Սահմանադրության օրը

Սահմանադրության օրը

Եթե Սահմանադրությունը լեզու ունենար, ապա հաստատ կբողոքեր տեքստ գրողների, խմբագրողների, այն ընդունողների դեմ: Ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր Սահմանադրության առկայությամբ չվերածվեցին քաղաքացիների: Որովհետեւ ինչի՞ նման է՝ ինքն առկա է, սակայն բացակայում են նրանք, ովքեր պետք է ձեւավորվեին իր շնորհիվ: Ի վերջո, ո՞ւմ է պետք այն կովը, որ կաթ չի տալիս: Ոչ մի նորմալ մարդ չի պահի, չէ՞, նման կաթնասուն կենդանի: Ստացվում է, որ մեզանում Սահմանադրություն կա, բայց այն ինքն իր մեջ է: Եվ երկրի իշխանությունն էլ տարին մեկ ձեւականորեն նշում է Սահմանադրության ընդունման օրը՝ որպես տոնական: Սակայն ոչինչ չի արվում, որպեսզի այն իսկականից միս ու արյուն ստանա: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն գործող իշխանությանը, այլեւ բոլոր նախկիններին՝ սկսած Հայաստանում առաջին անգամ Սահմանադրություն ընդունողներից: 

Սահմանադրության «բողոքն» ավելի ադեկվատորեն ընկալելու նպատակով փորձենք հետեւել դրա ընդունման գործընթացին: Երբ նոր էր ձեւավորվում մեր անկախ պետականությունը, դրա «հիմնադիրը» սկզբում հայտարարում էր, թե պետությունը կարող է յոլա գնալ առանց Սահմանադրության («հիմնադիր»-ը՝ չակերտավոր, քանի որ նոր ժամանակների հայոց պետականությունն ունի ընդամենը մեկ հիմնադիր՝ դա դաշնակցական Արամ Մանուկյանն է): Որպես ասվածի հիմնավորում՝ հասարակությանը մատուցվում էր Մեծ Բրիտանիայի ու փոքրիկ Իսրայելի օրինակը: Հետո որոշում կայացվեց, որ մեր պայմաններում լավագույն տարբերակը նախագահական կառավարումն է: Ինչին, ի դեպ, այսօր էլ եմ համաձայն: Նախադեպի փնտրտուքը, կարծում եմ, երկար չէր տեւել՝ հաշվի առնելով երկրի ղեկավարության որդեգրած «հայ- ֆրանսիական բարեկամությունը»: Հայաստանյան առաջին Սահմանադրությունը մշակվեց ֆրանսիական հենքի վրա: Ինչն իշխանության հակառակորդների կողմից ներկայացվեց որպես վերը նշված «հիմնադրի» «հագով կարված»:  

Դա բերեց նրան, որ ընդդիմությունը բոյկոտեց Սահմանադրության ընդունումը: Բայց մեր պետականության եւ, համատեղության կարգով, ժողովրդավարության կղզյակի «հիմնադիրն» ուժայինների աջակցությամբ հեշտությամբ հաղթահարեց այդ խնդիրը: Իսկ թաքնագիտության կանոնների համաձայն՝ այն, ինչի սկիզբը դրվում է ապօրինությամբ, նորմալ առաջընթաց ունենալ չի կարող: Եվ հայաստանյան Սահմանադրությունը ստիպված եղավ տասնամյակը մեկ փոփոխվել, որպեսզի հարմարվի տվյալ պահին գործող իշխանության գլխավոր «նայողի» քիմքին: «Նայողի» առումով չեմ չափազանցնում՝ երկրի ներքին կյանքը կառուցված էր հենց «զոն նայողի» մտայնությամբ: Հիշենք նախկինների «բեսպրեդելը», որ վերածվեց գործողների «բեսպրեդելի»: Հիշենք նախկինների օրոք ուսման նկատմամբ արհամարհանքը, ինչը հասցրեց այսօրվա վիճակին:

Ամենալուրջ փոփոխությունը ՀՀ երրորդ նախագահի կատարածն էր, երբ որոշեց, որ պետք է հնարավորինս երկար կառավարի: Եվ մեզ «պարգեւեց» խորհրդարանական կառավարում՝ այն դեպքում, երբ դրա հիմքը կազմող կուսակցական կյանքը դեռեւս սաղմնավորման փուլում է: Ինչի վկայությունը մեկ անձի կողմից կուսակցություն հիմնադրելու պրակտիկայի դեռեւս չհաղթահարված վիճակն է: Ինչի արդյունքում ստացվել է 100-ից ավելի կուսակցության առկայություն: Ինչ վերաբերում է գործող իշխանությանը, ապա ժողովրդավարության անվան ներքո այն բոլոր հնարավոր ձեւերով խախտում է դրա գլխավոր սկզբունքները, որ ամրագրված են Սահմանադրությունում: Իսկ նման պարագայում, եթե վերջինս կենդանի օրգանիզմի վերածվեր, հաստատ լաց կլիներ: Ինչեւէ, հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է, եւ ընդունված է այն շնորհավորել: Մաղթում եմ, որ այն վերածվի իսկական տոնի: