական ու ԱԺ ընտրությունները չեն հետաձգվի

Արցախում նախագահական ու ԱԺ ընտրությունները չեն հետաձգվի

Արցախի նախագահի թեկնածուներից Վահան Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր չեղարկել մարտի 31-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները։ Նման առաջարկ արել են նաեւ տարբեր քաղաքական ուժեր՝ Արցախից ու Հայաստանից։
Մեզ հետ զրույցում Վահան Բադասյանն ասաց․ «Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ Արցախում, եթե նույնիսկ դեպք չի գրանցվել, ամեն դեպքում վտանգվելու է օտարերկրյա դիտորդների գալը, նաեւ՝ Հայաստանի դիտորդների։ Իսկ չժամանումն էլ հղի է խախտումներով եւ կեղծիքներով»։

Դիտարկմանը, թե այս ընթացքում թեկնածուներն ու քաղաքական կուսակցությունները քիչ գումար չեն ծախսել նախընտրական քարոզարշավի վրա,  միգուցե դա՞ է պատճառը, որ թեկնածուներից ոչ ոք առայսօր չի արձագանքել իր առաջարկին, թեկնածուն ասաց․ «Մեզ համար ամենակարեւորը մարդն է, մարդու առողջությունը եւ հնարավոր համաճարակի կանխումը»։ Բադասյանը հավելում է՝ Հայաստանում արտակարգ դրություն է, եւ չի կարելի տարբերություն դնել Հայաստանի ու Արցախի միջեւ։ «Մի տարածք է, ելումուտ կա, մեքենաներն ամբողջ օրը գնում-գալիս են, եթե այնտեղ արտակարգ դրություն է, եւ այնտեղ էլ համապետական միջոցառումը հետաձգվել է, այստեղ էլ պետք է լինեն։ Մենք մի տարածքի մեջ ենք, եւ մեզ ընդամենը մնում է արձանագրել մեր այդ միասնությունը»։

Նշենք, որ Արցախի նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկը չի արձագանքել Բադասյանի առաջարկին։ Միակ բացառությունը Վիտալի Բալասանյանն է, որը պահանջում է արտակարգ դրության հաստատում, ինչը, ըստ էության, նույն բանն է, որովհետեւ արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չեն անցկացվում։

Մենք զանգահարեցինք նախագահի մի քանի թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի գրասենյակ, Հայկ Խանումյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին՝ առաջարկը պաշտպանել-չպաշտպանելու մասով պարզաբանումներ ստանալու համար, սակայն թեկնածուներից որեւէ մեկը չպատասխանց հեռախոսին, բացառությամբ Դավիթ Բաբայանի, որն ասաց, որ, իհարկե, առաջնային է մարդկանց առողջությունը, բայց ինքն ավելի քան համոզված է, որ նման որոշման կայացման համար «սա չպետք է լինի քաղաքական, այլ պետք է նման հայտարարությամբ հանդես գա առողջապահության նախարարությունը»։ Դիտարկումը, որ ինքը նաեւ Բակո Սահակյանի խոսնակն է, եւ, հետեւաբար, Արցախի նախագահը կարող է նման որոշում ընդունել, նյարդայնացրեց Դավիթ Բաբայանին։ Նա առաջարկեց  իրեն չդիմել որպես խոսնակի, քանի որ այդ պարտականությունները հիմա դրված են Տիգրան Աբրահամյանի վրա։ 

Զանգահարեցինք նաեւ Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանին։ Կա՞ արդյոք քննարկում, եւ հնարավո՞ր է արդյոք, որ ընտրությունները հետաձգվեն։ Նա ասաց՝ ոչ, չկա նման բան, եւ ընտրության հետաձգման մասին հիմա չի կարող խոսք լինել։

Շատ թեկնածուներ այս օրերին հայտարարել են, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ դահլիճային հանդիպումներ չեն ունենալու։ Վահան Բադասյանն ասում է․ ի՞նչ տարբերություն՝ փողոցայի՞ն հանդիպումներ են անցկացվում, թե՞ դահլիճային։ Իհարկե՝ նաեւ առցանց են կազմակերպում ընտրողների իրազեկումը։ «Լսել եմ, անում են, ես կոնկրետ չեմ հետեւում»,- ասաց։ Իսկ Վիտալի Բալասանյանն ամեն օր իր էջում պատասխանում է քաղաքացիների հարցերին, որոնք նրան են ուղղում թեժ գծի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։ Նա տեսաձայնագրությամբ պատասխանում է ընտրողների հարցերին։

Ի դեպ, Բադասյանը պնդում էր, որ արցախցիների մոտ որոշակի հիասթափություն կա։ «Մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել, թե որ թեկնածուն ինչ է ուզում։ Ես, օրինակ, երբ հայտարարում եմ, որ  եղել եմ միակ ընդդիմությունը, եւ դա գիտի ամբողջ հայ ժողովուրդը, հիմա ես ասում եմ՝ էս երկիրը թալանում են էսինչը, էսինչը։ Հիմա էդ նույն թալանողը գնում, ինքն էլ է ասում՝ էս երկիրը թալանում է էսինչը, էսինչը։ Բոլորն էլ նույն բանն ասում են։ Բոլորն ընդդիմություն են, մնում է ես հայտարարեմ, որ իշխանություն եմ»։